28 03 2019

Երևանի հանրային վայրերում աղբի տեսակավորման աղբամաններ կլինեն



Աղբի տեսակավորման ու վերամշակման «Recycle it» ծրագրով Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքում ավելացվել է տեսակավորման աղբարկղերի թիվը: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում աղբի, թափոնների տեսակավորման ու վերամշակման մշակույթի ձևավորմանը՝ իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով: Երևանի քաղաքապետարանն «ԱյԷսԷսԴի» թիմի նախաձեռնությանը միացել է նախորդ տարեվերջին:

«Իրականում շրջակա միջավայրի աղտոտումը կանխելու լավագույն միջոցն այն է, երբ աղբի ցանկացած տեսակ գնա վերամշակման և իրենից երկրորդային օգտագործման հումք ներկայացնի: Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում տեղադրված է աղբի տեսակավորման չորս աղբաման, որոնք այս պահին միայն պլաստիկի և թղթի համար են: Հետագայում տեսակները կշատանան, ինչպես նաև տարածումը կընդլայնվի», - նշել է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը:

Նախագիծն իրականացվում է 2018 թվականից՝ ՄԱԶԾ-ԳԷՀ կողմից ֆինանսավորվող փոքր դրամաշնորհային ծրագրերով: «Recycle it» ծրագրի մասնակիցները հնարավորություն ունեն տեսակավորելու հետևյալ թափոնները՝ պլաստիկ շիշ, թուղթ, մետաղ և ապակի:

«Այս կարճ ժամանակահատվածում արդեն մեզ միացել են ավելի քան 130 կրթական, պետական ու մասնավոր կազմակերպություններ և ցանկը գնալով ավելանում է: Կա մեծ պահանջարկ, և մարդիկ ցանկանում են այդ մշակույթը տեսնել իրենց կազմակերպություններում», - նշել է «ԱյԷսԷսԴի» ՀԿ-ի նախագահ Մխիթար Ավետիսյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ