07 04 2019

Ամենակարևորն ընտանիքիս հետ լինելն է․ Նունե Սարգսյան․ Tert.am



Tert.am-ը Մայրության, գեղեցկության և սիրո տոնի առթիվ բացառիկ հարցազրույց է արել Առաջին տիկին Նունե Սարգսյանի հետ: Զրույցը օրվա խորհրդի մասին է: Նախագահի՝ մասնագիտությամբ արվեստաբան, կոչումով հեքիաթագիր տիկնոջ համար, իր խոսքով, միշտ և հիմա էլ ամենակարևորը եղել է ընտանիքը՝ որդիները, ամուսինը և «հրաշալի թոռնիկները»:

«Իմ ամբողջ հոգով ու սրտով եղել եմ թե՛ արվեստաբան, թե՛ հեքիաթագիր և սիրով եմ արել դա, ինձ համար ամենակարևորը, սակայն, լինել իմ ընտանիքի հետ, լինել իմ ընտանիքի մայրը, ամուսնուս կինը և, անշուշտ, փոքրիկ հրաշքներիս տատիկը, ինձ համար այժմ՝ այս տարիքում, ամենակարևոր դերը դա է»,-ասում է նա:

Մայրական սիրո մասին պատմող իր հեքիաթի բոլոր ենթավերնագրերը, Նունե Սարգսյանի խոսքով՝ կլինեին «սեր»: Իր տղաների շուրթերից չնայած առաջինը «հայր» բառն է դուրս եկել, բայց հիշում է՝ երբ իրեն էլ «առաջին» անգամ մայր ասացին, սիրտը պարզապես թրթռաց:

«Իմ տղաներն առաջինն ասացին` պապա, որը շատ ուրախացրեց իրենց հայրիկին: Չնայած, որ ամբողջ օրը ես էի նրանց հետ անցկացնում, նրանք առաջինն ասացին՝ պապա, և իրենց հայրը շատ ուրախ էր դրա համար»,- պատմում է նա:

Մայրական սիրո մասին խոսելիս էլ Նունե Սարգսյանը նկատում է՝ սերը ամենակարևոր հատկությունն է ամեն անձի մեջ: «Առանց սիրո, ինձ թվում է, մարդիկ դատարկ են, չունեն հարստություն, աղքատ են: Առանց սիրո դժվար է կյանքը: Եթե չսիրես, կձանձրանաս կյանքից»,- ասում է նա:

Իր որոշ ազատություններից զրկվել է հանուն ընտանիքի, և նա դա բնական է համարում: Նկատում է. «Ազատությունը կրճատվում է, երբ կինը ամուսնանում է և երեխաներ ունենում, բայց ես գերադասեցի ընտանիք կազմելը, քանի որ ընտանիքը հասարակության ամենակարևոր միավորն է: 

Առանց ընտանիքի, առանց առողջ ընտանիքի հասարակությունը կորչում է և վերանում: Այդ պատճառով ես շատ կարևոր եմ համարում մեր հայկական ընտանիքները պահելը միասին, ներդաշնակ մթնոլորտում՝ առողջ երեխաներով և արթուն հոգեբանությամբ»,- ասում է նա:

Ամուսնու հետ 50 տարվա ծանոթությունն ու 41 տարվա համատեղ կյանքը վկայում են՝ սերը ժամանակի ընթացքում «աճում է»: «Մենք 41 տարի է՝ ամուսնացած ենք, և 50 տարի է՝ միասին ենք ապրում, բայց, կարծես, երեկ էր, որ սկսվեց ամեն ինչ»,- ասում է նա, ապա հավելում, որ սիրուն տարիների ընթացքում1  ավելանում է ընկերությունը, միմյանց նկատմամբ հարգանքը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ