Կառավարության առջև «Մի զրկեք մեզ աշխատանքից», «Մենք բարեխիղճ հարկատու ենք», «Երկիրն այսպես չես կառուցի», «Նախագիծը հիմք չունի», պաստառներով կրկին բողոքի ակցիա են իրականացնում գրավատան և փոխանակման կետերի աշախատակիցները:
Նրանց պահանջն անփոփոխ է. վերախմբագրել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում սպասվող փոփոխությունները, ըստ որոնց 60 անգամ, այն է՝ 6000 տոկոսով, ավելացվելու է նշյալ ոլորտների պետական տուրքը․ գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն սահմանվելու է 6 մլն, փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 մլն դրամ պետական տուրք:
Գրավատան աշխատակիցներն արդեն հանդիպել են Կենտրոնական բանկի և Ֆինանսների նախարարության ներկայացուցիչների հետ, սակայն հանդիպման ընթացքում որևէ հստակ պայմանավորվածություն չեն ունեցել:
Այժմ կառավարության առջև հավաքվածները պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քանի որ ըստ նրանց՝ վարչապետը իրավիճակին չի տիրապետում:
Ակցիայի մասնակցիները նշում են, որ սպասվող փոփոխությունները միտված են նրան, որ գրավտաներն ու փոխանակման կետերը փակվեն. այլ հիմնավորում նրանք չեն տեսնում:
Ցուցարարների խոսքով, պետական տուրքի 60 անգամ բարձրացնելու դեպքում մեծ է գրավատների և փոխանակման կետերի ստվերում գործելու հավանականությունը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը