Հայաստանում օգոստոսի 24-ից մեկնարկել է լուսանկարչական միջազգային փառատոնը, որը ՀՀ-ում անցկացվում է առաջին անգամ:
Փառատոնի շրջանակներում անցկացվում են ցուցադրություններ մայրաքաղաք Երևանի տարբեր վայրերում: Ցուցադրություններից զատ օգոստոսի 27-ին վարպետության դաս անցկացրին և իրենց մասնագիտական հմտությունները փոխանցեցին վարպետաց դասի մասնակիցներին ճապոնացի հայտնի լուսանկարիչներ Նագասե Շոտային և Նաոյուկի Օգինոյին:
Շոտային նաև հայտնեց, որ իր լուսանկարներից մի քանիսը մնալու են Երևանում.
«Ինձ համար մեծ պատիվ է, որ իմ գործերը մնալու են Հայաստանում, Երևանում. քաղաք, որը 2800 տարուց ավելի է պահպանում և փոխանցում է իր մշակույթը: Եվ ուրախ եմ, որ իմ գործերը որոնք ունեն ճապոնական թղթի ուժը, կմնան և կփոխանցվեն հաջորդ սերունդներին», -նշեց լուսանկարիչը:
Իսկ Ցուցահանդեսի կազմակերպիչներից Տաթևիկ Մնացականյանը Yerevan.Today-ի հետ զրույցում նշեց, որ վարպետության դասերը ճապոնացի հայտնի լուսանկարիչների կողմից երիտասարդների համար բացառիկ հնարավորություն են լուսանկարչական գաղտնիքներին տիրապետելու համար:
Հիշեցնենք, որ լուսանկարչական միջազգային առաջին փառատոնը (Armenian International Photo Fest) շարունակվելու է մինչև սեպտեմբերի 28-ը:
Այս միջոցառմանը մասնակցում են նկարիչներ ամբողջ աշխարհից, և նրանք հնարավորություն ունեն ծանոթանալ Հայաստանի պատմությանն ու մշակույթին:
Ցուցահանդեսը հովանավորում են «Թովմասյան» հիմնադրամը և all.me թվային հարթակը:
Լուսանկարչական միջազգային փառատոնի մասնակիցների աշխատանքները կներկայացվեն Երևանի սրտում՝ 38 ցուցահանդեսային հարթակներում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը