06 03 2019

Գրիբոյեդով գյուղի բնակիչները փակել են Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհը

Գրիբոյեդով գյուղի բնակիչները փակել են Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհը

Արդեն 2 ժամից ավելի է, լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Գրիբոյեդով գյուղի բնակիչները՝ ի նշան բողոքի, փակել են Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհը և պահանջում են հանդիպում՝ Արմավիրի մարզպետի հետ։

Լրատվամիջոցի հետ զրույցում գյուղացիները նշել են.

«Այս տարի մեզ մոտ լրանում է գյուղի հիմնադրման 100–ամյակը, ու 30 տարուց ավելի է, գյուղի ճանապարհները, ասես, պատերազմի դաշտ հիշեցնեն։ Մարդաբոյ փոսերը պատուհաս են դարձել մեզ համար։ Եղել են դեպքեր, երբ գյուղում մարդ է վատացել, և շտապօգնությունը կես ժամից ավելի ուշացել է։ Իսկ երբ փորձել ենք պարզաբանում ստանալ շտապօգնության բժիշկներից, նրանք մատնացույց են արել մարդաբոյ փոսերը՝ ասելով. «Ամեն մի փոսը 2 րոպե անցել ենք»։

Մեր պահանջն է, որպեսզի կառավարությունը սատար կանգնի մեր գյուղի բնակիչներին, իսկ մենք շատ բան չենք ուզում. թող 100-ամյակին նվեր անեն գյուղին՝ ճանապարհն ասֆալտապատեն, տեղադրեն երկաթբետոնե արգելապատնեշներ, մանավանդ փոքրիկ կամուրջների մոտ։ Եղել են դեպքեր, որ փոսերը փախցնելու արդյունքում վթարներ են տեղի ունեցել»։

Այս պահին գյուղ են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խմելյանը, ոստիկանության Էջմիածնի բաժնի պետ Գևորգ Հակոբյանը, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Վահան Էվինյանն ու նույն վաշտի 1-ին դասակի հրամանատար Կարեն Աբելյանը, ովքեր գյուղացիներին հորդորում են, որպեսզի ճանապարհը բացեն։

Գյուղացիներն ի պատասխան նշել են.

«Ողջ գյուղը սատարել է հեղափոխությանը, նրա լիդերին՝ Նիկոլ Փաշինյանին, ու հիմա խնդրում ենք՝ թող ինքն էլ մեզ թև ու թիկունք լինի։ Իսկ մեր ուզածը շատ բան չի՝ ասֆալտապատ ճանապարհ, ինչի հնարավորությունը, վստահ ենք, ունեն… »։

Գյուղացիները, ընդառաջելով ոստիկանությանը, ճանապարհը ժամանակավորապես բացել են։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ