30 04 2024

Գազը՝ համայնքապետի եղբոր, ճանապարհների վերանորոգումը՝ եղբոր աներորդու ընկերություններից. «Հետք»

Գազը՝ համայնքապետի եղբոր, ճանապարհների վերանորոգումը՝ եղբոր աներորդու ընկերություններից. «Հետք»

Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանն Ազգային ժողովի նախկին պատգամավոր, այժմ՝ Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանի որդին է: Համայնքի ղեկավար է ընտրվել 2018թ. իշխանափոխությունից հետո՝ նույն տարվա հոկտեմբերին: Համայնքների խոշորացումից հետո՝ 2021թ. դեկտեմբերին, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակով Սևակ Միքայելյանը դարձյալ ընտրվել է համայնքի ղեկավար, գրում է Հետքը։

Ընտրվելուց հետո Սևակ Միքայելյանը բազմիցս պայմանագրեր է կնքել եղբոր ընկերությունների հետ:

Հրազդանի համայնքապետարանի ավտոմեքենաների լիցքավորման համար գազը գնում են «Լարգո-Վինչ» ՍՊԸ-ից: Սասուն Միքայելյանն ընկերությունը հիմնադրել է 2018թ. փետրվարին: Սակայն, իշխանափոխությունից հետո՝ 2018թ. հուլիսին, Սասուն Միքայելյանը դուրս է եկել ընկերությունից և նոր սեփականատեր է դարձել կնոջ եղբոր որդին՝ Անդրանիկ Մեսրոպյանը: Նա էլ ընկերության սեփականությունը 2022թ. մարտին փոխանցել է Սասուն Միքայելյանի ավագ որդուն՝ Մեխակ Միքայելյանին։

Հրապարակված պայմանագրերի համաձայն՝ 2022-2024թթ. ընթացքում Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը մորեղբոր որդու, այնուհետև եղբոր ընկերության՝ «Լարգո-Վինչ» ՍՊԸ-ի հետ կնքել է մոտ 156 մլն դրամի պայմանագիր:

«Լարգո-Վինչ» ՍՊԸ-ն ոչ միայն գազալցակայաններ ունի, այլև Հրազդանում իրականացնում է ավտոմեքենաների լվացման ծառայություն:

Ընկերության հետ պայմանագրերը կնքվում են էլեկտրոնային աճուրդի եղանակով: «Գնումների մասին» օրենքի համաձայն՝ էլեկտրոնային աճուրդը էլեկտրոնային միջոցների օգտագործմամբ նոր՝ նվազեցված գների ներկայացման գործընթաց է, որը հնարավորություն է տալիս ավտոմատ գնահատման մեթոդներով որոշել հայտեր ներկայացրած մասնակիցների զբաղեցրած տեղերի հաջորդականությունը: Էլեկտրոնային աճուրդը հիմնվում է բացառապես գների վրա:

Հրազդանի համայնքապետարանի գնումների և զարգացման ծրագրերի բաժնի պետ Քրիստինե Բաղդասարյանից հետաքրքրվեցին, թե ինչպես է ստացվում, որ վերջին տարիներին համայնքի ղեկավարի եղբոր ընկերության հետ են պայմանագրեր կնքվում:

Քրիստինե Բաղդասարյանն ասաց, որ որևէ բացասական ռիսկ չի տեսնում: Ավելին՝ նշեց, որ գործընթացը թափանցիկ է, և որևէ խախտում թույլ չեն տվել: Բաժնի պետը նշեց, որ  նախկինում՝ մոտ 7 տարի առաջ, ուրիշն է շահել մրցույթը:

«Նման դեպք էլի կար, այսպես ասեմ, տենդեր է, մասնակցել են, շահել են։ Ցանկացածը կարող է մասնակցել, շահել: Այստեղ շահերի բախում չկա այն առումով, քանի որ Միքայելյանը չի եղել գնահատող հանձնաժողովի անդամ, բայց որպես պատվիրատուի ղեկավար, կարող է ցանկացածի հետ կնքել պայմանագիր»,- ասում է Ք. Բաղդասարյանը։

Քրիստինե Բաղդասարյանն ասաց, որ էլեկտրոնային աճուրդի ժամանակ մրցակցություն չի եղել, դիմել է միայն «Լարգո-Վինչ» ՍՊԸ-ն:

«Հիմա Մեխակ Միքայելյանը մասնակցել է, նախ ինքը տնօրենը չի, տնօրենը Վահագն Ասատրյանն է, մենք պարտավոր չէինք ստուգելու: Իրական շահառու կա, հայտարարագիրը կա, կայքէջի հղումը կա, բայց տնօրենը փաստացի Վահագն Ասատրյանն է, բայց փաստացի, եթե հայտերը ներկայացվել են, մրցակից չի ունեցել, կամ ենթադրենք ունեցել է, շահել է ինքը: Էլեկտրոնային աճուրդ է, թղթային մրցույթ չի, որ խտրականության հիմք տեսնեք կամ մտածեք։ Պարզ աճուրդ է, խնդրեմ, նայեք աճուրդի պայմանները»,- հավելում է համայնքապետարանի աշխատակիցը։

 Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ