02 08 2019

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է սփյուռքահայ երիտասարդների

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է սփյուռքահայ երիտասարդների

Օգոստոսի 2-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հյուրընկալվել են  սփյուռքի երիտասարդ առաջնորդների վերապատրաստման դասընթացի մասնակիցները՝ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի գլխավորությամբ:

Այս մասին  հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից։ Սփյուռքահայ երիտասարդներին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Խոսելով նմանօրինակ հանդիպումների անցկացման արդյունավետության մասին՝  նախարարն ընդգծել է դրանց կարեւորությունը Հայաստան-Սփյուռք կապերն ամրապնդելու և  սփյուռքի համայնքներում երիտասարդական ներուժն առավել համախմբելու համար՝ ի նպաստ ՀՀ պաշտպանական եւ անվտանգային խնդիրների լուծման:

Հանդիպման ընթացքում սփյուռքի երիտասարդ առաջնորդներին են ներկայացվել  ՀՀ պաշտպանական քաղաքականությունը, առկա անվտանգային միջավայրը, այդ շրջանակում ՀՀ կառավարության ծրագրի առաջնահերթությունները, ԼՂ հակամարտության ընթացիկ կարգավիճակը, ինչպես նաև միջազգային ռազմական համագործակցության հիմնական ուղղությունները:

Պաշտպանության նախարարը պատասխանել է սփյուռքահայ երիտասարդներին հետաքրքրող հարցերին, անդրադարձել ԶՈՒ-երում կատարվող բարեփոխումներին և սպառազինության ու զինտեխնիկայի արդիականացման ծրագրերին, որոնք թույլ են տալիս օրեցօր կատարելագործել հայկական զինուժի մարտական պատրաստության աստիճանը, որակական առավելությամբ ու խելացի քայլերով արձագանքել ցանկացած իրավիճակի եւ հասնել նոր հաջողությունների:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ