Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 2-ին, ընդունել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին միության՝ ՌԴ տարբեր շրջաններում գործող կառույցների ղեկավարները: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
Ողջունելով ռուսաստանցի մեր հայրենակիցներին՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, մասնավորապես, ասել է. «Կարեւոր չէ, թե որտեղ ես ծնվել կամ քանի տոկոս հայի արյուն ունես, եթե սիրում ես քո երկիրը: Որքան ավելի շատ սիրես պատմական հայրենիքդ, այնքան ավելի լավ քաղաքացի կլինես Ռուսաստանի Դաշնությունում»:
Նշելով, որ Հայաստանը եւ Ռուսաստանը բարեկամ ու դաշնակից երկրներ են, նախագահն ասել է. «Դուք Հայաստանի Հանրապետության ամենալավ դեսպաններն եք Ռուսաստանում՝ լինելով այդ երկրի քաղաքացիներ, քանի որ ներկայացնում եք մի ամբողջ ժողովուրդ եւ պետություն: Հայաստանի նախագահի աշխատակազմը պատրաստ է աջակցել ցանկացած դրական եւ լավ նախաձեռնության, որ պատրաստ կլինեք սկսել՝ մշակույթի, գիտության կամ բիզնեսի ոլորտում»:
Արմեն Սարգսյանը հյուրերին ներկայացրել է նախագահական հատուկ նախաձեռնությունները, այդ թվում՝ Հայաստանում գիտության եւ տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ATOM (Advanced Tomorrow) ծրագիրը, Մատենադարանը հին ձեռագրերի ուսումնասիրման եւ պահպանման միջազգային կենտրոն դարձնելու եւ «Հայրենիքի պաշտպան» նախաձեռնությունները, ինչպես նաեւ խոսել Գյումրու վերականգնմանն աջակցելու իր ծրագրերի մասին:
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Արմեն Սարգսյանին հանդիպման համար եւ ներկայացրել Հայաստանում եւ Արցախում Ռուսաստանի հայերի միության օրերի շրջանակներում անցկացվող բազմաբնույթ միջոցառումները:
Այնուհետեւ նախագահ Արմեն Սարգսյանը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը