04 04 2019

Կոռուպցիոն խոշոր դեպքեր՝ կառավարության վերին օղակներում



Վերջին մեկ շաբաթում ԱԱԾ-ն առանձնապես խոշոր չափի կաշառքի երկու դեպք է բացահայտել. նախ դատավոր Գագիկ Հեբոյանն էր 3,5 հազար դոլար կաշառք վերցրել՝ 3 միլիոն 400 հազար դրամ պետական տուրքը վճարելուց ազատելու դիմաց:

Հետո հայտնի դարձավ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանի մասին։ Բժշկական հաստատության տնօրենը, նպատակ ունենալով ստանալ փոխնախարար Արսեն Դավթյանի հովանավորչությունը, հենց փոխնախարարի աշխատասենյակում նրան փոխանցել էր առանձնապես խոշոր չափի գումար: Մամուլում շրջանառվում է երեք հազար դոլար թիվը։ Ո՛չ տնօրենը, ոչ էլ փոխնախարարը չգիտեին, որ ԱԱԾ-ի խոշորացույցի տակ են: Այս դեպքում փոխնախարարը դատավորից «էժանաբազար» դուրս եկավ, բայց միևնույն է՝ կաշառքը մնում է կաշառք։

Դրանից առաջ էլ ձերբակալվեցին պետական վերահսկողական ծառայության երկու աշխատակիցներ՝ գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադայանը և Գևորգ Խաչատրյանը, բժշկական հաստատությունների կողմից հայտարարված հեմոդիալիզի պարագաների մրցույթներին ենթադրյալ միջամտության համար։

Հերթական անգամ վարչապետ Փաշինյանի հրապարակային խոստումը սուտ է դուրս գալիս։ Հիշեցնենք, որ 2018 թվականի օգոստոսի 17-ի հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Ես ձեզ ասում եմ պաշտոնապես՝ այսօր ՀՀ-ում կոռուպցիա չկա: Սա չի նշանակում, որ ՀՀ-ում չկա մի պաշտոնյա որ կաշառք չի վերցնում, սա նշանակում է, որ ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների մեջ չկան կոռումպացված մարդիկ և չեն լինելու: Ես դա ձեզ երաշխավորում եմ»:

Իշխանական թիմի անդամներն ասում են՝ «Հենց այն փաստը, որ ձերբակալվում են պետական պաշտոնյաներ, նշանակում է, որ կոռուպցիան համակարգային չէ»։

Սա, բնականաբար, պարզապես մխիթարություն է, չէ՞ որ բացահայտվում են կաշառքի ոչ բոլոր դեպքերը։ Հայաստանում վերջին մեկ տարվա կոռուպցիոն դեպքերի արձանագրումը ցույց է տալիս, որ մեր երկրում կոռուպցիան ոչ միայն չի նահանջում, ավելին, այն արդեն քաշում է երիտասարդ պաշտոնյաներին, ու հատկապես այն ոլորտի, որոնց ղեկավարներն առավել շատ են խոսում անգամ հանդերձյալ աշխարհում կոռուպցիայի դեմ պայքարից։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ