30 04 2019

ԱԱԾ-ն խոշոր չափերով խարդախության դեպք է կանխել

ԱԱԾ-ն խոշոր չափերով խարդախության դեպք է կանխել

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հանցավորության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտել և կանխել է կազմակերպված խմբի կողմից խոշոր չափերով խարդախության դեպք:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ քաղաքացիներ Ա.Շ-ն և Ն.Հ-ն, կազմակերպված հանցավոր խմբի կազմում, կեղծ տեղեկություններ են տարածել ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքի գերեզմանատան հողերի հատկացման իրավասության վերաբերյալ և 2018 թվականի ամռանից հուղարկավորության համար օրինական կարգով տարածքներ հատկացնելու հարցով իրենց դիմած բազմաթիվ քաղաքացիներից խաբեությամբ հափշտակել խոշոր չափերով՝ ընդհանուր առմամբ 1.932.000 ՀՀ դրամին համարժեք ԱՄՆ դոլար:

Մասնավորապես՝ Ն.Հ-ն, համաձայն նախնական դերաբաշխման, գերեզմանատանը հուղարկավորման հարցով իրենց դիմած բազմաթիվ քաղաքացիների ներկայացել է որպես գերեզմանատանը հողահատկացումը կարգավորող իրավասու անձ, և վստահություն առաջացնելու նպատակով, նույնիսկ այցելել է գերեզմանատուն ու ցույց տվել ազատ հողատարածքներ: Այնուհետև համաձայնության գալով գնի շուրջ՝ խաբեությամբ հափշտակել է գումարը և փոխանցել հանցակցին՝ ստանալով իր մասնաբաժինը:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, մեղադրանք է առաջադրվել 2 անձի, ընտրվել են խափանման միջոցներ:

Կատարվում է նախաքննություն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ