Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ղեկավարությունը հանդես է եկել հայտարարությամբ.
«Մեր մտահոգությունն ենք հայտնում 2019 թ. մարտի 12-ին մամուլում տեղ գտած՝ Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարանի հնարավոր օտարման հետ կապված որոշ հրապարակումների վերաբերյալ և անհրաժեշտ ենք համարում նշել, որ Վարժարանի ղեկավարության հետ նման որևէ գործընթացի վերաբերյալ քննարկում չի եղել:
Մեկնաբանելով պետգույքի կառավարման կոմիտեի նախագահի ֆեյսբուքյան գրառումը, հարկ ենք համարում նշել, որ պետգույքի կառավարման կոմիտեից որեւէ մեկի հետ վարժարանի ղեկավարությունը չի քննարկել կառույցի գործունեության նպատակահարմարությունը։ Վարժարանը տեղափոխման օրվանից լիովին օժտված է միջազգային ստանդարտներին համապատասխան կրթական և մարզական պայմաններով, շարահրապարակներով, վարժասարքերով և արգելագոտիներով: Որևէ շքեղություն կամ ռազմական ուսումնական հաստատությանը ոչ հարիր երևույթ տեղ չունի մեր դարպասներից ներս:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վարժարանի կազմակերպաիրավական ձևը հիմնադրամ է, որի կանոնադրությունը հաստատվել է կառավարության կողմից: Բարձրագույն ղեկավարման մարմինը հոգաբարձուների խորհուրդն է, որն էլ ի պաշտոնե գլխավորում է ՀՀ պաշտպանության նախարարը: Որևէ ցուցում կամ կարգադրություն նախարարի կամ խորհրդի կողմից գույքը օտարելու վերաբերյալ առ այսօր վարժարանի ղեկավարությունը չի ստացել:
Վարժարանը մնում է հավատարիմ իր արժեքներին՝ գրագետ ու հմուտ ապագա զինվորականներ նախապատրաստելու դժվարին գործն անխոնջ կատարելով։ Զգալի է վարժարանի ներդրումը մեր զինված ուժերի գործունեության մեջ, եւ հատկանշական է, որ վերջին երկու տարիների ընթացքում կառույցն արձանագրում է միայն նվաճումներ։ Տարեցտարի ավելանում է դիմորդների քանակն ու բարձրանում է ընդունելության շեմը, վարժարանն աչքի է ընկնում իր սաների առաջադիմությամբ միջազգային ստուգատեսերում։
Վարժարանի ղեկավարությունը կոչ է անում բոլորին ցուցաբերել առավելագույն նրբանկատություն հատկապես, երբ խոսքը գնում է ռազմական մասնագիտության ուղղությամբ իրենց առաջին քայլերն անող մեր ապագա սպաներին»։
Հիշեցնենք, որ նախօրեին Պաշտպանության նախկին նախարար, Հանրապետական կուսակցության առաջին փոխնախագահ Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել էր Մոնթե Մելքոնյանի անվա՝ Դիլիջանում տեղակայված ռազմամարզական վարժարանի գույքի` կոմերցիոն նպատակներով օտարման մասին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը