01 07 2019

Սիրիայում վիրավորված սակրավորի առողջական վիճակը բավարար է

Սիրիայում վիրավորված սակրավորի առողջական վիճակը բավարար է

«Սիրիայում առաքելությունը սկսվեց փետրվարին, երբ առաջին խումբը մեկնեց Սիրիա: Խմբում ներառված էին բժիշկներ, սակրավորներ և ռազմական ոստիկանության պահպանող խումբը, որի նպատակն էր ապահովել առաքելության խմբի անդամների ապահովումը: Սիրիայի իշխանությունների և բնակավայրերի բնակիչների հետ համատեղ ուսումնասիրությամբ առանձնացվեցին հինգ վտանգավոր ականադաշտեր, որոնք պետք է ենթարկվեին ականազերծման: Ընդհանուր առմամբ, առաջին խմբի կողմից ականզերծվել է 34 693 ք/մ տարածք, հայտնաբերվել է 29 միավոր ական ու պատերազմի պայթուցիկ մնացորդ, որոնք ոչնչացվել են Սիրիայի իշխանության կողմից, այսինքն մենք պայթեցման աշխատանք չենք իրականացնում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի տնօրեն Ռուբեն Առաքելյանը՝ ամփոփելով Սիրիա ուղարկված հումանիտար առաքելության առաջին խմբի աշխատանքները:

Բանախոսը տեղեկացրեց, որ բացի ականազերծումից, իրականացվել են ականային վտանգի իրազեկման աշխատանքներ, իսկ շրջակա բնակավայրերի բնակիչների և տեղի հայ համայնքի հետ հաստատվել են ջերմ հարաբերություններ:

«Ականազերծումից բացի՝ իրականացվել է նաև բժշկական աջակցություն, խմբում եղել է ութ բժիշկ, որոնք աշխատել են տարբեր հիվանդանոցներում: Կատարվել է մոտ հազար թերապևտիկ միջամտություն, չորս հարյուր վիրաբուժական միջամտություն, 1300-ից ավելի լաբորատոր բուժօգնություն»,- տեղեկացրեց Ռուբեն Առաքելյանը:

Առաքելյանը առաջին խմբի աշխատանքը բավարար է գնահատում;

«Գնահատում եմ ոչ լավ, այլ բավարար: Առաջին անգամը, բնականաբար, մի քիչ դանդաղ էր ընթանում, որովհետև ընթացիկ լուծման հարցեր կային, բացի այդ առկա էին նաև լոգիստիկ խնդիրներ: Ինչպես նաև, չմոռանանք, որ դա պատերազմող երկիր է»,- նկատեց Ռուբեն Առաքելյանը:

Անդրադառնալով վիրավորում ստացած մասնագետի առողջական վիճակին, բանախոսը նշեց, որ   այս պահին նրա առողջական վիճակը բավարար է:

«Վիրավորում ստացած մասնագետը գտնվում է Երևանում, վիճակը բավարար է: Եթե չհաշվենք անդամահատությունը, առողջական այլ խնդիրներ չունի, այս պահին կրում է ժամանակավոր պրոթեզ»,- ասաց Ռուբեն Առաքելյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ