Բազմիցս են հնչում տեսակետներ քաղաքական գործիչներից, ազատամարտիկներից, թե արցախյան ազատամարտի տարիներին Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը դեմ էր որոշ շրջաններ ազատագրելուն և ազատագրումից հետո ակտիվորեն կոչ էր անում վերադարձնել այդ տարածքները, մասնավորապես՝ Աղդամը, Քելբաջարը ։
Ռոբերտ Քոչարյանը «Կյանք և ազատություն» գրքի երկրորդ մասում՝ Ղարաբաղին վերաբերող հատվածում, ուշագրավ փաստեր է հրապարակում հողերի ազատագրման գործողություններից։
Հրապարակում ենք գրքի՝ Քելբաջարի, Աղդամի ազատագրմանը վերաբերող հատվածները
Քելբաջար
Բնությունն այս տեղերում ապշեցուցիչ գեղեցիկ ու բազմազան է. ուղղաբերձ ժայռերն ասես վեհատես, անտառներով ծածկված լեռներից են աճում: Ձորը մեկ սեղմվում էª դառնալով նեղ կիրճ, որի հատակին մռնչում է գետը, մեկ վերածվում ընդարձակ ու լուսավոր հովտի: Իսկ հետո գեղատեսիլ բնապատկերը չքանում է, լանդշաֆտը խստանում, անապատ է հիշեցնում, ուր ամենաանսպասելի տեղերում վեր են հառնում դեղնադարչնագույն, ասես ավազից ու հրաբխային լավայից կերտված սարերն ու քարասյուները: Մարտակերտ չհասածª պատկերը լրիվ փոխվում է. այստեղ հորիզոնով մեկ ձգվում են Մռավի լեռնաշղթայի բարձր գագաթները, որոնք համարյա կլոր տարին պատված են ձյունով:
Զորքերում ոգևորություն էր տիրում, բոլորը կանխազգում էին Մարտակերտի շուտափույթ ազատագրումը: Ձգտելով փրկել վիճակըª հակառակորդը Քելբաջարի շրջանում տեղակայված զորքերով հարձակման անհաջող փորձ արեց:
Ադրբեջանի այդ բարձրլեռնային շրջանը մեզ համար բացառիկ նշանակություն ուներ իր աշխարհագրական դիրքի պատճառով: Հյուսիսից սահմանակցելով Լաչինի շրջանինª այն խրվում էր Ղարաբաղի ու Հայաստանի արանքը: Մեր զորքերը Մարտակերտի շրջանում խոցելի վիճակում էին հայտնվում, քանի որ նրանց կարելի էր գրոհել ոչ միայն հյուսիսից ու արևելքից, այլև արևմուտքիցª Քելբաջարի կողմից: Քելբաջարի շրջանի վերահսկողությունը մեզ թույլ կտար բոլոր ուժերը կենտրոնացնել արևելյան ու հյուսիսարևելյան ուղղություններով: Հյուսիսում Քելբաջարը Ադրբեջանի հարևան շրջանից բաժանում էր բարձր լեռնաշղթան: 3200 մետր բարձրության վրա գտնվող Օմարի լեռնանցքով էր անցնում միակ ճանապարհը, և այն պահելու համար մեզնից մեծ ուժեր ու միջոցներ չէին պահանջվի: Բացի դրանիցª ռազմաճակատի գիծը կրկնակի կրճատվում էր: Մի խոսքով, Քելբաջարի շրջանի ազատագրումը մեզ համար ռազմական անհրաժեշտություն էր դարձել, առանց որի Մարտակերտի ուղղությամբ հաջողությունը կարճատև կլիներ: Պատերազմի ընթացքում Շուշիից հետո ամենանշանակալի այդ գործողությունն իրականացնելու համար, ինչպես վերջերսª Մարտակերտում, բոլոր պաշտպանական շրջաններից կենտրոնացրինք գրոհային ստորաբաժանումներ ու մեր հիմնական հարվածային ուժըª ՑՕՐ-ը: Գործողության ղեկավարումը հանձնարարվեց Մոնթե Մելքոնյանին:
Հարձակումը սկսվեց մարտի 27-ին, և արդեն ապրիլի 2-ին մեր զորքերը, մարտերով ազատագրելով մի քանի գյուղ, դուրս եկան կարևոր խաչմերուկը, որտեղից ճանապարհը նեղ կիրճով տանում էր դեպի Օմարի լեռնանցք: Լիակատար շրջապատման մեջ հայտնվելուց վախենալովª հակառակորդը խուճապի մատնվեց ու սկսեց անկանոն նահանջել: Բնակչությունը հետևեց զինվորականներին: Քաղաքացիական բնակչության շրջանում զոհերից խուսափելու համար մենք դադարեցրինք զորքերի առաջխաղացումը և ավելի քան մեկ օր հետևում էինք, թե մարդիկ ինչպես են Մռավի լեռնաշղթայով հեռանում Գյանջայի կողմը: Ապրիլի 5-ին մեր ստորաբաժանումներն ազատագրեցին Օմարի լեռնանցքն ու լիակատար հսկողության տակ վերցրին Քելբաջարը: Իսկ շուտով պարզվեց, որ խուճապի մատնվելովª Քելբաջարի բնակիչների հետ հեռացել է նաև Լաչինի ամբողջ բնակչությունը:
Անմիջաբար մարտական գործողությունների հետևանքով զոհված քաղաքացիական անձանց թիվը, պարզվեց, շատ փոքր է, միայն հետագայում ադրբեջանական աղբյուրներից տեղեկացանք, որ բոլորը չեն կարողացել հաղթահարել լեռնաշղթան. գիշերը ցուրտ էր, ու ճանապարհին սառածներ կային: Մենք 14 զոհ էինք տվել: Գործողության ժամանակ մերձամարտում փորից ծանր վիրավորվել էր ՑՕՐ-ի ստորաբաժանման հրամանատար Սամվել Կարապետյանըª Ղարաբաղի ամենաճանաչված մարտական սպաներից մեկը:
Գործողության ընթացքում նաև տհաճ անակնկալներ եղան: Հարձակման ամենաթեժ պահին ինձ զեկուցեցին, որ ազգային ռադիոյով արդեն երկրորդ օրն էª հաղորդում են Քելբաջարի ազատագրման անթույլատրելիության ու անպատասխանատվության և Հայաստանի համար հնարավոր անկանխատեսելի հետևանքների մասին: Կատաղեցի. ռազմական գործողության ժամանակ ազգային ռադիոյով այդպիսի հաղորդո±ւմ: Մարտիկները, որ հենց այս պահին այնտեղ մարտական առաջադրանք են կատարում, պիտի լսեն այդ զառանցա±նքը: Դրանից դավաճանության հոտ էր գալիս: Կապվեցի Զորի Բալայանի հետ ու խնդրեցի ռադիոյում պարզել, թե ով է կանգնած դրա հետևում: Մի քանի ժամ անց հայտնեց, որ նրանք զանգ են ստացել նախագահի վարչակազմից. Սերգեյ անունով (ազգանունն արդեն չեմ հիշում) մեկին են ուղարկել հատուկ ծրագրերի կոմիտեից,- այն նույն կոմիտեից, որ զբաղվում էր Ղարաբաղով,- պատրաստի վերլուծական նյութով: Հանձնարարեցի գտնել այդ Սերգեյին ու պարզել, թե ով է նրան այդպիսի հանձնարարություն տվել: Սերգեյին վերցրին հենց աշխատավայրում, բերեցին Ղարաբաղ ու հարցաքննեցին: Պարզվեց, որ գործել է Աշոտ Մանուչարյանիª Հայաստանի նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականի ցուցումով: Աշոտը, որ հանրահավաքային շրջանում «Ղարաբաղ» կոմիտեի ամենավառ անդամներից մեկն էր, հետագայում պետական ծառայության համար միանգամայն անպիտան դուրս եկավ: Որոշ գերատեսչությունների տանիքի տակ այլ գերատեսչությունների անհասկանալի ստվերային կառույցներ ստեղծելու նրա սևեռումը ոչնչացնում էր իշխանության ինստիտուցիոնալության սաղմերը: Մանուչարյանի բուռն երևակայությունը ամենապարզ դեպքերը վերափոխում էր բարդագույն վիրտուալ սխեմաների, որոնց դեմ նա պայքարում էր համաշխարհային գործընթացների ստվերային կառավարմանª միայն իրեն հայտնի տրամաբանությամբ: Չնայած տեղի ունեցածը հատուկ էր Աշոտին, չէի ուզում հավատալ, որ մասնակից է եղել: Բայց... Կարդացի Սերգեյիª չորս էջանոց, մանրատառ բացատրությունը: Նկարագրվածի անկեղծությունն ու ճշմարտացիությունը կասկած չէին հարուցում:
Գործողությունը հաջողությամբ ավարտելուց մեկ շաբաթ անց մեկնեցի Երևանª մի քանի հարց լուծելու: Մտա նաև Տեր-Պետրոսյանի մոտ, պատմեցի ռադիոհաղորդման մասին ու բացատրություն խնդրեցի: Տեր-Պետրոսյանը կտրականապես ժխտում էր իր մասնակցությունն այդ տհաճ պատմությանը, ասաց, որ Աշոտի ինքնագործունեությունն է, որին ինքը տեղյակ չի եղել: Խոստացավ պարզել: Աշոտի հետ չփորձեցի հանդիպելª վախենալով, որ չեմ դիմանա ու կոպիտ բաներ կանեմ: Մի քանի «ջերմ» խոսք ասացի հեռախոսով: Մի քանի շաբաթից Մանուչարյանը հրաժարական տվեց ու դարձավ ամենակատաղի ընդդիմադիրներից մեկը:
***
Քելբաջարից փախչող հակառակորդը թողել էր այն ամենը, ինչ տանել չէր կարողացել: Մենք էականորեն համալրեցինք մեր պաշարները այդ կաթսայում հայտնաբերած զրահատեխնիկայով, զինամթերքով, վառելիքով ու պարենով: Քելբաջարում տեղակայեցինք Հայաստանի ՊՆ ենթակայության տակ գտնվող ջոկատներն ու շրջանը հանձնեցինք հանրապետության հսկողությանը: Ինքնապաշտպանության մեր ուժերը տեղափոխվեցին արևելյան ուղղություն, որտեղ պիտի ավարտեին Մարտակերտի ազատագրումը:
Ապրիլի վերջն ու մայիսը համեմատաբար խաղաղ անցան: Տեղական նշանակության մարտերում հետ ազատագրեցինք կարևոր բարձունքներ Մարտունու և Հադրութի ուղղություններովª ամուր պահելով նախաձեռնությունը ռազմաճակատներում: Հունիսի կեսին սկսվեց Մարտակերտ շրջկենտրոնի ու մերձակա գյուղերի ազատագրման գործողությունը, իսկ ամսվա վերջին լիակատար վերահսկողության տակ վերցրինք Մարտակերտի շրջանը:
***
Քելբաջարի ազատագրումից հետո միջնորդները սկսեցին ուժեղ ճնշում գործադրել մեզ վրա՝ պահանջելով շրջանը վերադարձնել Ադրբեջանին: Ըստ երևույթին, նրանց թվացել էր, թե մեր հաջողությունը փոխել է իրավիճակը, սակարկության առարկա է հայտնվել՝ Քելբաջարը, և կարելի է գտնել հակամարտությունը կարգավորելու բանաձևը: Հայաստանի ղեկավարությունը լրջորեն անհանգստացած էր այդ ճնշումից՝ համարելով, որ մեր անզիջում դիրքորոշումը կարող է պատժամիջոցների ու երկրի միջազգային մեկուսացման պատճառ դառնալ: Մեզ համար ավելի հեշտ էր. մենք ընտրություն չունեինք: Գոյատևման պատերազմ էր, և Քելբաջարը վերադարձնելը որպես ինքնասպանություն էինք ընկալում: Սուիցիդային հակումներ չունեինք, ավելին՝ արդեն զգացել էինք հաղթանակի համը: Իհարկե, այդ կարգի բանաձևերը մեզ էլ էին անհանգստացնում, բայց ոչ այնքան, որ ակնհայտ հիմարություններ անեինք: Ղարաբաղը չճանաչված հանրապետություն էր մնում, մեզ վրա ուղղակի ճնշում գործադրելու լծակներ չկային, և, բնականաբար, ողջ ճնշումը կենտրոնանում էր Հայաստանի վրա: Տրամաբանությունը հասկանալի էր. քանի որ Հայաստանն օժանդակում է Ղարաբաղին, նրա վրա էլ ընկնում է մեզ մոտ տեղի ունեցողի պատասխանատվությունը:
Ղարաբաղի իրադարձությունները մշտական գլխացավանք էին դարձել Տեր-Պետրոսյանի համար. վախենում էր, որ դրանք կարող են հանգեցնել երկրի համար ծանր հետևանքների: Ես ըմբռնումով էի մոտենում նրա տագնապին, բայց այն չափազանցված էի համարում: Ինձ չէր լքում համոզվածությունը, որ բանաձևերին ոչ մի պատժամիջոց էլ չի հաջորդի: ՍՍՀՄ փլուզումն այնքան արագ էր տեղի ունեցել, որ համաշխարհային ու տարածաշրջանային խաղացողները դժվար թե հասցրած լինեին որոշարկել իրենց երկարաժամկետ հետաքրքրությունները Հարավային Կովկասում: Ուրեմն և կտրուկ շարժումներ չեն անի, ու ամեն ինչ կախված կլինի դե ֆակտո ձևավորվող իրավիճակից: Դրա համար էլ մենք շտապում էինք ամրապնդել ռազմական հաջողությունն ու առավելագույնը ստանալ, մինչև որ բոլորը աշխարհաքաղաքական առումով մարսած կլինեն ՍՍՀՄ փլուզումը:
Հայաստանի ղեկավարության արձագանքը հասկանալի էր. իրենց նախևառաջ պատասխանատու էին զգում ամբողջ երկրի համար: Նաև գումարվում էր հետսովետական երկրներում առկա մտածողության յուրահատկությունը. շատերին թվում էր՝ սովետական Քաղբյուրոյից հետո իրենց գլխին ինչ-որ համաշխարհային քաղբյուրո կա Բրյուսելում կամ Վաշինգտոնում: Իսկ մեզ մոտ՝ համաշխարհային հանրության կողմից չճանաչված Ղարաբաղում, միջազգային գործերում անարխիա էր:
Հայաստանի Անվտանգության խորհուրդը հունիսի 12-ին արտագնա նիստ էր նշանակել Գորիսում, որին հրավիրվել էր Ղարաբաղի ղեկավարությունը: Նիստի նպատակն էր Քելբաջարը Ադրբեջանին վերադարձնելու համաձայնություն ստանալ մեզնից: Առաջարկվում էր վերադարձնել Քելբաջարը, դադարեցնել ռազմական գործողություններն ու խաղաղապահ զորքեր մտցնել տարածք: Այդ ամենը բացարձակապես չէր համապատասխանում իրավիճակի մեր տեսլականին և, ինչպես մեզ այն ժամանակ թվում էր, առավելապես բխում էր միջնորդների շահերից: Ես կարծում էի, որ այդ իրավիճակում խաղաղապահ ինչ ուժեր էլ լինեն՝ չեն ապահովի Ղարաբաղի անվտանգությունը: Մի խոսքով, մենք մտադիր չէինք հանձնել Քելբաջարը. դրա համար չէինք վերցրել:
Գորիս մեկնելու նախօրեին մի քանի հեռախոսային խոսակցություն ունեցա Տեր-Պետրոսյանի հետ, որոնց ընթացքում նա խիստ կտրական էր արտահայտվում Քելբաջարը հանձնելու վերաբերյալ՝ դա անխուսափելի քայլ համարելով: Հասկանում էի, որ նա իր տեսակետը չի փոխի, ուստի Գորիսում հեշտ հանդիպում չի սպասվում. մեզ վրա ուժեղ ճնշում է լինելու: Տեր-Պետրոսյանի հետ բախվել չէի ուզում. Չէ՞ որ Հայաստանի հետ մեկտեղ լուծելու բազմաթիվ հարցեր ունեի, ու լավ հարաբերությունները չափազանց կարևոր էին: Իսկ, այ, եթե Քելբաջարը հանձնելու դեմ հանդես գային ԳԽ նախագահության անդամները, իդեալական տարբերակ կլիներ: Նախագահության մեծ մասը դաշնակցականներ էին, իսկ նրանց կուսակցության հարաբերությունները Հայաստանի ղեկավարության հետ առանց այն էլ հարթ չէին: Եվ ես Տեր-Պետրոսյանին առաջարկեցի Գորիս հրավիրել Ղարաբաղի խորհրդարանի ամբողջ ղեկավարությանը: Նրանք 1993 թվականի ձմեռվանից արդեն աշխատում էին, չնայած դեռ նիստեր չէին անում: «Գիտե°ս,- ասում եմ Լևոնին,- դա շատ կարևոր հարց է: Քննարկմանը պիտի մասնակցի Գերագույն խորհրդի ամբողջ ղեկավարությունը, որ հետո ոչ մի սպեկուլյացիա չլինի: Մանավանդ որ մեծամասնությունը դաշնակցականներն են, ու եթե նրանք Քելբաջարը վերադարձնելու կողմ քվեարկեն, դա թույլ չի տա՝ Դաշնակցության կողմից բողոքի տրամադրություններ բորբոքվեն Հայաստանում»: Տեր-Պետրոսյանը համաձայնեց: Մնում էր պայմանավորվել մեր խորհրդարանի ղեկավարության աջակցության վերաբերյալ:
Գորիս մեկնեցի մեր արտաքին գործերի նախարար Արկադի Ղուկասյանի ու Սամվել Բաբայանի հետ: Ճանապարհին շրջանցեցինք ԳԽ նախագահության ներկայացուցիչների մեքենան ու հենց ճանապարհին խոսեցինք նրանց հետ: Ես ուղիղ ասացի.
- Տղե°րք, ախր, դուք դեմ եք Քելբաջարը հանձնելուն: Չեմ ուզում փչացնել հարաբերությունները Հայաստանի նախագահի հետ, մեզ ամենօրյա աշխատանք է սպասում: Վերցրեք կտրուկ մերժման նախաձեռնությունը, բացատրեք, որ դա սպառնալիք է ստեղծում Ղարաբաղի անվտանգության համար: Պայմանավորվեցի՞նք:
- Հա՛, իհա՛րկե, մենք ամեն ինչ կբացատրենք: Ոչ մի դեպքում չի կարելի հանձնել Քելբաջարը,- համաձայնեցին նրանք:
Հասանք Գորիս: Անվտանգության խորհրդի նիստը տեղի էր ունենալու սովետական ժամանակներից մնացած հյուրատանը, որը քաղաքից մի քանի կիլոմետրի վրա, լճափնյա ոչ մեծ շինություն էր: Հայաստանը, բացի նախագահից, ներկայացնում էին խորհրդարանի նախագահ Բաբկեն Արարքցյանը, Վազգեն Սարգսյանը, նախագահի խորհրդական Դավիթ Շահնազարյանը, որը Ղարաբաղի հարցով ակտիվ բանակցություններ էր վարում, ու էլի ինչ-որ մեկը, արդեն չեմ հիշում: Ղարաբաղից, բացի ինձնից, Արկադիից ու Սամվելից, եկել էին Լևոն Մելիք-Շահնազարյանը, Վալերա Բալայանն ու ԳԽ նախագահության էլի մի քանի անդամ: Ի զարմանս բոլորիª հանկարծ պարզվեց, որ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ Գեորգի Պետրոսյանը չկա: Մյուս խորհրդարանականները հավատացնում էին, որ շուտով կհասնի, որ իրենց հետ միաժամանակ է դուրս եկել, ճիշտ է, ճանապարհին նրան կորցրել են, բայց մտածել էինª առաջ է անցել և արդեն տեղում է: Բայց Գեորգին չկար:
Անվտանգության խորհրդի նիստը սկսվեց: Խոսք վերցրեց Տեր-Պետրոսյանը: Խարիզմատիկ, բնույթով տիրականª նա միշտ էր համոզիչ խոսում, իսկ այս անգամ առանձնակի պերճախոս էր: Խոսեց ընթացիկ պահի ամբողջ ծանրության մասին, թվարկեց, թե ինչ պատճառներով է անհրաժեշտ համարում լսել միջազգային հանրության կարծիքը, վախեցրեց վատ հետևանքներով և ամփոփելով՝ անառարկելի հայտարարեց.
- Ոչ մի այլընտրանք չկա ու չի կարող լինել, Քելբաջարն անհրաժեշտ է վերադարձնել միջնորդների առաջարկած սխեմայով: Անգամ Ելցինն է զանգել ինձ: Ի՞նչ կարծիքներ կան այս հարցի վերաբերյալ:
Նայում եմ մեր խորհրդարանականներին... իսկ նրանք նստել ու լռում են:
Հասկանում եմ, որ Տեր-Պետրոսյանը նրանց չի համոզել, բայց տեսնում եմ, որ ոչ մեկը չի համարձակվում առարկել, ուրեմնևª գնալ առճակատման: Փորձեցի ոտքով հրել կողքիս նստածին, մյուսների հայացքներն եմ փնտրում, բայցª ապարդյուն. բոլորը փախցնում են աչքերը: Եվ ինքս սկսեցի առարկել, սկզբում՝ զգույշ, հետո՝ աստիճանաբար տաքանալով, ավելի ու ավելի կտրուկ: Խոսում էի այն մասին, որ համաշխարհային հանրության տարատեսակ բանաձևերի հանդեպ վախը չպիտի գերակշռի ԼՂՀ բնակչության համար պատասխանատվությանը: Հիշեցրի, որ բոլորովին վերջերս, երբ առավելությունն Ադրբեջանի կողմն էր, նույն համաշխարհային հանրությունն իրեն նեղություն չէր տալիս որևէ բանաձև ընդունելու Արցախի գլխին կախված ոչնչացման վտանգի մասին: Ինչո՞ւ, ուրեմն, մենք հիմա պետք է զոհաբերենք մեր երկրի անվտանգությունը, այդ հանրությանը դուր գալու համար: Բանավեճ սկսվեց ՀՀ Անվտանգության խորհրդի անդամների հետ, միացան նաև ղարաբաղցիները: Բանավեճն ակնթարթորեն սուր բնույթ ստացավ, ու գնա՜ց... Ես երբեմն ինձ չափից դուրս կտրուկ ու կոպիտ էի պահում, և կարող էր տպավորություն ստեղծվել, թե դիտմամբ կոնֆլիկտ եմ հրահրում նիստը տապալելու համար: Բայց դա բոլորովին այդպես չէր, ուղղակի այնպիսի ցավոտ թեմա էր քննարկվում, որ չէի կարող հանգիստ մնալ: Տեր-Պետրոսյանը լսեց, լսեց, հետո սևեռուն նայեց ինձ ու ասում է.
- Սպասի՛ր, Ռոբե՛րտ... Դու, ի՞նչ է, բոլորից ավելի՞ ես դեմ:
- Դե, իհարկե, դեմ եմ,- պայթեցի ես:- Մենք նրա համար չենք վերցրել Քելբաջարը, որ հետո հետ տանք:
Եվ այստեղ, վեճի ամենաթեժ պահին, հայտնվում է Գեորգի Պետրոսյանը: Ինձ թվաց՝ խմած է, համենայնդեպս, շատ գրգռված էր: Գեորգին ժամուկես ուշացել էր, ու մինչ նրա գալը կրքերն արդեն ծայրահեղ շիկացած էին: Իսկ նա, մտնելով սենյակ, որտեղ նիստն էր, հենց շեմից հուզված հայտարարեց. «Վե՛րջ, ես ամեն ինչ որոշել եմ, թողեք ասեմ, ես...»: - «Ի՞նչ ես որոշել»: - «Պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա»: Ես նետվում եմ նրա կողմը. «Ի՞նչ պատասխանատվություն: Դու ո՛վ ես»: Իսկ նա համառորեն շարունակում է. «Ես վերցնում եմ պատասխանատվությունը, ես ամեն ինչ հասկանում եմ: Հասկանում եմ, որ դա ճիշտ չէ: Հասկանում եմ, որ... բայց... Այո՛, Քելբաջարը պետք է հանձնել»: Այստեղ նույնիսկ կուսակիցները հարձակվեցին նրա վրա. «Ի՜նչ ես ասում, Ժո՛րա»: Բայց նա համառորեն իրենն էր պնդում: Բոլորը տարակուսած իրար էին նայում՝ չհասկանալով՝ ինչ է պատահել Ժորային, փոխարենը՝ Տեր-Պետրոսյանը շատ ուրախացավ և անմիջապես կառչեց նրա ասածից: Դավիթ Շահնազարյանին ասում է. «Վե՛րջ: Նախագահության նախագահը համաձայն է: Պետք է անմիջապես հայտնել Մոսկվա, որ որոշումն ընդունված է»: Իսկ Գորիս շրջկենտրոնում Մոսկվայի հետ կապի միակ միջոցն այդ ժամանակ ֆաքսն էր՝ վարչակազմի ղեկավարի աշխատասենյակում: Տեր-Պետրոսյանը հրամայում է. «Գնացեք ու Կազիմիրովին ֆաքս ուղարկեք, որ հայկական կողմն ընդունում է Քելբաջարը հանձնելու պայմանները»: Դավիթ Շահնազարյանն անմիջապես դուրս եկավ, իսկ Գեորգին մի քանի րոպեից հետևեց նրան:
Սկսեցինք սպասել: Տեր-Պետրոսյանը փայլում է, ղարաբաղցիները՝ սգավոր տրամադրությամբ, չարացած նստել՝ իրար հետ չենք խոսում: Սեղան է գցած, պատառը կուլ չի գնում: Իմ գլխում միայն մի միտք է. Գրո՜ղը տանի, ինչպես դուրս պրծնենք այս պատմությունից: Քառասուն րոպեից Դավիթը զանգում է Տեր-Պետրոսյանին. «Ես վարչակազմում եմ, ո՞ւր է Գեորգին»: Ըստ երևույթին, մեր արձագանքը Պետրոսյանին այնքան բուռն էր, որ Գեորգին փողոց դուրս գալով՝ հանկարծ ուշքի էր եկել՝ «Էս ի՜նչ եմ անում», ու փախել էր: Պարզապես չքացել էր: Խելացի, կարգին տղա էր, ուղղակի՝ չափից դուրս հուզական:
Այդպես էլ Մոսկվա ֆաքս չուղարկեցինք: Պաշտոնապես մեր համաձայնությունը պիտի հաստատեր ԳԽ նախագահության նախագահը: Բայց քանի որ նախագահն անհետացել էր, Ղարաբաղի կողմից համաձայնություն չկար...
Այդպես էլ բաժանվեցինք ու լավ տրամադրությամբ կմեկնեինք, եթե չստացվեր Մոնթե Մելքոնյանի՝ Մարտունու պաշտպանական շրջանի լեգենդար հրամանատարի զոհվելու լուրը: Ապշեցուցիչ համակրելի, բյուրեղյա ազնվության տեր ռոմանտիկ Մոնթեն ծնվել էր Կալիֆոռնիայում, փայլուն համալսարանական կրթություն էր ստացել, իսկ ավելի ուշ հայտնվել էր Բեյրութում, որտեղ պաշտպանում էր հայկական թաղամասերը Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ: Հենց այնտեղ էլ մարտական գործողությունների փորձ էր ձեռք բերել: Մարտունու շրջանի բնակիչները նրան անմիջապես սիրեցին, և նա իր հմտությամբ ու խիզախությամբ շատ արագ վաստակեց մեր բոլոր հրամանատարների վստահությունն ու հարգանքը: Մոնթեն զոհվեց Աղդամի մոտ՝ Մարզիլի գյուղում, որտեղ նրա խումբը տեղանքը հետախուզելիս հանդիպել հակառակորդի ստորաբաժանմանը:
***
Երկու օր անց զանգեց Տեր-Պետրոսյանն ու ասաց. «Սա անհնար է այսպես թողնել: Ելցինը կապվել է ինձ հետ: Չափազանց դժգոհ է, պնդում է, որ Քելբաջարը պետք է վերադարձնել Ադրբեջանին»: Ես հասկանում էի, որ Հայաստանի նախագահը խիստ անհանգստացած է ստեղծված իրավիճակից, վախենում է փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, վախենում է ՄԱԿ-ի ԱԽ նոր բանաձևերից: Ու նաև, առաջին անգամ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ապրիլի 30-ին ընդունված բանաձևում, բացի պատերազմող երկու կողմերին ուղղվածª ռազմական գործողությունները դադարեցնելու պահանջից, հատուկ ուղերձ կար Հայաստանին. «Օկուպացիոն ուժերն անհապաղ դուրս բերել Քելբաջարից»:
Մեզ համար Ղարաբաղի գործնական անվտանգության հարցերն ամեն ինչից կարևոր էին: Ես համարում էի, որ գործը բանաձևից այն կողմ չի գնա, ու մի վայրկյանում սանկցիաների չեն դիմի, կհասցնենք հետևել ու արձագանքել: Միևնույն ժամանակ հասկանում էի Հայաստանի նախագահի վիճակի ամբողջ բարդությունն ու բաց առճակատումից խուսափելովª հարցը մեկ անգամ ևս քննարկելու պատրաստակամություն հայտնեցի:
Տեր-Պետրոսյանը թռավ Ստեփանակերտ: Բոլորս հավաքվեցինք խորհրդարանում. գործնականումª ԳԽ ողջ նախագահությունը, ՊՊԿ-ն, գործադիր իշխանության բոլոր առանցքային դեմքերը: Հայաստանի նախագահը վճռական էր: Զգուշացրեց, որ եկել է իր վերջին խոսքն ասելու, որ մեզ հետ վիճելու մտադրություն չունի, քանի որ կողմերի փաստարկները հայտնի են: Իր նախկինում ասածին կուզեր մեկ բան ավելացնել. մենք հիմա հաջողությամբ պատերազմում ենք Ադրբեջանի դեմ, բայց եթե հրաժարվենք կատարել բանաձևի պահանջները, արդեն ստիպված ենք լինելու պատերազմել ամբողջ աշխարհի դեմ: Չի կարելի կատակ անել միջազգային հանրության հետ, երբ նա պատասխան է պահանջում: Ավելինª մեր մերժումով կոնկրետ թշնամի ձեռք կբերենք: Եվ դա կլինի ո°չ Թուրքիան, ո°չ Ադրբեջանը, ո°չ Իրանը, այլ Ռուսաստանը, որը մեզ չի ների, եթե մերժենք իր պլանը: Խոսքը Ռուսաստանի, Ելցինի միջազգային հեղինակության մասին է: Աստված չանի թշնամի դարձնել այնպիսի մարդու, ինչպիսին Ելցինն է: Կդադարի Ռուսաստանի հետ համագործակցությունը, կկործանենք երեքհարյուրամյա հարաբերությունները մեր դաշնակիցների հետ: Ասաց, որ մեզ մոտ պատանդ կմնա թեկուզ տասը օր, բայց առանց մեր համաձայնության չի մեկնի: Տեսնում էի, որ նա խիստ հուզվում ու անկեղծորեն հավատում է իր ասածին: Խոսքն ավարտելովª Տեր-Պետրոսյանը մեզ մենակ թողեց իր ասածը քննարկելու համար ու անցավ հարևան սենյակ:
Բարդ ու հախուռն քննարկում ստացվեց: Տեր-Պետրոսյանը հարցը սրել էր մինչև վերջ, դրա ընկալումը սև-սպիտակ էր դարձրելª միջանկյալ երանգների տեղ չթողելով: Ոչ ոք չէր ուզում վերադարձնել Քելբաջարը, սակայն բոլորը հասկանում էին, որ հիմա, այսպիսի հարցադրումով, Տեր-Պետրոսյանին մերժելն ընդմիշտ կփչացնի մեր հարաբերություններն ու նոր խնդիր կստեղծի: Նախագահության որոշ անդամներ, դաշնակցականները դեմ արտահայտվեցին, սակայն գործադիր իշխանության ներկայացուցիչներն առաջարկում էին համաձայնել Տեր-Պետրոսյանի հետ, բայց առաջադրել սեփական պայմանները, երկարացնել պլանի իրագործման փուլը, ժամանակ շահել ու գործել ըստ իրավիճակի: Մեծամասնությունը կողմ էր այդ տարբերակին, որի վրա էլ կանգ առանք: Նույն Գեորգի Պետրոսյանը հրաժարական տվեց, ու պաշտոնակատար դարձավ Կարեն Բաբուրյանը, որին վիճակված էր ստորագրել միջնորդների հետ մեր համաձայնությունը հաստատող նամակը: Պաշտոնաթողության օգտին քվեարկեց ութ հոգի, դեմ էր մեկը, ու էլի մեկըª ձեռնպահ:
Հրավիրեցինք Տեր-Պետրոսյանին, ու ես ամփոփեցի մեր քննարկման արդյունքները.
- Մենք համաձայն ենք վերադարձնել Քելբաջարը, բայց ժամանակ է պետք, որ այնտեղից դուրս բերենք ողջ ռազմավարը: Բացի դրանիցª պաշտպանության գիծ պիտի ստեղծենք Քելբաջարի ու Մարտակերտի շրջանի միջևª այնտեղից հարձակման սպառնալիքը բացառելու համար:
- Ինչքա±ն ժամանակ է պետք,- ուրախացավ նա:
- Առնվազն մի քանի ամիս, եթե Հայաստանն օգնի,- պատասխանում եմ:
Տեր-Պետրոսյանն ի վերջո համաձայնեց մեր պայմաններին ու թռավ Երևան:
Նույն օրվա երեկոյան Սամվել Բաբայանի հետ արդեն քննարկում էինք հաջորդ քայլը. ինչպես արագացնել Աղդամի ազատագրումը: Այնտեղից շարունակվում էր մեր քաղաքների ու գյուղերի չդադարող հրետակոծությունը, և Աղդամը վերցնելը մտնում էր Ղարաբաղի շուրջը անվտանգության գոտի ստեղծելու մեր պլանի մեջ: Բացի դրանիցª հաշվարկել էինք, որ հենց նոր շրջան վերցնենք, միջնորդներն անմիջապես ուշադրությունը կկենտրոնացնեն դրա վրա ու կմոռանան Քելբաջարը:
Հայաստանի նախագահի փաստարկներն ինձ չէին համոզել: Ակնհայտ էր, որ Քելբաջարի վերադարձով Ռուսաստանը ցանկանում է գրավել Ադրբեջանի ուշադրությունը, ցույց տալ իր չեզոքությունն իրավիճակի հանդեպ, երբ Ադրբեջանի ժողովրդական ճակատն ու Էլչիբեյը նետվել էին Թուրքիայի գիրկը: Բայց դրանք ազդեցությունն ինչ-որ կերպ պահելու իրավիճակային, մարտավարական փորձեր էինª հիմնված ոչ թե հաշվարկի, այլ ենթադրության վրաª հանկարծ ու աշխատեց: Ադրբեջանն այդ շրջանում թաղվել էր քաղաքական քաոսի մեջ, և անհասկանալի էրª ով պիտի գնահատի Ռուսաստանի ջանքերը: Մենք համարում էինք, որ մեր անվտանգությունը զոհաբերելն այդ իրավիճակում խիստ ոչխելամիտ քայլ կլիներ: Տեր-Պետրոսյանի տագնապներն ինձ անհիմն չափազանցված էին թվում, և նրա այցը միայն արագացրեց մեր գլխավոր խնդրի իրականացումըª ստեղծել անվտանգության գոտի: Ժամանակը քիչ էր:
Ադրբեջանում այդ շրջանում կատարյալ խառնաշփոթ էր, ամեն ռազմական ձախողման հետ այնտեղ իշխանություն էր փոխվում: Ամեն նոր շրջանի կորստից հետո Բաքվում բազմահազարանոց հանրահավաքներ էին լինում, տապալում էին հերթական առաջնորդին, նրա տեղն ուրիշն էր գալիս, և այսպեսª մինչև հաջորդ պարտությունը ռազմաճակատում: Մութալիբովին տապալեցին, երբ վերցրինք Շուշին: Էլչիբեյը փախավ Քելբաջարը կորցնելուց ու մի շարք ուղղություններով մեր զորքերի հաջող գործողություններից հետո: Երբ ապստամբ Սուրաթ Հուսեյնովը գնաց Բաքվի վրա, Էլչիբեյը ճամփա ընկավ թեյ խմելու հայրենի Քելեկի գյուղում, չնայած դեռ բոլորովին վերջերս հանրահավաքում երդվում էր, որ դա Ստեփանակերտում է անելու: Մենք արդեն կատակում էինք, որ Ադրբեջանի նախագահների ճակատագիրը վճռվում է մեզ մոտª Ղարաբաղում: Իհարկե, իշխանության այդ ցնցումները նրանց խանգարում էին կենտրոնացնել ուժերը, լուծել ռազմական խնդիրները, տարակարծություններ ու հակասություններ էին ծնում զինվորական հրամանատարության մեջ ու բերում ռազմական պարտությունների: Իսկ նոր պարտությունները հանգեցնում էին նրան, որ հերթական իշխանությունը, այդպես էլ չհասցնելով ամրապնդվել, նորից փոխվում էր: Կախարդված շրջան էր ստացվում. մի կողմից քաղաքական անկայունությունը Ադրբեջանին թույլ չէր տալիս հաջողությամբ պատերազմել Ղարաբաղում, մյուս կողմիցª Ղարաբաղում տեղի ունեցողը ստեղծում էր այդ նույն անկայունությունը:
Այդ ամենը աշխատում էր մեր օգտին, բայց հասկանում էինք, որ դա հավերժ չի տևելու, ուստի պետք էր օգտագործել պահը ու շարունակել հարձակումը, քանի դեռ առավելություն ունենք. մենք համախմբված իշխանություն ունեինք, մեզ չէին ծվատում ներքին հակասությունները, մենք վերելք էինք զգում ու շատ ավելի նպատակամետ էինք մեր հակառակորդից: Մեր ռազմավարությունը կառուցել էինք նրա վրա, որ ինչքան դինամիկ գործենք, այնքան բարձր կլինի հաղթանակի հավանականությունը, և անդադար առաջ էինք գնում: Հունիսի վերջին ամբողջովին ազատագրեցինք Մարտակերտի շրջանը, հաջորդ թիրախը Աղդամն էր:
Աղդամ
Բավականաչափ պատճառներ ունեինք գնալու դեպի Աղդամ, որտեղ գտնվում էր ադրբեջանական բանակի կենտրոնական շտաբը: Այնտեղ էին տեղակայված զինապահեստները, և հենց Աղդամից էին կրակ տեղում հայկական գյուղերի վրա, այնտեղից էին «Գրադ» կայանքներով խփում Ստեփանակերտին: Աղդամից Ստեփանակերտ մեծ տարածությունը դժվարացնում էր քաղաքի հրետակոծությունը, սակայն ադրբեջանական տարածքի մի նեղ հատված այդտեղ առաջ էր մղվելª երկար լեզվակ ստեղծելով: Ամեն օր, իսկ երբեմն նաև օրը մի քանի անգամ ադրբեջանցիները դուրս էին գալիս այդ լեզվակի ամենածայրը, համազարկեր արձակում և արագ վերադառնում թիկունք, այնպես որ «Գրադի» մի քանի համազարկ կանոնավոր ստանում էինք: Աղդամում լիքը նաև այլ տեսակի հրետանի կար. օրինակª «Գիացինտ» հրանոթներ, որոնց հեռահարությունը միանգամայն բավականացնում էր Ստեփանակերտն անդադար հրետակոծելու համար:
Գործողությունը սկսվեց հուլիսի երկրորդ կեսին: Ուղիղ ճակատային գրոհով քաղաքը գրավել չէինք ծրագրել: Մեր ստորաբաժանումները, տեղանքի ռելիեֆն օգտագործելով, սկսեցին հյուսիսից ու հարավից շրջանցել Աղդամը: Ամրաշինական կառույցների և պաշտպանության հոծ գծի բացակայությունը մեր օգտին էր. կարող էինք պարզապես քաղաքը շրջանցելովª թափանցել խոր թիկունք: Ջոկատներից մեկը մյուսներից շատ ավելի առաջ գնաց ոռոգման անջուր ջրանցքով: Քաղաքի շուրջ օղակը չփակեցինք. մեր ուժերն ու միջոցները դրան չէին հերիքի, բայց, դրա հետ մեկտեղ, տպավորություն էր ստեղծվում, թե քաղաքը շրջապատում են,- դրանում էր գործողության մտահղացումը,- ու մարդիկ հապճեպ սկսեցին լքել քաղաքը: Իսկ երբ հիմնական ուղղությամբ սկսվեց հարձակումը, պաշտպանվողների կամքը վերջնականապես կոտրված էր: Հուլիսի 23-ին մեր զորքերը մտան Աղդամ ու հետապնդելով հակառակորդինª քշեցին ավելի հեռու:
Քաղաքից փախչողների հոսքը դեռ չէր դադարելª լուրն արդեն հայտնվել էր ադրբեջանական բոլոր թերթերում. «Աղդամն օկուպացվել է հայկական անջատողականների կողմից»: Երևանից անմիջապես զանգեցին ինձ. «Այդ ի՞նչ է կատարվում ձեզ մոտ»: Բնականաբար, այնտեղ ոչինչ չգիտեին. ոչ մեկին նախապես չէինք զգուշացրել, որ պատրաստվում ենք ազատագրել Աղդամը, ասենք, հիմա էլ վտանգավոր էր դա խոստովանել: Համաշխարհային հանրությունը սպասում է, թե ուր որ էª վերադարձնում ենք Քելբաջարը, իսկ այստեղ...
«Կարծես թե առանձնակի բան չկա»,- պատասխանում եմ: (Իրականում այդ պահին արդեն քաղաքում էինք): Իսկ զանգերը Երևանից շարունակվում են. զանգում է Բաբկեն Արարքցյանըª խորհրդարանի նախագահը.
- Լսե°ք, Ադրբեջանում իրար հերթ չտալով գրում են, որ հայերը գրավել են Աղդամը: Դուք որտե±ղ եք:
- Չէ°, կարծես թե չեն գրավել,- պատասխանում եմ,- մենք էլ չենք հասկանումª ինչ է կատարվում: Մի քանի բարձունք ենք վերցրել, այդտեղ նստած ենք, նայում ենք, թե ինչի են փախչում քաղաքից:
- Էդ բարձունքների վրա± ինչ գործ ունեք:
- Նրանց հրետանին էդտեղ էր, կրակում էին մեզ վրա, ստիպված մի քիչ դենը տվինք,- ասում եմ, բայց ահավոր վատ եմ զգում. Բաբկենի հետ շատ ջերմ, ընկերական հարաբերություններ ունենք, ու նրան խաբելը չափազանց տհաճ է:
Իմ բացատրություններն, ըստ երևույթին, անհամոզիչ են հնչում, ու նա զանգում է Ղուկասյանին. «Լսի°ր, ախր գոնե դու նորմալ տղա ես: Կարո±ղ ես ինձ ազնվորեն ասելª ինչ է կատարվում ձեզ մոտ»: Ղուկասյանն անկեղծ ու անմեղ տոնով կրկնում է իմ վարկածը. «Ոչ մի տեղ էլ չենք մտել, նստած ենք բարձունքներին, նայում ենք. չգիտես ինչիª փախչում են քաղաքից»:
Այդպես էլ Հայաստանի ղեկավարությունից ոչ մեկին, բացի Վազգեն Սարգսյանից, չասացինք իրական վիճակի մասին, մինչև չավարտեցինք գործողությունը: Երկու օր հընթացս տարբեր պատմություններ էինք հորինում ու պատմում, իսկ ինքներս այդ ընթացքում Աղդամից բավական առաջ էինք անցել, զգալի տարածություն ազատագրեցինք և անվտանգ գոտի ստեղծեցինք Ստեփանակերտի ու հարակից գյուղերի շուրջը: Հիմա մեզ անհնար էր հրետակոծել այն զինատեսակներով, որոնց այն ժամանակ տնօրինում էր Ադրբեջանը: Հիմա մնում էր խրամատավորվել նոր բնագծում և ամրացնել պաշտպանության գիծը:
Աղդամը կորցնելուց հետո Սաֆար Աբիևը, որ այդ ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարի պարտականություններն էր կատարում, Կազիմիրովի միջոցով դիմեց մեր բանակի գլխավոր հրամանատար Սամվել Բաբայանինª մարտական գործողությունների դադար խնդրելով: Առաջին անգամ Ռուսաստանի միջնորդությամբ հաջողվեց ղարաբաղյան կողմի հետ ուղղակի համաձայնագիր կնքել հուլիսի 25-28-ը կրակը դադարեցնելու մասին:
Ի դեպ, Աղդամում, ինչպեսև Շուշիում, կռվում էր Շամիլ Բասաևը: Հետպատերազմյան իր մի հարցազրույցում պատմելով այդ շրջանի մասինª նա հիշում է, որ իրեն խիստ հիասթափեցրել էին ադրբեջանական զորքերը: Այն ժամանակ Բասաև անունը մեզ ոչինչ չէր ասում. գիտեինք միայն, որ Ադրբեջանի կողմից մեծ թվով չեչեն գրոհայիններ են կռվում: Գրոզնու քաղգործկոմումª երկրորդ հարկում, հատուկ սենյակ կար, որտեղ ցուցակագրում էին վարձկաններին, ջոկատներ կազմում և ուղարկում Ղարաբաղ: Մենք չեչենների մասին առաջին անգամ իմացանք ռացիայով չեչեներեն բանակցություններ լսելով, շուտով մեզ մոտ նաև գերված ու սպանված չեչեններ հայտնվեցին: Նրանց մոտ հայտնաբերված վկայականները ոչ մի կասկած չէին թողնում, որ մեր դեմ գործում են չեչենական վարձկաններ: Սպանվածների մեջ նույնիսկ Չեչնիայի Կենտրոնական ընտրական կոմիտեի անդամ կար: Գերուն, որպես բարի կամքի նշան, վերադարձրինք Չեչնիաª Դուդաևին, իրենց խնդրանքով ու խոստում ստանալով, որ վերջ կտան այդ ամենին: Պահեցին իրենց խոսքը թե ոչª հաստատ ասել չեմ կարող, բայց որոշ ժամանակ անց Չեչնիայից եկած գրոհայինների թիվն իսկապես պակասեց:
***
Իմ սպասումներն արդարացան: Աղդամն ազատագրելուց հետո համաշխարհային հանրության ուշադրությունը սևեռվեց նրան, իսկ Քելբաջարն արդեն ոչ ոք չէր հիշում: Հիմա էլ նույնպիսի պատմություն սկսվեց Աղդամի շուրջը: Հուլիսի 29-ին հրապարակվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի N 853 բանաձևը, որով դատապարտվում էր Աղդամի գրավումը և պահանջվում էր այնտեղից անհապաղ դուրս բերել մեր զորքերը: Մենք այն քննարկեցինք ՊՊԿ-ում ու որոշեցինք, որ ոչ մի բանաձև էլ մեզ չի խանգարում կատարել այդ պահի մեր գլխավոր խնդիրըª դուրս գալ այն բնագծերը, որոնք թույլ են տալիս ձևավորել ամենակարճ ռազմաճակատի գիծը, որպեսզի թշնամուն հնարավորություն չտանք գրոհելու մեզ վրա թիկունքից կամ թևերից: Այդ գիծը Մարտակերտի արևելքով դեպի հարավ էր, մինչև Արաքս գետի հովիտը, որտեղով անցնում էր Իրանի հետ սահմանը: Դա նաև թույլ էր տալիս վերահսկել իշխող բարձունքները, ուրեմն և օգտվել տեղանքի առավելություններից: Հասկանում էինք, որ իշխանության խառնաշփոթն Ադրբեջանում վաղ թե ուշ դադարելու է, ու մենք բախվելու ենք շատ ավելի կազմակերպված հակառակորդի հետ: Մեր սահմանափակ մարդկային ռեսուրսներով ձգված շփման գծի պարագայում տևական մարտերում անվտանգություն չէինք ապահովի:
Աղդամից հետո Ֆիզուլին էր, Ջաբրաիլը, Կուբաթլուն, Զանգելանն ու Հորադիզը: Մենք նորանոր շրջաններ էինք վերցնումª հետևելով նախնական պլանին. ստեղծել պաշտպանության գիծ, որը կարելի կլինի երկար պահել: Մենք հետևողականորեն անվտանգության գոտի էինք ստեղծում ԼՂՀ շուրջը: Անդադար հարձակման արդյունքում մի հսկա գոտի փակեցինք մինչև հարավ ու դուրս եկանք Արաքսի ափը: Այդ շրջանների բնակչությունը մինչ մեր զորքերի հասնելը խուճապահար անցավ Իրան:
1993 թվականի նոյեմբերին հարավային շրջաններում բախվեցինք բազմաթիվ վարձկանների, որոնք կռվում էին Ադրբեջանի կողմից: Աֆղանստանից եկած մոջահեդների ամբողջական ստորաբաժանումներ էին, մի քանի հազար մարտիկ: Առաջին անգամ նրանց ֆարսիով խոսքը ռադիոկապով լսեցինք սեպտեմբերին, իսկ ավելի ուշ, երբ մարտերով գրավեցինք նրանց զորանոցները, պարսկերենով նյութեր ու քարտեզներ գտանք: Մի գերված աֆղանցի ասաց, որ իրենք Հեքմաթյարիª Աֆղանստանի հայտնի դաշտային հրամանատարներից մեկի մարդիկ են: Հայաստանի ղեկավարության խնդրանքով հայտնաբերված բոլոր նյութերը փոխանցեցինք նրանց: Ավելի ուշ իմացա, որ փորձելով դադարեցնել վարձկանների առաքումն Ադրբեջանª Հայաստանի նախագահի խորհրդականը Աֆղանստանում հանդիպել է Հեքմաթյարի հետ:
Պատմությունը կրկնվում ու կրկնում էր. մենք վերցնում էինք հերթական շրջանը, և նախորդ շրջանն անմիջապես կորցնում էր հրատապությունը, հաջորդում էր նոր բանաձև, անմիջապես գործի էին անցնում միջնորդները. «Հանձնե՛ք շրջանը Ադրբեջանի զիջումների դիմաց»: Յուրաքանչյուր հաջող գործողության Մոսկվայից հաջորդում էր Կազիմիրովի զանգը. ՙԱհա, կարծես զինադադարի նախադրյալներ կան...՚: Մենք համաձայնում էինք, կարճաժամկետ հրադադար կնքում, որը շուտով հակառակորդի կողմից խախտվում էր, ու մենք արագ ազատագրում էինք հաջորդ շրջանը: Ադրբեջանցիներն իրենք էին օգնում մեզ. հարձակողական գործողություններ էին սկսում տարածքը վերադարձնելու համար և արդյունքում կորուստներ տալովª նահանջում էին, իսկ մենք շարժվում էինք առաջª ամեն գործողությամբ նոր ռազմավարի տիրանալով: Շրջաններից յուրաքանչյուրը բավականաչափ զինամթերք, զենք, տեխնիկա ու պարեն էր տալիսª մեզ ապահովելով հաջորդը ազատագրելու միջոցներով:
1933 թվականի նոյեմբերի սկզբին մեր զորքերը դուրս եկան Մարտակերտից Արաքս ամենաուղիղ ու կարճ գիծը: Անվտանգության գոտու ստեղծման խնդիրը լուծված էր, հիմա պետք էր խրամատավորվել ու ամրապնդվել այդ բնագծի վրա:
Այդ բոլոր փայլուն հարձակողական ռազմագործողությունները մի բանակի դեմ էին, որն զգալիորեն գերազանցում էր մեզ ինչպես կենդանի ուժի, այնպես էլ մարտական տեխնիկայի քանակով, չխոսելով արդեն ավիացիայի մասին, որը մենք չունեինք: Մենք կազմակերպված էինք, արագ, շարժուն. հանդուգն ու համարձակ զորաշարժերը, հակառակորդի շրջանցումը, նրա մարտակարգերի մեջ խորքը թափանցելը խուճապ էին տարածում ու մեզ հնարավորություն տալիս փոքր ուժերով ու քիչ կորուստներով հասնել ազդեցիկ հաջողությունների:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը