08 07 2019

ԱԻ նախարարը՝ վերջին 2 օրերի ողբերգական վթարների պատճառների մասին

ԱԻ նախարարը՝ վերջին 2 օրերի ողբերգական վթարների պատճառների մասին

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հուլիսի 8-ին՝ լրագրողների հետ զրույցում, անդրադարձավ Արարատ-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարին, որի հետևանքով կա 6 զոհ, 10-ից ավելի վիրավոր։ Նախարարը շեշտել է, որ փրկարարները ժամանակին են հասել վայր՝ կանչ ստանալուց 4-5 րոպե անց, ոչ մի վայրկյան ուշացում չի եղել։ Նախարարը նշեց, որ պատճառների մասին ոչինչ չի կարող ասել։

«Հրդեհը շատ արագ է արել իր գործ։ Այսպիսի վարկած կա՝ «Տոյոտան» դիմացից խփել է «Գազելին», որից հետո հետևից եկող «06-ը» մյուս կողմից է հարվածել, ինչից հետո էլ առաջացել է գազի արտահոսքը, բռնկում է եղել: Փրկարարները, որ հասել են, չեն կարողացել մոտենալ, 5-6 մետրից են մարման աշխատանքները սկսել»,- տեղեկացրեց նա՝ նշելով, որ հետևություններ պետք է արվեն, պետք է վարքագիծ մշակվի, որպեսզի կարողանանք խուսափել նման դժբախտ դեպքերից

«Մարդատար բոլոր տրանսպորտային միջոցները պետք է ապահովված լինեն կրակմարիչներով, պետք է զգուշություն ցուցաբերեն, բայց այստեղ, ինչքան հասկանում եմ, «Գազելի» վարորդը մեղք չի ունեցել»,- նշեց նա:

Նախարարն անդրադարձավ վառելիքի խնդրին։«Ճիշտ կլիներ, որ օգտագործեին ոչ թե գազ ու բենզին, այլ դիզել, որ այդպիսի բռնկում չառաջացնի»,- ասաց նա՝ հավելելով, որ շատ վարորդներ տրանսպորտային միջոցները շահագործում են առանց տեխզննում անցկացնելու։

Անդրադառնալով վերջին երկու օրերի ողբերգական պատահարներին՝ նախարարը նաև նշեց, որ միայն ճանապարհային կանոնները և վերահսկողությունը խստացնելով հարցը չի լուծվի, սա նաեւ գիտակցության հարց է: 

«Մենք այսպիսի վթարներից խուսափել չենք կարող, լինելու են միշտ էլ, բայց Աստված չտա, որ կրկնվի այն, ինչ մենք տեսանք վերջին 2 օրերին: Տեզխննումը պարտադիր պետք է արվի: Գազի բալոններ տեղադրողները մասնավոր հիմնարկներ են, դրանց որակի, տեղադրման հետ կապված խնդիրներ կան: Հարկավոր է ավելի կոնկրետ ու կտրուկ միջոցներ ձեռնարկել այս հարցում»,-ասաց նա։

Անդրադառնալով Վրաստանում ողբերգական վթարին, որի հետևանքով ՀՀ քաղաքացիներ են մահացել և տուժել, նախարարը նշեց, որ այս հարցում սխալը վարորդինն է։

«Այստեղ սխալը վարորդից է գալիս: Ես չգիտեմ՝ քնել է, թե ոչ, բայց արդեն պարզ է, որ փոքր մեքենայի մեջ 8 հոգի մարդ է եղել: Բեռնախցիկում երկու երեխա է եղել: Տեսեք, թե ինչքան անզգույշ, անտարբեր, վարքագիծ է: Ես բոլոր մեքենա վարողներին կոչ եմ անում, որ զգույշ լինեն այս հարցում»,-ասաց Ցոլակյանը՝ հավելելով, որ վիրավորներին Վրաստանում այցելել են առողջապահության և ԱԻ փոխնախարարները: 

Ինչպես արդեն հայտնել ենք, 5 վիրավորները տեղափոխվում են Հայաստան։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ