06 09 2019

Ոստիկանները կրկին սահման մեկնեցին



Օրերս հերթական անգամ տեղի ունեցավ ոստիկանության զորքերի մարտական ծառայության հերթափոխը: Շարահրապարակում կանգնած ոստիկանները ժամեր անց կլինեն Տավուշում և կանցնեն մարտական հերթապահության: ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը ողջունեց սահմանապահ ոստիկաններին և մաղթեց բարի ծառայություն՝ հատուկ ընդգծելով, որ նրանք իրենց խիզախությամբ ու պատրաստակամությամբ լրացնում են համակարգի բացերը։ Ավանդույթի համաձայն` մեկնելուց առաջ ոստիկանները երդվեցին ու աղոթեցին: Օրհնության կարգին հաջորդեց շարային երթը։

Հաջորդ օրը դիրքերից վերադարձան ոստիկանության զորքերի մեկ այլ զորամասի ծառայողները: Վալերիյ Օսիպյանը նրանց շնորհակալություն հայտնեց առաքելությունը պատվով իրականացնելու համար՝ շեշտելով, որ նրանց նվիրումն ու սրտացավությունը վարակիչ է։ Առաջին անգամ դիրքեր մեկնած ծառայողները պարգևատրվեցին պատվոգրերով:

Հանդիսավոր արարողությունը եզրափակվեց քայլերթով։ Վերջում Վալերիյ Օսիպյանը զրուցեց ոստիկան-սահմանապահների ծնողների և հարազատների հետ՝ նրանց փոխանցելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհակալությունը՝ հայրենիքի նվիրյալ որդիներ դաստիարակելու համար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ