Իջևանցիները բացել են ճանապարհը․ նրանց պահանջը Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը խոստացել է կատարել։
Ցուցարարները տեղեկացրել են, որ մարզպետը խոստացել է 1 խմ փայտը տրամադրել 6 հազար դրամով, որից հետո բոլոր վերավաճառողները կկարողանան օրինական կարգով գնել անտառի փայտ:
Ավելի ուշ Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել էր.«Որևէ անօրինական պահանջ չի կատարվել: Մեր միակ պահանջն այն էր, որն իրականացրել ենք՝ դա համահարթեցված գնի սահմանումն է քամատապալ ծառերի համար, և ես ինքն էլ այսօր հայտարարեցի, որ վաղվանից սկսած Արծվաբերդի անտառտնտեսությունը պատրաստ է քամատապալ 1 խմ-ը 6000 դրամով տրամադրել մարդկանց: Ամեն ինչ կանենք, որպեսզի այդ ընթացակարգերը կրկին պարզեցնենք:
Վաղվանից կառաջարկենք մարզի տարբեր ծրագրերում առկա աշխատատեղերի վերաբերյալ համապատասխան հարցազրույցներ և պատրաստ ենք այդ աշխատատեղերի մասով պայմանագրեր կնքել այն մարդկանց հետ, որոնք անօրինական անտառհատման արգելանքի պատճառով այսօր աշխատանքային խնդիրներ ունեն, սակայն իրենք ևս պետք է պատրաստակամ լինեն»:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի երեկոյան բախումներ են տեղի ունեցել Իջևան քաղաքի ճանապարհը փակած ցուցարարների և ոստիկանների միջև: Ոստիկանները փորձել են պատ կազմել, ճանապարհից հեռացնել ցուցարարներին, ինչից հետո էլ սկսվել են բախումները։
Ցուցարարների հետ բանակցել են ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, ըստ որոշ տեղեկությունների՝ Իջեւան են մեկնել նաեւ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը