Հանրային խորհուրդն հոկտեմբերի 4-ին փակ նիստ է անցկացրել։ Նիստին ի սկզբանե հրավիրված են եղել շահագրգիռ բոլոր կողմերը՝ ՀՀ կառավարություն, «Լիդիան Արմենիա» ընկերություն, ոլորտային մասնագետներ, ինչպես նաև հանքի շահագործման դեմ հանդես եկող ակտիվիստներ։ Վերջիններս, սակայն, հրաժարվել են մասնակցել հանդիպմանը՝ պատճառաբանելով, որ սկզբունքորեն դեմ են «Լիդիան Արմենիա»-ի հետ մասնակցելու որևէ քննարկման։
Ավելի ուշ նիստին մասնակցելուց հրաժարվել է նաև «Լիդիան Արմենիա» ընկերությունը՝ հայտնելով հետևյալը․ «Այս շաբաթ «Լիդիան»-ի տնօրենները որոշում են կայացրել, որ Ընկերությունը հետայսու չի մասնակցելու որևէ քննարկման, հետազոտության կամ ծրագրի հետ կապված որևէ այլ գործընթացների, քանի դեռ մեկ տարուց ավելի տևած ապօրինությունը չի վերացվել և Ամուլսարի ճանապարհները չեն ապաշրջափակվել»։
Այնուամենայնիվ, ընկերությունը պատրաստակամություն է հայտնել Հանրային խորհրդի հետ առանձին հանդիպման շրջանակներում խորհրդի անդամներին ներկայացնել ընկերության տեսակետներն ու դիրքորոշումը։
Այսօրվա նիստին ներկա են գտնվել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը, նախարարության համապատասխան այլ պաշտոնյաներ, ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչը, մի խումբ բնապահպաններ, երկրաբաններ, ջրային ռեսուրսների, առողջապահության և հարակից այլ ոլորտների մասնագետներ։
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, շնորհակալություն հայտնելով ներկաներին նիստին մասնակցելու համար, նշել է, որ խորհուրդն այսօր որևէ դիրքորոշում չի հայտնելու, և նիստի նպատակը բոլոր կողմերի տեսակետները լսելն է, որը հիմք կհանդիսանա հետագա քննարկումների և դիրքորոշման համար։
Ամուլսարի հանքի շահագործման դեմ հանդես եկող այն բնապահպաններն ու ոլորտի նեղ մասնագետները, որոնք ներկա են գտնվել նիստին, ներկայացրել են իրենց դիրքորոշումը, բերել փաստարկներ հանքի շահագործման ռիսկերի, հնարավոր հետևանքների, հայաստանյան օրենսդրության և միջազգային պարտավորությունների հետ կապված հակասությունների վերաբերյալ։ Հանքի շահագործման կողմնակից մասնագետները ներկայացրել են իրենց մոտեցումներն ու հակափաստարկները։ Կառավարության ներկայացուցիչներն անդրադարձել են երկու կողմերի հնչեցրած տեսակետներին, ներկայացրել կառավարության մոտեցումները։
Ամփոփելով նիստի արդյունքները՝ Հանրային խորհուրդը նպատակահարմար է գտել առանձին հանդիպելու «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչների հետ, որպեսզի խորհրդի անդամները հնարավորություն ունենան լսելու նրանց տեսակետը ևս։
Որոշվել է նաև Հանրային խորհրդում ստեղծել աշխատանքային խումբ, որտեղ ներգրավված կլինեն ոլորտի մասնագետներ, և խնդիրը համակողմանիորեն ուսումնասիրելուց, բոլոր կողմերի ներկայացրած փաստերն ու հետազոտությունների արդյունքները վերլուծելուց հետո միայն Ամուլսարի հանքավայրի շահագործման վերաբերյալ ձևավորել խորհրդի դիրքորոշումը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը