Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը փետրվարի 26-ին լրագրողների հետ զրույցում մանրամասնեց, թե որոնք են Հայաստանի Հանրապետությանը բնորոշ հիմնական եթերային խնդիրները, և թե ինչ լուծումներ են պահանջվում դրանցից վերջնականորեն ձերբազատվելու համար:
Հայաստանում այս պահին գործում է 128 հեռուստառադիոընկերություն, որոնցից 120-ը` լիզենզավորված: Համապատասխանաբար`102-ը հեռուստաընկերություններ են, 18-ը`ռադիոընկերություններ, որոնցից 35-ը` եթերային, 67-ը`կաբելային, 23-ը`թվային, իսկ 12-ը`անալոգային: Ընդհանուր առմամբ, հեռուստաընկերություններից 6-ն ունի հանրապետական ծածկույթ, իսկ 9-ը` մայրաքաղաքային:
Հանձնաժողովի նախագահն ընդգծեց, որ կան 3 հիմնական խնդիրներ, որոնք ծառացած են ոչ միայն հեռուստաընկերությունների, այլև հասարակության առջև:
«Առաջինը` հայերենով հայրենական արտադրանքի խնդիրն է, երկրորդը`հանրօգուտ կոնտենտն է, որը շատ ժամանակ եթերում չենք տեսնում, և երրորդը` մարզային հեռուստաընկերություններին վերաբերող խնդիրները»,- նշեց նա:
Ըստ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի, ՀՀ հեռարձակողների եթերում պետք է պահպանվի հայրենական արտադրանքի առնվազն 55% մասնաբաժինը: Դրա մեջ կարող է ներառվել ցանկացած հաղորդում, ֆիլմ, այլ կերպ ասած`ցանկացած ֆորմատ, պրոդուկտ, որը կա'մ այստեղ է արտադրվել, կա'մ թարգմանվել է հայերեն, այսինքն` ցանկացած ամերիկյան ֆիլմ, որը թարգմանված է հայերեն, համարվում է հայրենական արտադրանք:
Հակոբյանը վստահեցրեց, որ հայրենական արտադրանքի 55% մասնաբաժինը շատ քիչ է, քանի որ անգամ Կենտրոնական Ասիայի երկրներում, օրինակ` Ղազախստանում, Ղրղզստանում, որտեղ բավականին մեծ թվով ռուսալեզու բնակչություն կա, հայրենական արտադրանքի ծավալը 70-80% է կազմում:
«Նրանք մտածում են իրենց ազգային «ես»-ի, սեփական մշակութային արժեքների պահպանման մասին: Մեզ մոտ դա չի պահպանվում: Եթե հեռուստաընկերությունը խոշոր է, ապա պահպանվում է, հակառակ դեպքում`ոչ: Մարզային հեռուստաընկերություններում ողբալի վիճակ է»,- հավելեց նա:
Տիգրան Հակոբյանը հարցի լուծման երկու տարբերակ առաջարկեց․
«Առաջարկում ենք հավաքել և ստեղծել հայերենով հաղորդումների շտեմարան, խնդրել բոլոր հեռուստաընկերություններին այդ կոնտենտը տրամադրել մարզային հեռուստաընկերություններին։
Մեկ այլ լուծում կարող է լինել մի բազայի վրա կրկնօրինակման ստուդիայի ստեղծումը, որ ֆիլմերն ու մուլտֆիլմերը թարգմանվեն և նոր սկսեն վաճառվել հեռուստաընկերություններին»,-եզրափակեց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը