«National Geographic»-ի ռուսական ծառայությունը ներկայացրել է հայկական խոհանոցի լավագույն ուտեստները՝ նշելով, որ Հայաստանում ուտեստը պատրաստվում է ոչ միայն երևակայությամբ, այլև հոգով և դրանում կարելի է համոզվել՝ լինելով Երևանի ու այլ քաղաքների յուրաքանչյուր ռեստորանում:
Հայաստանում, ըստ պարբերականի, անպայման պետք է համտեսել հետևյալ 9 ուտեստները։
Հարիսա
Ցորենից պատրաստված շիլան, որում կա նաև հավ, հալած կարագ, օգնել է հայերին գոյատևել սովի տարիներին, գրում է պարբերականը՝ նշելով, որ ճաշատեսակը պատրաստելը բավական պարզ է, սակայն այն բավական հագեցնող է: Անհրաժեշտ է շատ քաղցած լինել, որ կարողանաս ուտել մի ամբողջ ափսե:
Ժենգյալով հաց- Արցախի այցեքարտը
Հաց` լցոնված տարատեսակ կանաչիներով: Ժենգյալով հացը լինում է գարնանային և աշնանային՝ կախված, թե ինչ կանաչեղենից բաղկացած կլինի հացի միջուկը:
Գաթա
Հայկական ավանդական աղանդերը՝ կլոր գաթան նուրբ վանիլային համով: Հայաստանի տարբեր տարածքներում գաթայի բաղադրությունն ու համը խիստ տարբերվում են միմյանցից: Այն պարտադիր ուտեստ է հայկական ամանորյա սեղանին:
Ղափամա
Այն մատուցվում է դդմի մեջ: Ըստ ավանդույթի՝ Ղափան մատուցվել է հարսանեկան արարողությունների ժամանակ` որպես առատության նշան:
Տոլմա
Պատրաստվում է մսից՝ փաթաթված կաղամբի կամ խաղողի տերևների մեջ, մատուցում են մածունով:
Քյալա
Քյալան ցուլի եփած գլուխն է։ Այն ժամանակին աղքատների ուտեստն է եղել: Բաղադրության մեջ է մտնում ամեն ինչ` լեզուն, ուղեղը, նույնիսկ` աչքերը։ Գլուխը եփվում է մոտ 8 ժամ:
Բաստուրմայով ձվածեղ
Այս ուտեստը կարող է շահել բոլոր նրանց սրտերը, ում համար նախաճաշն ամենակարևորն է։
Խաշ
Հայկական ամենահայտնի ապուրը՝ յուղոտ և սննդարար: Պատրաստվում է տավարի ոտքերից և փորոտիքից, մատուցում են սխտորի մեծ չափաբաժնով:
Ավելուկով ապուր
Այս ուտեստը մեծ ճանաչում ունի։ Ավելուկի մեջ ավելացվում է ոսպ, բլղուր, կարտոֆիլ, համեմունքներ: Մատուցվում է թարմ լավաշով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը