Մենք որդեգրել ենք բաց և թափանցիկ գործելաոճ և ի սկզբանե պատրաստակամություն ենք հայտնել ամբողջ ծավալով բացահայտել պահանջվող տեղեկատվությունը: Այս մասին հունվարի 30-ին լրագրողների հետ զրույցում նշեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի իրավաբանական դեպարտամենտի ղեկավար Պերճ Խաչատրյանը:
Հարցին, թե արդյոք կոմբինատի սեփականատերերի շարքում չկա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նա պատասխանեց. «Շատ ուրախ ենք, որ մեր բացահայտումների արդյունքում հասարակությունը կտեղեկանա ոչ միայն մեր իրական սեփականատարերի անվանական տվյալներին՝ մինչև ամբողջ շղթան, այլև ամբողջ ֆինանսատնտեսական գործունեությանը և ծավալներին: Երբ կհրապարակվի իրական սեփականատերերի ցանկը, դուք կտեսնեք: Այս պահին չեմ հրապարակում որևէ սեփականատիրոջ տվյալ: Մենք նաև տեղեկատվություն ենք տրամադրել, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանը հանդիսանում է մեր սեփականատերերից, թե ոչ: Մենք հերքել ենք, որ ոչ»:
Նրա խոսքով՝ սեփականատերերի տվյալների հրապարակումը տեղի կունենա մինչև 2019-ի ավարտը. «Համապատասխան օրենքի նախագիծը դեռ չի ընդունվել ԱԺ-ի կողմից, ընդունվելուց հետո բոլոր տնտեսվարող սուբյեկտները այս ոլորտի պարտավորված կլինեն սահմանված կարգով և ժամկետում հրապարակել տվյալները»:
Հիշեցնենք, որ դեռևս 2018 թվականի օգոստոսի 28-ին Yerevan.Today-ը հրապարակել էր հերքում այդ թեմայով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը