06 04 2019

Ինչո՞ւ չի կարող անող հացադուլ անող նախկին զինվորը բուժվել արտերկրում

Ինչո՞ւ չի կարող անող հացադուլ անող նախկին զինվորը բուժվել արտերկրում

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկանք է հրապարակել ՀՀ ՊՆ N զորամասի նախկին պայմանագրային զինծառայող Դավիթ Սերգեյի Հակոբյանի վերաբերյալ, որը ապրիլի 4-ից պաշտպանության նախարարության դիմաց հացադուլ է անում։

«Դավիթին օգնություն է պետք: Եթե որևէ մեկին թվում է, որ ինքն ավելի շատ է մտածում նախկին զինվորի մասին, իսկ ՊՆ-ում բոլոր անխիղճներ են, ապա չարաչար սխալվում է… Սակայն ոչ մի բան, առավել ևս մասնագիտական նուրբ հարցեր և մեծ ծախսեր ենթադրող երևույթները չեն կարող լինել հուզական: Կան հստակ օրենքներ, իսկ ովքեր չեն հասկանում, որ օրենքը ՀՀ ՊՆ-ն ձեռքում չի, բնական է արդարացնում են իրենց հատկացված գումարները և դերը: Խորհուրդ կտամ հիշել նախ մեր սահմանադրությունը, հետո կարդալ նյութի վերջում բերված օրենքի հղումը:  Նորից եմ կրկնում Դավիթին օգնելը բոլորիս ցանկությունն է, սակայն մեր հնարավորությունները սա են միայն»,-գրել է նա:

Արծրուն Հովհաննիսյանը նաև մանրամասներ է ներկայացրել Դավիթ Հակոբյանի զինվորական ծառայության մասին:

Տեղեկանքի համաձայն՝ Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի Այգեգործական թաղամաս 10 փողոց 12 տան բնակիչ Դավիթ Սերգեյի Հակոբյանը Երևան քաղաքի Շահումյանի զինվորական կոմիսարիատից 2006 թվականի նոյեմբերի 15-ից զորակոչվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության N զորամաս և ծառայել է մինչև 2008 թվականի  նոյեմբերի 27-ը: «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասին 3-րդ կետով (առողջական վիճակի պատճառով) զորացրվել է պահեստազոր: 

2012թ. մայիսի 8-ից հանդիսանում է 1-ին խմբի զինհաշմանդամ: Ամսական կենսաթոշակը և պարգևավճարը ընդհանուր կազմում է՝ 57.920 դրամ:

ՀՀ ՊՆ 95532 զորամասի նախկին պայմանագրային զինծառայող Դավիթ Սերգեյի Հակոբյանը 2012 թվականի հունվարի 31-ին՝ժամը 19:30-ի սահմաններում, շտապ օգնության մեքենայով, որովայնի շրջանի սուր ցավերի գանգատներով տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, այնուհետև  տասներկումատնյա աղու խոցի թափածակման և տեղային շճաֆիբրինային պերիտոնիտի կապակցությամբ վիրահատվել էր։ Վիրահատությունից հետո.Հակոբյանի մոտ հետվիրահատական շրջանը բարդացել էր վաղ աղիքային անանցանելիությամբ, ինչի կապակցությամբ նա կրկին վիրահատվել էր:

Այնուհետև Հակոբյանի մոտ զարգացել էր գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում, իշեմիկ ինսուլտ ձախակողմյան հեմիպարեզով։

Բուժման ավարտից հետո Դ.Հակոբյանը ներկայացվել է փորձաքննության և ՀՀ պաշտպանության նախարարի 2010 թվականի փետրվարի 26-ի N 175-Ն հրամանի հավելված 1-ի «11բ» և «34բ» կետերի համաձայն ճանաչվել ոչ պիտանի զինվորական ծառայությանը:

Դավիթ Սերգեյի Հակոբյանի բուժման կազմակերպման ընթացքում արձանագրված թերությունների և բացթողումների կապակցությամբ անցկացվել է ծառայողական քննություն, որի արդյունքների հիման վրա Գ.Թունյանին հայտարարվել է խիստ նկատողություն (Գ.Թունյանը 2014թ. հուլիսի 29-ին, իր զեկուցագրի համաձայն, իսկ Ս.Լաբոյանը՝ 2016թ. մայիսի 4-ին, ուսման հետ կապված ծախսերը փոխհատուցելու պայմանով զորացրված են ՀՀ զինված ուժերից): 

Հակոբյանը պարբերաբար ստացիոնար բուժօգնություն է ստացել ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, իսկ վերականգնման նպատակով ուղեգրվել է նաև միջազգային կարմիր խաչի ընկերության «Քրոս» վերականգնողական կենտրոն:

2015 թվականի օգոստոսի 17-ին Դ.Հակոբյանը ձերբակալվել է, իսկ օգոստոսի 19-ին  ներգրավվել է որպես մեղադրյալ ահաբեկչության մասին կեղծ ահազանգ կատարելու համար: 2015թ.-ի դեկտեմբերի 17-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Դ.Հակոբյանը դատապարտվել է 1 տարի 6 ամսվա ազատազրկման:

2016թ. դեկտեմբեր ամսին ՀՀ պաշտպանության նախարար Վ. Սարգսյանի միջնորդությամբ Դ.Հակոբյանը վաղաժամ ազատ է արձակվել պատիժը կրելուց:

Վաղաժամկետ ազատ արձակումից հետո,  առաջին խմբի զինհաշմանդամ Դ. Հակոբյանը ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում անցել է համալիր բժշկական հետազոտություններ, այդ թվում՝ գլխուղեղի ԿՏ և թոքերի ռենտգենաբանական, արյան ընդհանուր, արյան բիոքիմիական և իմունոֆերմենտային հետազոտություններ, էխոսրտագրություն, էլեկտրասրտագրություն:

Գլխուղեղի ԿՏ հետազոտությամբ հայտնաբերվել է 3,25x7,97 սմ չափերի իշեմիկ օջախ և ախտորոշվել է «վիճակ տարած իշեմիկ ինսուլտից հետո»:

Հետազոտությունների արդյունքում Դ. Հակոբյանը հրատապ բուժման կարիք չի ունեցել և ցուցվել է վերականգնողական բուժում:

Դավիթ Հակոբյանը 2017թ. հունվար ամսին ընդունվել է ՀՀ ՊՆ ԿԿԶՀ-ի նյարդաբանական բաժանմունք, որտեղ համալիր բուժումն ավարտելուց հետո, զինհաշմանդամներին աջակցող Հայկուհի Մինասյանի նախաձեռնությամբ մինչև 2017 մարտ ամսվա վերջ ստացել է վերականգնողական բուժօգնություն: 

Հ.Մինասյանը տեղեկացրել է նաև, որ իր ունեցած հնարավորության սահմաններում աջակցել է զինհաշմանդամ Դ.Հակոբյանին, նրան ներգրավել է որոշ ժամանակավոր վճարովի ծրագրերում, վերանորոգվել է նաև նրա տան սանհանգույցը:

2018 թվականի ընթացքում Դ. Հակոբյանը երկարատև բուժվել է «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում» և ըստ Հայկուհի Միանսյանի ս.թ. հունիսի 20-ը դուրս է գրվել:

Դիմումում բարձրացրած հարցերի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով 2017թ. մայիսի 22-ի հեռախոսազրույց է կայացել Դ.Հակոբյանի հետ, ով կրկին անգամ մեղադրում էր հոսպիտալի բժիշկների իր վիճակի համար: Ըստ նրա՝ ՀՀ պաշտպանության նախարարի հետ հանդիպման հիմնական նպատակն իրեն աշխատանքով ապահովելը և սոցիալապես աջակցելն է, քանի որ ստացած զինվորական հաշմանդամության կենսաթոշակով չի կարողանում ապոհովել կենցաղը և գնել պահանջով դեղամիջոցներ:

2014-2018 թվականներին Հակոբյանը ստացել է նաև ֆինանսական օգնություն:

Դավիթ Հակոբյանի՝ աշխատանքով ապահովելու խնդրանքին ընդառաջ առաջարկվել է զինվորական ծառայության անցնել 60925 զորամասում, որտեղ մայրն է ծառայում, սակայն վերջինիս տարբեր պատճառաբանություններով մերժել է առաջարկը:Դիմումատուն դիմել է նաև ՌԴ գնալու նպատակով գումարի հարցով, ինչին ի պատասխան՝ խոստացվել է գնալու դեպքում ևս տրամադրել ֆինօգնություն:

Հաշվի առնելով այն, որ տվյալ ժամանակահատվածում որևէ ծրագիր արտասահմանում բուժում տրամադրելու համար չի գործում՝ որպես աջակցություն որոշված է եղել նման դեպքերում ՊՆ-ի կողմից տրամադրել 500.000-ից մինչև 1 միլիոն դրամ ֆինօգնություն: Որևէ անգամ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից խոստում չի տրվել Գերմանիայում բուժումը կազմակերպելու վերաբերյալ:

Ինչ վերաբերում է Դ. Հակոբյանի արտերկրում բուժմանը, ՊՆ մամուլի խոսնակը տեղեկացրել է, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն պետական բյուջեի միջոցներից օտարերկրյա պետությունում բուժման (հետազոտության) իրավունքից օգտվում են ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելիս վնասվածք կամ խեղում կամ դրանց հետևանքով հիվանդություն ստացած զինծառայողները: 

«Սակայն Հակոբյանի մոտ առկա հիվանդությունը չի զարգացել մարտական գործողություններին մասնակցելիս կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելիս, ուստի նա չի կարող օգտվել արտերկրում բուժման իրավունքից»,- նշել է նա:

Նախկին զինծառայող Դավիթ Հակոբյանի մասին, ով մի քանի օր է ՊՆ դիմաց հացադուլ է անում: Նախկին զինծառայողը հանդիպում է պահանջում նախարար Դավիթ Տոնոյանի հետ, ինչպես նաև պահանջում է, որ իրեն Գերմանիա ուղարկել բուժման նպատակով, ինչպես նաև ապահովել աշխատանքով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ