02 04 2019

25 մլն դրամ՝ խաչի և անվանացուցանակի համար. «Հետք»

25 մլն դրամ՝ խաչի և անվանացուցանակի համար. «Հետք»

«Հետք»-ը գրել է. «Արմավիրի մարզում համայնքների սկզբնամասում խաչերի տեղադրումը համատարած բնույթ է կրում: Համայնքապետերը խաչերի տեղադրման գումարները ծախսում են հենց համայնքային բյուջեից: Որոշ համայնքներում էլ խաչեր տեղադրում են գյուղում ծնված այլ վայրերում ապրող գործարարները:

Մարզի Սարդարապատ համայնքի մուտքի հատվածում վեր է խոյանում մետաղական կոնստրուկցիայով 19 մետրանոց խաչը և լուսադիոդային լուսավորությամբ 12 մետրանոց «Սարդարապատ» անվանացուցանակը: Այս ամենի համար համայնքային բյուջեից ծախսվել է 25 մլն դրամ:

Խաչը կանգնեցվել է Հայաստանի Առաջին Հանրապետության և Սարդարապատի հերոսամարտի 100 ամյակի առիթով:

«Հաշվի առնելով, որ այդ տարելիցը բոլոր սարդարապատցիների համար նվիրական էր, ուստի համայնքի ավագանու և ազգաբնակչության հետ միասին որոշեցինք արժանավայել ներկայանալ այդ տարելիցին և այդ կապակցությամբ որոշվեց համայնքի մուտքի հատվածում կառուցել մետաղական կոնստրուկցիայով խաչ և օրգանական ապակիներով լուսադիոդային լուսավորությամբ «Սարդարապատ» անվանումը տառերով»,- հիմնավորում է Սարդարապատի համայնքապետ Բաբկեն Վարդանյանը:

Խաչի օրհնման և բացման տոնական միջոցառումը տեղի է ունեցել 2018թ. մայիսի 26-ին, որն ուղեկցվել է գյուղի եկեղեցու բակում մատաղի արարողությամբ և ճաշկերույթով: Խաչի տեղադրումը որպես «ձեռքբերում» նշված է նաև համայնքապետի 2018թ. հաշվետվության մեջ:

Նշենք, որ Սարդարապատ գյուղում բազմաթիվ չլուծված հարցեր կան, որոնց համար այդպես էլ համայնքային բյուջեից գումար չի գտնվում: Օրինակ, կապիտալ վերանորոգման կարիք ունի մանկապարտեզը, ոռոգման ցանցը և այլն: Ավելին, դեռևս 2018թ. ապրիլի 26-ին Սարդարապատի ավագանին տվել է համաձայնություն, որ համայնքը գյուղի մանկապարտեզի էներգիաարդյունավետության բարձրացմանն ուղղված շինարարական աշխատանքներ կատարելու համար մինչև 35 մլն դրամի չափով վարկ ստանա «ԱԿԲԱ ԳՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ից:            

Մարզի Մայիսյան գյուղի սկզբնամասում ևս խաչ է տեղադրվել: Իհարկե, այս գյուղում խաչը 19 մետրանոց չէ, սակայն, ունի քարե պատվանդան, իսկ գիշերային ժամերին լուսավորվում է:

«Ամբողջ հանրապետությունում ամեն գյուղ իր սկզբնամասում խաչ էր տեղադրում: Դե նկատելով, որ դա բոլորի համար ընդունելի կարգ է, մեր գյուղում էլ չկա այդ խաչը, ավագանու նիստով որոշեցինք խաչը տեղադրել»,-ասում է Մայիսյանի համայնքապետ Եսայի Մովսիսյանը:

Խաչի տեղադրման նպատակով համայնքային բյուջեից ծախսվել է 950.000 դրամ, որի մեջ մտել է նաև լուսավորության համար 800 մետրից էլեկտրաէներգիայի մալուխների անցկացուը: Երկաթից պատրաստված խաչի գինը կազմել է 700 հազար դրամ:

Մայիսյանը նույնպես բազմաթիվ խնդիրներ ունի, որոնց համար գումար այդպես էլ չի գտնվում: Քարուքանդ վիճակում են համայնքի ճանապարհները, կիսաավեր վիճակում է համայնքային մանկապարտեզը և այլն:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ