Պաշտպանության նախկին նախարար, Հանրապետական կուսակցության առաջին փոխնախագահ Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է Մոնթե Մելքոնյանի անվա՝ Դիլիջանում տեղակայված ռազմամարզական վարժարանի գույքի` կոմերցիոն նպատակներով օտարման մասին:
«Ինձ հասած տեղեկություններով պետ.գույքի կառավարման վարչությունն ակտիվ գործընթաց է սկսել այդ ուղղությամբ: Համարել են, որ դա բանակին, հատկապես` կուրսանտներին շատ կլինի: Չէի հավատում, քանի որ աղբյուրը պետ. գույքի վարչության տեխնիկական աշխատակից էր, բայց այսօր տեղեկությունն անձամբ ինձ հաստատեց ՊՆ բարձրաստիճան մի պաշտոնյա:
Այն, ինչ մեկ տարում դարձավ տարածաշրջանի լավագույն ռազմական դպրոցը, այն ինչով կարող էինք դեպի սպայական ծառայություն գրավել մեր ամենապայծառ և կարող երիտասարդներին` փոշիացվելու է…Եթե երեկ պետք չէր ռազմահայրենասիրական դաստիարակություն, ապա այսօր, փաստացի, պետք չէ նաև ռազմական կրթություն…
Կոչ եմ անում մեր ողջ հասարակությանը, յուրաքանչյուր հայրենասեր մարդու կանգնել պաշտպանության նախարարության կողքին և թույլ չտալ զրկել մեր ապագա սպաներին լավագույն կրթական հնարավորություններից»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը