17 01 2019

Նորակոչիկների մոտ 60%-ն առողջական որոշակի խնդիրներով է զորակոչվում. Գայանե Հովհաննիսյան

Նորակոչիկների մոտ 60%-ն առողջական որոշակի խնդիրներով է զորակոչվում. Գայանե Հովհաննիսյան

Այս պահի դրությամբ զորամասերում գրիպով վարակվածների թիվը չի հատում 10-15-ի սահմանը; Այս մասին հունվարի 17-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Գայանե Հովհաննիսյանը՝ տեղեկացնելով, որ հանրապետությունում համաճարակային իրավիճակի որոշակի լարման կապակցությամբ զինված ուժերում վերահսկողություն է իրականացվում:

«Թիվը շատ քիչ է` նույնիսկ անցած տարվա համեմատ։ Իրավիճակն ամեն օր դիտարկում ենք, զորամասերից տեղեկություններ հավաքում, վերլուծում: Կայազորային հոսպիտալներից պատրաստի խմբեր ունենք, որոնք զորամասեր են այցելում ու մեզ ներկայացնում իրավիճակը»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է ջրծաղիկին ու թոքաբորբին,  նրա խոսքով՝ այս մասով ևս բռնկումներ չկան: «Այս պահին գրանցվել է ջրծաղիկի 32 դեպք, թոքաբորբի դեպքերը ևս քիչ են, ինչը չենք կարող բռնկում համարել»,- նշել է  Գայանե Հովհաննիսյանը։

ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետը տեղեկացրեց, որ շատացել են ողնաշարի, տեսողության հետ կապված խնդիրները, ինչպես նաև  ալերգիկ և սիրտ-անոթային հիվանդությունները:

«Ռազմաբժշկական վարչության կողմից արվում է առավելագույնը, որ հիվանդ կամ առողջական խնդիրներ ունեցող զորակոչիկները չհայտնվեն բանակում, քանի որ այդ առողջական չափորոշիչները մեծ ազդեցություն են ունենում մարտական պատրաստության, ինչպես նաև մարտական հերթապահությունների կազմակերպման վրա: Հենց հավաքակայանում կատարվում են բոլոր ներկայացածների փաստաթղթերի, անձնական գործերի քննություն, ջերմաչափում, մարմնազննություն, իրականացվում է ֆլյուրոգրաֆիա: Այդ ընթացքում բացառվում է սուր առողջական խնդիրներով անձանց զորակոչումը»,- ասել է Հովհաննիսյանը:

Նա նշել է, որ բանակում համաճարակային իրավիճակը վերահսկողության տակ է և եթե զորակոչիկներն առողջական խնդիրներ ունեն, ապա՝ կա՛մ հետաձգում են ստանում, կա՛մ ազատվում: «Կենտրոնական հավաքակայանում բուժհանձնաժողովը զննում է զորակոչիկներին, և եթե հայտնաբերվում են որևիցե վիրուսային, արագ բուժվող հիվանդություններ, նրանք ուղարկվում են հոսպիտալ բուժում ստանալու, այնուհետև, առողջանալուց հետո, ծառայության վայր»,- ասել է Գ. Հովհաննիսյանը, ավելացնելով, որ իրենց դիտարկումներով պարզվել է նաև, որ ընդհանուր առմամբ, նորակոչիկների մոտ 60%-ը որոշակի առողջական խնդիրներով է զորակոչվում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ