«Հրապարակ» օրաթերթը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Մեր ամենաուշադիր ընթերցողները նկատել էին, որ վերջին 3 օրը «Հրապարակի» կայքը շատ մեծ դժվարությամբ էր աշխատում: Մի կողմից ընտրություններ էին, ինչը նշանակում է այցելուների թվի կտրուկ աճ, մյուս կողմից կայքը նոր էինք փոխել, դա է պատճառը, որ կարծում էինք, թե տեխնիկական խնդիրներ են: Բայց այդ խնդիրները չէին կարգավորվում, իսկ օպերատիվ ու մատչելի լրատվությունը մեր աշխատանքի իմաստն է, ուստի ստիպված դիմեցինք տեղեկատվական անվտանգության մասնագետների:
Աուդիտի արդյունքում հետաքրքիր բան պարզվեց. ամեն անգամ երբ ունեցել ենք խնդիրներ, իսկ դա եղել է ընտրությունների օրը, Քոչարյանի կալանավորման մասին դատի օրը և ընդհանրապես վերջին մեկ շաբաթում երբ էքսկլյուզիվ ու հետքրքիր ինֆորմացիա ենք տեղադրել, Հրապարակի կայքի վրա կատարվել են այսպես կոչված Դդոս հարձակումներ: Այսինքն ինչ որ մեկը կամ ոմանք՝ փորձել են կասեցնել մեր կայքի աշխատանքը, ընտրությունների օրը ժամ 15:00-ից մեր կայքը 177 հազար հարցում է մեկ վայրկյանում ունեցել։ Եթե սրան ավելացնենք մեր այցելուների միջին թիվը աստղաբաշխական թիվ է ստացվում և զարմանալի չէ, որ կայքը դանդաղ է աշխատել, երբեմն էլ ընդհանրապես չի բացվել: Մասնագետներին հաջողվել է հայտաբերել ինտերնետային ծառայություններ կատարող այն կազմակերպությանը, որից օգտատերի IP-ն ստանալու դեպքում հնարավոր կլինի նաև պարզել այն մարդուն, ով կանգնած է այս հարձակման ետևում:
Իհարկե մենք արդեն ունենք համապատասխան անվտանգության համակարգ, որը նման ատականերին կդիմակայի ապագայում, բայց ամեն դեպքում հարց է ծագում՝ ում է ձեռնտու hraparak.am-ի չաշխատելը, ո՞ւմ ենք մենք խանգարում։ Այս պարագայում դժվար չէ ենթադրել, որ եթե առաջ թերթեր փակել-արգելելով էին ազատ մամուլի «բերանը փակում», հիմա շատ ավելի հեշտ և քողարկված ձևեր են գտել՝ ֆեյսբուքում ֆլեշ-մոբ անել տվյալ լրատվամիջոցի դեմ, բոլոր նյութերի տակ ֆեյք էջերից բացասական քոմենթներ գրել, դդոս հարձակումներ կազմակերպել եւ այլն:
Նման մի հարձակում կրկնվելու դեպքում մենք շատ լուրջ ենք տրամադրված՝ գտնելու եւ պատժելու նման մեթոդներով մեր դեմ աշխատող վնասարարներին։ Նախնական պայմանավորվածություն ունենք նաեւ Կիբերհանցագործությունների դեմ պայքարող մասնագիտացված մարմինների, այդ թվում՝ ոստիկանության համապատասխան վարչության հետ։ Այնպես որ մեզ վնասել եւ մեր աշխատանքը խոչընդոտել ոչ մեկին չի հաջողվելու»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը