«Սյունյաց երկիր»-ը գրել է. «Փետրվարի լույս 5-ի գիշերը, ժամը 5.20-ի սահմաններում Կապանում հրկիզվել է «Սյունյաց երկիր» թերթի խմբագրության մեքենան:
Այն հրկիզվել է Շահումյան 20 շենքի բակում. այդ շենքի 2-րդ հարկում է տեղակայված թերթի խմբագրատունը:
Ըստ թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի՝ հրկիզումը կարող էր կատարվել բացառապես թերթի ու նրա խմբագրի մասնագիտական գործունեության պատճառով:
Դեպքը գուցեև տեղի չունենար, եթե 2018 թ. օգոստոսի 13-ին թերթի խմբագրի դեմ սպանության, առողջությանը ծանր վնաս հասցնելու առիթով հարուցված քրեական գործը նպատակին ծառայեր ու չկասեցվեր, հանցագործը բացահայտվեր:
Դեպքը գուցեև տեղի չունենար, եթե հանրապետության ղեկավարներն ու իրավապահ մարմիններն արձագանքեին թերթի խմբագրի դեմ 2018 թ. հունվարի 16-ին ՌԴ Տամբովի մարզի Միչուրինսկ քաղաքում կատարված առևանգման փորձին:
Դեպքը գուցեև տեղի չունենար, եթե բացահայտվեին 2017 թ. հուլիսի 10-ին թերթի կայքի վրա կատարված հակերային հարձակման հեղինակները. այդ առիթով հարուցված քրեական գործը նույնպես կասեցվել է:
Դեպքը գուցեև տեղի չունենար, եթե երկրի պատկան մարմինները բացահայտեին, թե ինչ հանգամանքների արդյունքում է 2018 թ. հունվարի վերջին և փետրվարի սկզբին, մեկ շաբաթվա ընթացքում, թերթի խմբագրի և խմբագրության աշխատակցի դեմ միանգամից հարուցվել 6 քրեական գործ, բոլորն էլ՝ այդ օրերի մարզպետի ենթակաների տված սուտ մատնության հիման վրա. ի դեպ, մատնությունների տեքստերը, գրեթե նույն բովանդակությամբ և բառացի կրկնությամբ, հորինվել են Սյունիքի մարզպետարանում:
«Սյունյաց երկիրը» վերջին 2-3 տարում բազմաթիվ անգամ անդրադարձել է Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի սյունիքյան վնասարարությանը, ինչպես և «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության գործունեությանը: Թերթը, ընդառաջ գնալով հազարավոր սյունեցիների ցանկություններին, մասնավորապես պահանջել է բացահայտել Քաջարանի կոմբինատի սեփականատերերին և զսպել Սյունիք ներխուժած հրոսակների ախորժակը:
Միայն այսօր Քաջարանի կոմբինատի ղեկավարները քաղաքացիական 13 հայց ունեն ընդդեմ Սամվել Ալեքսանյանի և թերթի հիմնադիր «Սյունյաց աշխարհ» ՍՊԸ-ի:
Ընդ որում՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն անթաքույց լծվել է Քաջարանի կոմբինատի ծպտված սեփականատերերի պաշտպանությանը:
Հայցերից մեկի ապահովման նպատակով նույնիսկ Սյունիքում դադարեցվել է ՀՀ սահմանադրության 42-րդ հոդվածի գործունեությունը, ավելի կոնկրետ՝ «Սյունյաց երկիր» թերթին ու կայքին արգելվել է որևէ կարծիք հայտնել կոմբինատի սոցիալական դեպարտամենտի ղեկավար Զարուհի Տոնապետյանի մասին:
Տասնմեկ մլն դրամի չափով, նույն դատարանի որոշմամբ, արգելանք է դրվել թերթի խմբագրի անձնական ունեցվածքի վրա:
Նույն դատարանը, խախտելով ընդդատության գործող կանոնները, վարույթ է ընդունել նաեւ Քաջարանի կոմբինատի տնօրեն Մհեր Պոլոսկովի հայցը, որի հաշվառման վայրը Ռուսաստանի Դաշնությունում է եւ, դատավարության գործող կանոնների համաձայն, հայցը պետք է վարույթ ընդունվեր բացառապես Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
Նույն դատարանը երեք ամիս շարունակ ջանքեր է գործադրում, որ Քաջարանի կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Նարեկ Ամբարյանի հայցը, ում եղբայրը Հայաստանի զինվորական դատախազի տեղակալն է, դատաքննվի դռնփակ դատական նիստերում, ինչի համար իրավական որեւէ հիմք չկա:
Ահա այսպիսի մթնոլորտում էլ 2019 թ. փետրվարի 5-ի վաղ առավոտյան տեղի է ունեցել խմբագրության մեքենայի հրկիզումը:
Եվ, այդ բոլորով հանդերձ, ըստ Սամվել Ալեքսանյանի, թերթը և կայքը շարունակելու են գործել բնականոն հունով, ոչ մի հրոսակ, ոչ մի գաղութարար, որքան էլ վայելեն երկրի բարձրաստիճան ղեկավարների հովանավորությունը, չեն կարողանալու կասեցնել մեր ընթացքը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը