29 11 2022

Անցյալում և հիմա. Հրապարակ օրաթերթ

Անցյալում և հիմա. Հրապարակ օրաթերթ

«Հրապարակ օրաթերթի» գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրում է.

Երկիր կառավարելը խաղուպար չէ, ամեն մեկի բան չէ, բայց կառավարման ձախողումները նկատելն ու հասկանալն էլ ամեն մեկի բանը չեն։ Գլուխը կախ իր առեւտրին ու փեշակին նվիրված մարդը կարող է շատ բան չնկատել եւ համարել, որ ամեն ինչ նորմալ է։ Մանավանդ՝ նրան 24-ժամյա ռեժիմով համոզում են, որ ամբողջ աշխարհում է վատ, որ բոլոր երկրներում գներն աճում են, կյանքը բարդանում է, հզոր պետություններն անգամ մեծ խնդիրներ ունեն։

Իսկ մեզանում, տեսեք՝ ասֆալտ են անում, շենքեր են կառուցում, Ամանորին ընդառաջ փողոցներ են զարդարում, խանութներում առաջին անհրաժեշտության ապրանքների դեֆիցիտ չկա, հոսանքի ու գազի մատակարարումների ընդհատումներ չկան եւ այլն, ու այդ բոլորը կառավարության շնորհքն է։ Միայն մասնագետները՝ տնտեսագետները, կառավարման մասնագետները, պետական պաշտոն զբաղեցրած անձինք են հասկանում, որ այն, ինչ ունենք, հիմնականում իներցիայի արդյունք է, եւ հանրության բնականոն կենսագործունեությունը ժամանակակից աշխարհում շարունակվում է անգամ այն ժամանակ, երբ պետության ղեկին ապաշնորհ մարդիկ են նստած։

Ժամանակին ոչ մեկիս մտքով չէր անցնում փառաբանել Լեւոն Տեր-Պետրոսյանին կամ Հրանտ Բագրատյանին, ասենք, պատերազմում հաղթելու համար։ Կամ՝ Ռոբերտ Քոչարյանին՝ շինարարական բում ապահովելու, մայրաքաղաքում մեծ թվով էստակադաներ, գետնանցումներ, նոր ճանապարհներ կառուցելու համար։ Ոչ մեկը չէր գովում քաղաքապետներ Կարեն Կարապետյանին ու Գագիկ Բեգլարյանին՝ մայրաքաղաքի շենքերը լվանալու, ներկելու համար։ Սերժ Սարգսյանի իշխանությանը ոչ ոք շնորհակալություն չէր հայտնում զոհված զինծառայողների ընտանիքներին 20 միլիոն դրամ փոխհատուցման որոշման համար (10 միլիոնը` միանվագ)։ Հիմա քիչ է մնում շնորհակալություն հայտնենք, որ դեռ ողջ ենք։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ