Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը:
Տոնի առթիվ մարդիկ միմյանց ողջունում են հետևյալ խոսքերով. «Քրիստոս ծնավ և հայտնեցավ», որի պատասխանն է` «Օրհնյալ է Ծնունդը Քրիստոսի, մեզ և ձեզ մեծ ավետիս»:Հայ առաքելական եկեղեցին այս օրը կարևորում է երկու խորհուրդ։ Առաջինը Քրիստոսի ծնունդն է, որ Աստված հայտնվեց, և երկրորդը՝ Քրիստոսի մկրտությունը՝ ջրօրհնեքի կարգը։ Ըստ հայ առաքելական եկեղեցու՝ ծննդից 30 տարի հետո Քրիստոսը նույն օրը՝ հունվարի 6-ին, մկրտվեց Հորդանան գետում: Մյուս եկեղեցիները Քրիստոսի ծնունդն ու մկրտությունը նշում են տարբեր օրերի: Կաթոլիկներն ու ուղղափառները Քրիստոսի ծնունդը տոնում են դեկտեմբերի 25-ին, մկրտությունը՝ հունվարի 7-ին։ Իսկ օրերի տարբերությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ուղղափառ եկեղեցին առաջնորդվում է հին տոմարով, իսկ կաթոլիկները՝ նորով:
Հայ առաքելական եկեղեցում տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից` 17.00-ից հետո: Սուրբ Ծննդի տոնը սկսվում է ճրագալույցի Սուրբ պատարագով: Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որը մոգերին առաջնորդեց դեպի Հիսուս: Ճրագալույցին վառվում են եկեղեցու ջահերն ու կանթեղները, եկեղեցի եկած մարդկանց վառվող մոմեր են բաժանվում, որից հետո մատուցվում է Սբ. Պատարագ: Սուրբ Ծննդից առաջ մեկշաբաթյա պահքը լուծվում է այդ Ծննդյան պատարագով: Եկեղեցուց տուն բերված մոմերը վառում են ընթրիքի ժամանակ: Տոնական սեղանին դրվում է ձուկ:
Ձուկը քրիստոնյաների խորհրդանիշն է, որով դեռ հնում տարբերվում էին հեթանոսներից: Սեղանին դրվում է նաև բրնձով, յուղով և չամիչով փլավ: Սա ևս պատահական չէ. բրինձը մարդկությունն է, իսկ չամիչները` ընտրյալները` նրանք, ում Աստված ընտրեց իր գործը շարունակելու:Հունվարի 6-ին Ս. Ծննդյան Ս. Պատարագից հետո կատարվում է Ջրօրհնեք, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը: Խաչով և Սրբալույս Մյուռոնով օրհնված հրաշագործ ջուրը բաժանվում է ժողովրդին` ի բժշկություն հոգևոր և մարմնավոր ախտերի: Հունվարի 7-ին մեռելոց է, հիշատակի օր:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը