18 07 2019

Որևէ անօրինական պահանջ չի կատարվելի. Հայկ Չոբանյան

Որևէ անօրինական պահանջ չի կատարվելի. Հայկ Չոբանյան

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է  Իջևանում տեղի ունեցած դեպքերին: Չոբանյանը  հայտարարել է, որ իրենց հաջողվել է առանց լուրջ դժվարությունների որևէ զիջում չանել անօրինականությանը՝ նշելով, որ  մարդիկ երկար տարիներ անօրինական ճանապարհով փայտահատումներ են իրականացրել:

Մարզպետը մասնավորապես ասել է. 

«Նրանց մոտ ստեղծվել էր կարծիք, որ այսօր էլ, թողտվության պայմաններում, կարող են շարունակել իրենց անօրինական բիզնեսը: Մեր մոտեցումը միանշական էր և անդրդվելի` անօրինական որևէ արարք Հայաստանի Հանրապետությունը չի կարող թույլ տալ: 

Որևէ անօրինական պահանջ չի կատարվել: Մեր միակ պահանջն այն էր, որն իրականացրել ենք՝ դա համահարթեցված գնի սահմանումն է քամատապալ ծառերի համար, և ես ինքն էլ այսօր հայտարարեցի, որ վաղվանից սկսած Արծվաբերդի անտառտնտեսությունը պատրաստ է քամատապալ 1 խմ-ը 6000 դրամով տրամադրել մարդկանց: Ամեն ինչ կանենք, որպեսզի այդ ընթացակարգերը կրկին պարզեցնենք:

Վաղվանից կառաջարկենք մարզի տարբեր ծրագրերում առկա աշխատատեղերի վերաբերյալ համապատասխան հարցազրույցներ և պատրաստ ենք այդ աշխատատեղերի մասով պայմանագրեր կնքել այն մարդկանց հետ, որոնք անօրինական անտառհատման արգելանքի պատճառով այսօր աշխատանքային խնդիրներ ունեն, սակայն իրենք ևս պետք է պատրաստակամ լինեն»,- ասել է Չոբանյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին երեկոյան բախում էր տեղի ունեցել Իջևանում ճանապարհը փակած փայտի գործով զբաղվող ցուցարարների և ոստիկանների միջև, որի հետևանքով  11 ոստիկան  տարբեր վնասվածքներով տեղափոխվել էին բժշկական կենտրոն: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ