21 06 2023

Որևէ մեկը չի օգնելու․ մենք մենակ ենք, Արցախը պաշարված է, աշխարհն էլ ապրում է սովորական կյանքով․ խմբագիր

Որևէ մեկը չի օգնելու․ մենք մենակ ենք, Արցախը պաշարված է, աշխարհն էլ ապրում է սովորական կյանքով․ խմբագիր

 

«Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը գրում է․

«Պապս չէր թողնում մեր ձորակով թուրք անցներ: Նրան շատ աղոտ եմ հիշում, գրեթե չեմ հիշում, ընդամենը մի դրվագ՝ գյուղամիջյան ճանապարհին ձեռքս բռնած քայլում էինք, ինքը շատ բարձրահասակ էր և կռացած էր ձեռքս բռնել, էլ ոչինչ չեմ հիշում: Սկսել եմ ինձ մեղադրել, որ չեմ հիշում: Փոքր էի, 2,5 տարեկան: Նրա մասին պատմություններն ուշ եմ իմացել: Վերջին անգամ նրա մասին պատմել էր հորաքրոջս աղջկա ամուսինը, որն անցյալ տարի մահացավ, մեր գյուղը՝ Քարին տակը գրավելուց հետո։ Նրանք էլ են կորցրել իրենց տունը:

Հարազատներս, ընկերներս ինչպե՞ս են շարունակելու ապրել, նրանց տները Շուշիում են, Քարին տակում, Ստեփանակերտում, Հադրութում: Տուն կորցրած մարդկանց հետ դժվար է զրուցել, ինչի՞ մասին կարող ես խոսել այդ մարդկանց հետ: Նրանց ամբողջ կյանքն էդ տների հետ է շաղկապված: Նրանցից շատերը հենց իրենք են կառուցել իրենց տները, մի մասն էլ հորական, պապական տներում էր ապրում: Չեմ ուզում հանդիպել նրանց:

Մի շաբաթ առաջ Երևանում ապրող ընկերներիցս մեկը զանգեց, ասաց՝ ինչո՞ւ չես երևում, արի՝ կզրուցենք: Ասում եմ՝ ինչ կա զրուցելու: Ասում է՝ լավ, գոնե կնստենք իրար հետ: Նրանք հարցեր են տալիս ռուսներից, ամերիկացիներից, եվրոպացիներից: Հարցնում են՝ չեն կարո՞ղ մի բան անել: Ասում եմ՝ ոչ, որևէ մեկը որևէ բան չի անելու: Հարցերն ուրիշ ձևով են փորձում ձևակերպել, բայց նույն պատասխանն եմ տալիս, որևէ մեկը չի օգնելու: Մենք մենակ ենք, ասում եմ: Իսկ հիմա Արցախը լրիվ կտրվել է արտաքին աշխարհից, պաշարված է: Սնունդը վերջանում է, հիվանդների դեղերը վերջանում են: Աշխարհին չի էլ հետաքրքրում դա: Աշխարհը իր ճոճքի մեջ ապրում է սովորական կյանքով:

Ու հիմա եմ հասկանում եմ, թե պապս ինչու էր ղաչաղ դարձել ու մի քանի հոգով ձորակ էին պահում: Նրա երեք եղբայրները կուլակաթափության ժամանակ իրենց ոսկիները վերցրել են ու փախել Ղարաբաղից: Մեկը տնավորվել էր Տաշքենդում (հայտնի մարդիկ էին դարձել նրա զավակներ), մյուսը՝ Աշխաբադում (երկու դուստրերը Թուքմենստանի ամենահայտնի բժիշկներն էին), երրորդը՝ Աստրախանում: Մայրս հետո նրանց զավակներին գտել էր: Իսկ պապս, որ եղբայրներից փոքրն էր, չէր գնացել նրանց հետ: Չգիտեմ՝ ինչու չէր գնացել եղբայրների հետ ու hետո ղաչաղ էր դարձել»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ