19 02 2019

Հայկական գինեգործական ընկերությունները՝ միջազգային ցուցահանդեսում

Հայկական գինեգործական ընկերությունները՝ միջազգային ցուցահանդեսում

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աջակցությամբ հայկական 14 գինեգործական ընկերություններ արդեն երրորդ անգամ իրենց արտադրանքը ներկայացրեցին միջազգային «ՊրոդԷքսպո» սննդի, խմիչքների և դրանց արտադրության հումքի ամենամյա խոշորագույն ցուցահանդեսին: Այս մասին հայտնում է Հիմնադրամի լրատվության վարչությունը։

Փետրվարի 11-15-ը Մոսկվայում կայացած «PRODEXPO 2019» ցուցահանդեսին շուրջ 170 տեսակի հայկական գինիները այցելուներին ներկայացվեցին միասնական տաղավարով:

Ցուցահանդեսի շրջանակներում հայկական մի շարք գինիներ արժանացել են 5 ոսկե, 4 արծաթե մեդալների և այլ մրցանակների:

ՀԽԳՀ գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը նշել է. «Այս տարի բավականին մեծ էր միջազգային գնորդների, դիստրիբյուտորների, ու մասնագետների հետաքրքրությունը հայկական տաղավարի ու հայկական գինիների նկատմամբ. Մեր տաղավարը ցուցահանդեսի ամբողջ ընթացքում մշտապես բազմամարդ էր, ու բոլոր այցելուները գոհ էին հեռանում մեր տաղավարից: Հայաստանը ռուսական շուկայում արդեն ճանաչելի է ոչ միայն կոնյակագործության, այլև որպես որակյալ գինիներ արտադրող երկիր: Ռուսաստանը մեր գինիների արտահանման հիմնական ուղղություններից մեկն է: Հիմնադրամը, ընկերությունների հետ համատեղ, նպատակ ունի առավել ամրապնդելու և ընդլայնելու իր դիրքերը տվյալ շուկայում՝ շնորհիվ տեղածին սորտերից պատրաստվող բարձրորակ, առանձնահատուկ գինիների: Բացի այդ, այս ցուցահանդեսը հիանալի հարթակ է միջազգային նոր շուկաներ մուտք գործելու համար»:

Բարձր է եղել դեպի հայկական տաղավար գինու գնորդների, դիստրիբյուտորական ցանցերի ներկայացուցիչների այցելության ցուցանիշը, որի արդյունքում ձեռք են բերվել համագործակցության բազմաթիվ նախնական պայմանավորվածություններ:

«PRODEXPO 2019» ցուցահանդեսի շրջանակներում կազմակերպվել են նաև հայկական գինիների մասին դասախոսություններ ու համտես-քննարկումներ «Բիգատի» գինու մասնագիտացված բարում, «Էնոտրիա» գինու դպրոցում և Սոմելյեների մոսկովյան դպրոցում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ