Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստական աշխատանքները դեկտեմբերի 9-ին ԿԸՀ-ում ներկայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը:
Արմեն Սմբատյանը նշեց, որ ամենամեծ նորամուծությունն այն է, որ առաջին անգամ կրծքանշաններ են պատրաստվել և բաժանվել բոլոր ընտրատեղամասերին, դրանց վրա գրված է` «Ես քվեարկել եմ առաջին անգամ»: Նա նշեց, որ կրծքանշանները պատրաստվել են 80 000 օրինակով:
Նա տեղեկացրեց, որ ԿԸՀ-ն բաշխել է Հանրային հեռուստատեսությամբ և Հանրային ռադիոյով տրվող թե´ անվճար, թե´ վճարովի հեռուստաժամերը: Բոլոր քաղաքական ուժերը հնարավորություն են ունեցել հավասարապես օգտվելու դրանցից:
«Այս տարի ԿԸՀ-ն հրատարակել է նաև աննախադեպ թվով ձեռնարկներ, տպագրվել են ձեռնարկներ` ինչպես դիտորդների, վստահված անձանց, այնպես էլ ԶԼՄ ներկայացուցիչների համար: Աննախադեպ քանակի թերթիկներ են տպագրվել նաև ընտրողների համար, որոնք սովորեցնում են ընտրության կարգը: Բոլոր տեղամասերի համար տպագրվել են նաև պաստառներ: Տեսողություն խնդիր ունեցող անձանց համար խոշորացույցներ են տրամադրվել բոլոր ընտրատեղամասերին:
Կուրություն և վատ տեսողություն ունեցող անձանց համար ևս ձեռնարկներ են հրատարակվել»,-ասաց նա:
ԿԸՀ քարտուղարը հայտնեց, որ ԿԸՀ-ն տպագրել է ընդհանուր 30 միլիոն օրինակ քվեաթերթիկ:
«Մենք կատակով նշում ենք, թե հիսուն տոննա թուղթ ենք փչացրել այս ընտրությունների համար, բայց ես ուզում եմ նշել, որ քվեաթերթիկը ընտրողին հասնելու ճանապարհը բարդ է և մեծ ջանքեր է պահանջում»,-հավելեց նա:
Հարցին, թե այդ նորամուծությունների համար նախորդ ընտրություններից որքանո՞վ է ավել գումար ծախսվել, նա ասաց, որ այդ թվերին չի տիրապետում, սակայն դրանք դոնորների տրամադրված գումարներով են արվել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը