Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհի հարցն առաջին հերթին առնչվում է Ռուսաստանին և Վրաստանին, և այդ առումով բանակցությունները երկու կողմերի միջեւ շարունակվում են: Այս մասին, Վրաստանում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշել է արտգործ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Մենք շատ ուշադիր հետևում ենք այդ զարգացումներին, և դրա վերաբերյալ խոսում ենք դրա մասին մեր երկու գործընկերների` Ռուսաստանի և Վրաստանի հետ: Սակայն հիշենք, որ բանակցող կողմերը Ռուսաստանն ու Վրաստանն են: Մենք հույս ունենք, որ իրապես կլինի իրավիճակ, երբ հարցի հանգուցալուցումն ավելի տեսանելի, շոշափելի կդառնա»:
Հարցին, թե դա ինչ ժամկետների խնդիր է, մոտ ապագայում, թե՝ ոչ, նախարարն արձագանքեց. «Ես կարող եմ հույս հայտնել, որ դա կարող է լինել, որովհետեւ բանակցությունների նոր փուլ է մոտենում: Ինչպես դա կընթանա և ինչ առաջխաղացում կարող է լինել... իհարկե հարցին հետևելով՝ կարող եմ ուղղակի հույս հայտնել, որ կլինի նման իրավիճակ, բայց դրանից ավելի չեմ կարող ասել»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը