Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանն ապրիլի 30-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ «Խաչմերուկի հատված» գծանշման՝ այսպես կոչված «վաֆլիների» հարցով ՃՈ-ն փոփոխությունն է ներկայացրել, և մայիսի 5-ից վարորդները կսկսեն տուգանվել՝ 5000 դրամի չափով: Այ
ՃՈ պետի տեղակալ Արման Չիլինգարյանն էլ տեղեկացրեց, որ մայիսի 5-ից փոփոխություններն են սպասվում նաև շրջանաձև երթևեկության խաչմերուկների վերաբերյալ: Արման Չիլինգարյանի խոսքով՝ փոփոխություններ են կատարվելու նաև ճանապարհային նշանների խմբերում, ավելացվելու են հետիոտներին և հեծանիվներին վերաբերող ճանապարհային նշանները:
«Մայիսի 5-ից ՀՀ բոլոր շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկներում, որտեղ չեն լինի տեղադրված հակառակ ճանապարհային նշաններ, որ դրսից մուտք գործողն ունի առավելություն, կանոնի ուժով շրջանաձև երթևեկության մեջ գտնվող վարորդը կունենա առավելություն»,- ասաց նա:
ՃՈ պետ Եգոր Կարապետյանը նաև նշեց, որ վարորդների տուգանման բալային համակարգի առաջարկող նախագիծը կառավարությունում է։
«Մոտ ժամանակներս Ազգային ժողովում կլինի։ Բալային համակարգի վերին շեմը 9 բալն է, խախտումները 0.5–ից մինչեւ 4 բալ են նախատեսվում են, 9 բալը լրացնելու դեպքում 6 ամսով կասեցվելու է վարորդական իրավունքը, երկրորդ անգամ 9 բալը լրացնելու դեպքում տվյալ վարորդը զրկվելու է վարորդական իրավունքից»,–նշեց նա։
ՃՈ պետի տեղակալ Արմեն Չիլինգարյանը, անդրադառնալով արագաչափերի բիզնեսի վերաբերյալ հարցին, նշեց՝ ճանապարհային ոստիկանության կողմից օգտագործվող ամբողջ գույքը՝ արագաչափերը, տեսախցիկները, պարեկային ավտոմոբիլների և դրանցում տեղադրված սարքավորումները պետության սեփականությունն են։
«Ճանապարհներին տեղադրված արագաչափերը և Երեւանում տեղադրված տեսախցիկները հանձնված են հավատարմագրային կառավարմանը: Բայց ասել, թե դա արագաչափերի բիզնես է, կարծում եմ, ճիշտ չէ, եւ իրականությանը չի համապատասխանում»,- ասաց Չիլինգարյանը:
Անդրադառնալով արագաչափերի հավատարմագրային կառավարչին՝ նա ասաց, որ հավատարմագրային կառավարիչը «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունն է, և ընկերության հետ պայմանագիր կնքել է նախորդ կառավարությունը, ոչ թե ՃՈ-ն։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ «Սաշիկ Սարգսյանի արագաչափեր» ձևակերպմանը, Արմեն Չիլինգարյանն ասաց, որ երկրի ղեկավարի հայտարարությունները չի մեկնաբանի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը