Սփյուռքի նախարարությունը կազմել է Սփյուռքի քաղաքականության ռազմավարության հայեցակարգի նախագիծ։ Այն ներկայացնում ենք ստորև։
Խորհրդային և անկախ Հայաստանի իշխանությունների վարած սփյուռքի քաղաքականությունների անցյալն ու ներկան
Հայաստանի խորհրդայնացումից մինչ այսօր, եթե (խորհրդային կամ անկախ) Հայաստանի իշխանությունները վարել են սփյուռքի քաղաքականություն, ապա այդ քաղաքականությունները եղել են հայաստանակենտրոն և միտված են եղել ողջ սփյուռքի կամ դրա այս կամ այն հատվածների վրա հայաստանյան իշխանությունների ու ներհայաստանյան օրակարգերի պարտադրմանը։
Սփյուռքի քաղաքականությունները խորհրդային և հետխորհրդային Հայաստանի տարիներին նպատակ են ունեցել.
ա) ծառայեցնել սփյուռքի միջոցները (հիմնականում ֆինանսական) խորհրդային կամ անկախ Հայաստանի զարգացման ծրագրերին;
բ) Հայաստանը դարձնել բոլոր հայերի հայրենիքը (չնայած այն հանգամանքին, որ ցեղասպանությունից փրկվածներն ու իրենց սերունդներն այդ Հայաստանում երբեք չէին ապրել);
գ) կազմակերպել հայրենադարձություն, վերադարձ դեպի հայրենիք;
դ) Խորհրդային և հետագայում անկախ Հայաստանի քաղաքական ազդեցությունը և հայաստանյան (հիմնականում արևելահայ) մշակույթը տարածել սփյուռքյան գաղութների վրա։
Այս բոլորը դրսևորվել են թե՛ 1920-1930-ականերին Հայ օգնության կոմիտեի գործունեության և Հայաստանի խորհրդային իշխանությունների, թե՛ 1946-48-ի դրամահավաքների ու «Մեծ հայրենադարձության» տարիների, թե՛ 1960-1980-ականներին Սփյուռքի հետ մշակութային կապերի կոմիտեի և թե՛ անկախության տարիներին Համահայկական հիմնադրամի, 1998-2008 Ռ. Քոչարյանի կառավարության, իսկ 2008-2018 ՀՀ սփյուռքի նախարարության վարած քաղաքականություններում:
Հայաստան-Սփյուռք հարաբերությունների գրեթե մեկդարյա պատմությունը ցույց է տվել, որ նաև այսպիսի քաղաքականությունների արդյունքում՝
սփյուռքի ողջ ֆինանսական, մարդկային ու այլ ռեսուրսները, մեծ առումով, Հայաստան չեն ուղղվել,
ողջ սփյուռքը չի ենթարկվել հայաստանյան այս կամ այն իշխանությունների պարտադրած քաղաքական, մշակութային և արժեքային օրակարգերին,
արտերկրում ծնված և մեծացած, իրենց երկրներում և իրենց ոլորտներում մեծ հաջողություններ արձանագրած սփյուռքի երկրորդ, երրորդ, չորրորդ սերունդները մեծ մասամբ անհաղորդ են դարձել հայաստանյան իրադարձություններին և տարբեր պատճառներով հեռացել են նաև սփյուռքյան ավանդական կառույցներից ու կազմակերպություններից,
հայկական խիստ բազմազան սփյուռքի միայն փոքր մասն է այսօր ընդգրկված սփյուռքյան տարբեր միավորումներում, կազմակերպություններում կամ նախաձեռնություններում և միայն փոքր մասն է հետևողականորեն հետաքրքրվում Հայաստանի Հանրապետության խնդիրներով,
սփյուռքի մի ստվար զանգված տարերայնորեն ակտիվանում է միայն Հայաստանում որևէ ճգնաժամային իրավիճակ առաջանալիս, ինչիպիսին էր, օրինակ, 1988-ի երկրաշարժը կամ կամ Արցախյան պատերազմը։
Սփյուռքի քաղաքականության վերագնահատման պատմական հնարավորությունը
Թավշյա հեղափոխությունն այլ խիստ կարևոր հարցերի շարքում նաև ստեղծել է պատմական ամենաբարենպաստ պահը, երբ Հայաստան պետությունը կարող է վերագնահատել սփյուռքի հետ համագործակցության մոտեցումները և արմատապես վերանայել սփյուռքի նկատմամբ վարած իր քաղաքականությունը:
Հայաստանը կարևոր դեր կարող է ունենալ սփյուռքի բազմազան շրջանակներին հայաստանակենտրոն ու ոչ հայաստանակենտրոն տարբեր ծրագրերում ներգրավելու և նրանց սոցիալական, մշակութային, տնտեսական ու քաղաքական կապիտալը Հայաստանի կամ սփյուռքի կարևորագույն խնդիրների լուծման նպատակով հավաքագրելու աշխատանքներում։ Ավելին, սփյուռքում շատերն ակնկալում են, որ Երևանը կարող է դառնալ հենց այն «չեզոք» վայրը, ուր սփյուռքահայ տարբեր շրջանակներ կարող են հանդիպել և քննարկել իրենց հուզող խնդիրները, մտածել այդ խնդիրների լուծման ուղղությունների շուրջ։
Պատմական փորձը ցույց է տալիս, որ սփյուռքի հետ մեկ օրակարգով հնարավոր չէ արդյունավետ աշխատել։ Սփյուռքը բազմաշերտ է, և սփյուռքի համայնքների, կազմակերպությունների ու անհատների հետ աշխատանքներում պետք է ունենալ բազմակի օրակարգեր ու դինամիկ քաղաքականություններ։ Սփյուռքի նկատմամբ նոր քաղաքականության նպատակը երկարաժամկետ հեռանկարում պետք է լինի ուժեղ Հայաստանի կայացումը և ուժեղ սփյուռքի գոյությունը։ Մեր պատկերացմամբ, ուժեղ սփյուռք ունենալու գաղափարը չի հակասում ուժեղ Հայաստան ունենալու տեսլականին և ընդհակառակը՝ ուժեղ Հայաստանի կառուցումը չպետք է ենթադրի սփյուռքի միջոցների սպառում և սփյուռքյան կազմակերպությունների, միությունների, համայնքների թուլացում իրենց երկրներում։ Սփյուռքի նկատմամբ սպառողական ու չհամակարգված քաղաքականությունը կարող է կարճաժամկետ հեռանկարում Հայաստանի համար շահ ապահովել, բայց հեռահար ժամկետում՝ նվազեցնել կամ սպառել սփյուռքի ներուժը: Սփյուռքի հետ համատեղ ծրագրերի իրականացման ու համագործակցության ցանկացած գործելակերպ պետք է խարսխված լինի հենց հեռահար արդյունավետության հաշվարկի վրա:
Առանձին խնդիր է սփյուռքի ճանաչողության հարցը: Եթե հրեական, աֆրիկյան, չինական, հնդկական կամ այլ սփյուռքների մասին բազմաթիվ լուրջ գիտական ուսումնասիրություններ կան, տարբեր երկրներում ձևավորված հայ սփյուռքյան բամազան ինքնությունների ու համայնքների մասին շատ քիչ ուսումնասիրություններ կան։ Այդ պատճառով, անհրաժեշտ է նաև ունենալ արդի սփյուռքագիտական տեսական ու համեմատական ուսումնասիրություններին հաղորդակից հայ սփյուռքի ուսումնասիրության կենտրոններ տարբեր երկրներում, որ պարբերաբար նոր գիտելիքներ կստեղծեն և տվյալներ կհավաքագրեն սփյուռքի բազմազան համայնքների, նրանց խնդիրների, հայկականության բազմազան դրսևորումների, սփյուռքի այս կամ այն համայնքներում առկա հմտությունների, հնարավորությունների, միջոցների և շատ այլ հարցերի շուրջ (Հայաստանում և մի քանի այլ երկրներում այդպիսի կենտրոններ կան, սակայն դրանց կարևոր մասը գործել և գործում են միջազգային տեսական ու համեմատական սփյուռքագիտական փորձից անկախ, հայ սփյուռքի մասին եղած որոշ ավանդական պատկերացումների համատեքստերում)։ Այսպիսի կենտրոնների կողմից իրականացվող հայ սփյուռքի նորարարական ուսումնասիրություններին ու հետազոտություններին հաղորդակից լինելը հնարավորություն կընձեռի մշակելու սփյուռքի ավելի իրատեսական քաղաքականություններ։
Սփյուռքի նկատմամբ նոր քաղաքականություններ մշակելու և դրանք հետևողականորեն իրագործելու համար անհրաժեշտ է ունենալ որակապես և գաղափարապես նորովի աշխատող, արդյունավետ լայն լիազորություններով պետական մասնագիտացած գերատեսչություն՝ նախարարության կարգավիճակով:
Նորացված սփյուռքի նախարարության տեսլականն ու առաքելությունը
Նորացված սփյուռքի նախարարությունը պետք է ծառայի «Ուժեղ Հայաստան-Ուժեղ Սփյուռք» տեսլականին: Այս տեսլականին ուղղված՝ նախարարության հիմնական առաքելությունը կարող է լինել.
Հայաստանի պետական շահերի պաշտպանության և սոցիալ-տնտեսական զարգացման ու ռազմավարական այլ նպատակների համար սփյուռքի ներուժի հավաքագրումը,
սփյուռքի բազմազան շրջանակների հետ համագործակցությամբ ու համատեղ սփյուռքի ներուժի վերարտադրությանն ու սփյուռքի ուժեղացմանն ուղղված ծրագրերի մշակումն ու իրագործումը։
Սփյուռքի ուսումնասիրությունների տեսությունն ու պրակտիկան ցույց են տալիս, որ սփյուռքների սահմաններն անորոշ են և այդ իմաստով սփյուռքում ներկայացուցչական մարմինների ստեղծումը գործնականում անիրագործելի է։
Սփյուռքի նախարարությունը, սակայն, պարբերաբար տեղեկանալով սփյուռքի բազմազան շրջանակների, խմբավորումների, համայնքների խնդիներին, տարբեր ու բազմազան շրջանակների հետ մշտական կապի և քննարկումների մեջ լինելով և վայելելով այդ շրջանակների վստահությունը՝ կարող է նրանց ներկայացնողն ու ներկայացուցիչը դառնալ Հայաստանում և ՀՀ կառավարությունում։
Ինչպես, օրինակ, գյուղատնտեսության կամ կրթության նախարարությունը միաժամանակ ներկայացնում են ինչպես պետության, այնպես էլ՝ այդ ոլորտում աշխատողների և այդ ոլորտում գործող կառույցների շահերը, Սփյուռքի նախարարությունն էլ կարող է հանդիսանալ այդ միջնորդ կառույցը, որ Հայաստանը կներկայացնի սփյուռքում, և սփյուռքի բազմազան շահերի ներկայացնողը կլինի Հայաստանում։ Ուժեղ Հայաստան և ուժեղ սփյուռք ունենալու տեսլականի իրագործման համար սփյուռքի հետ հարաբերությունները պետք է կառուցվեն փոխշահավետության սկզբունքով, որոնք Հայաստանի զարգացմանը զուգահեռ կնպաստեն նաև սփյուռքի բազմազան շրջանակների կարողությունների և ներուժի հարստացմանը։
Այս տեսլականին ու առաքելությանը ծառայող նորացված Սփյուռքի նախարարությունը կարող է լինել այն գերատեսչությունը,
ա) որ կմշակի սփյուռքի նորարարական քաղաքականության ռազմավարությունը, նպատակները, խնդիրները; որ կստեղծի սփյուռքի քաղաքականության արդյունավետության գնահատման մեխանիզմներ՝ մշտական խորհրդատվական խորհրդում սփյուռքը լավ ճանաչող մասնագետների ներգրավմամբ ու նրանց աջակցությամբ; որ նույն խորհրդի աջակցությամբ կմշակի կարճաժամկետ քաղաքականություններ, որոնք կլինեն իրատեսական, փոխշահավետ, ուղղված կլինեն Հայաստանի զարգացմանը և միտված կլինեն սփյուռքյան բազմազան համայնքների կարիքներին;
բ) որ այլ երկրների կառավարությունների հետ համագործակցությամբ կմշակի և կիրագործի սփյուռքի տեղական ներուժն ու միջոցները ներգրավող և Հայաստանի տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված ծրագրեր;
գ) որ կհամագործակցի սփյուռքում գործող կառույցների, անհատների հետ՝ ի նպաստ Հայաստանի և Արցախի անվտանգության;
դ) որ սփյուռքի բազմազան գործարար և այլ շրջանակների հետ պարբերաբար հանդիպումների և քննարկումների արդյունքում ՀՀ այլ գերատեսչությունների հետ համատեղ հանդես կգա Հայաստանում սփյուռքահայերի ներգրավման և ներդրումների դաշտի բարելավմանն ուղղված քաղաքականության առաջարկներով և օրենսդրական նախաձեռնություններով;
ե) որ սփյուռքի ամերիկյան, ռուսական, եվրոպական կամ այլ երկրներում հաստատված բազմազան գործարար, գիտական և մասնագիտական շրջանակների հետ պարբերաբար հանդիպումների և քննարկումների միջոցով կօգնի ՀՀ կառավարությանը գնահատել և պատկերացումներ կազմել միջազգային շուկաներում հայաստանյան արտադրության ապրանքների սպառման հնարավորությունների մասին; որ կօգնի նաև պատկերացումներ կազմել Հայաստանում այն ոլորտների մասին, որոնցում սփյուռքահայ ներդրողները կարող են էական գործունեություն ծավալել;
զ) որի համապատասխան վարչություններն ու բաժինները սփյուռքի տեղական կառույցների կամ անհատների հետ կուսումնասիրեն այս կամ այն երկրում առկա համատեղ գրանտային ծրագրերի միջոցով Հայաստանում կամ սփյուռքի այս կամ այն համայնքում տարբեր զարգացման ծրագրեր իրականացնելու հնարավորությունները, կմշակեն հայաստանյան և սփյուռքյան տարբեր կազմակերպությունների հետ համատեղ առաջարկներ և ծրագրեր;
է) որ ԱԳ նախարարության և Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների հետ համատեղ կաշխատի սփյուռքահայ շահերի խմբերի հետ՝ իրենց իսկ երկրներում հայկական համատեղ քաղաքական օրակարգերի շուրջ, ու թերևս, որոշ քաղաքական օրակարգերի շուրջ նաև ոչ հայկական այլ շահերի խմբերի հետ համագործակցությամբ;
ը) որ կաջակցի սփյուռքի տարբեր կազմակերպություններին և նախաձեռնություններին՝ բազմազան ծրագրերի շուրջ ստեղծելու եռակողմ համագործակցություններ իրենց երկրներում գործող տեղական (հասարակական կամ այլ) կազմակերպությունների, իրենց կազմակերպության և Հայաստանում գործող նմանատիպ (հասարակական կամ այլ) կազմակերպությունների միջև;
թ) որ սփյուռքի տարբեր շրջանակների հետ համատեղ կմշակի ու կիրագործի Հայաստանում զարգացման, ներդրումների և մասնագիտական ներգրավման ծրագրեր, միջնորդ կհանդիսանա Հայաստանում առկա կարիքների, այդ կարիքների շուրջ աշխատող հասարակական կազմակերպությունների ու պետական հաստատությունների և սփյուռքի տարբեր անհատների, կազմակերպությունների ու հաստատությունների միջև;
ժ) որ շարունակաբար ներկա կլինի սփյուռքի բոլոր համայնքներում տեղեկատվական բնույթի գրքույկների, պարբերաբար թարմացվող արդիական կայքէջի, սոցիալական ցանցերում ներկայացվածության, սփյուռքի տարբեր կազմակերպությունների, հաստատությունների և անձանց հետ պարբերաբար կապի մեջ գտնվող իր վարչությունների ու բաժինների, ինչպես նաև ՀՀ ներկայացուցչական մարմիններում սփյուռքի գծով կցորդ (attaché) պաշտոնյաների միջոցով;
ժա) որի համապատասխան վարչություններն ու բաժինները ամենօրյա ռեժիմով կհետևեն սփյուռքում լույս տեսնող ինչպես տպագիր, այնպես էլ ինտերնետային ու թվային հայ պարբերականների բովանդակությանը թե՛ հայերենով, թե՛ հենց իրենց՝ սփյուռքի բազմազան լեզուներով (ռուսերեն, անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն, արաբերեն և այլն), և տեղյակ կլինեն սփյուռքի բոլոր զարգացումներին;
ժբ) որ տարբեր համայնքների մասին պարբերաբար տեղեկատվություն ստանալով՝ կկարողանա կապել սփյուռքի մեկ վայրում կամ ոչ-սփյուռքյան տարածություններում առկա միջոցները այլ սփյուռքյան վայրերում առկա կարիքներին՝ այդպիսով համակարգելով միջոցների ավելի արդյունավետ ծախսը և նպաստելով սփյուռքի տարբեր կենտրոնների միջև անդրազգային կապերի ձևավորմանն ու ամրապնդմանը;
ժգ) որ հարցումների և հետազոտությունների հիման վրա պարբերաբար կմշակի տարբեր երկրներում, կամ մեկ երկրի տարբեր քաղաքներում ու շրջաններում բնակվող ազգությամբ, ծագմամբ կամ որևէ կերպ իրենց հայ համարող անձանց ու խմբավորումներին տարբեր ծրագրերում ներգրավելու դինամիկ քաղաքականություններ, այդպիսով հավաքագրելով սփյուռքի՝ հայկական նախաձեռնություններից ու Հայաստանից կտրված մեծ թիվ կազմող այս սփյուռքահայ զանգվածներին;
ժդ) որ կկարողանա անուղղակիորեն՝ խորհրդատվությամբ կամ խնդիրների լուծմանն իր աջակցությամբ, մասնակից դառնալ սփյուռքի տարբեր կազմակերպությունների կողմից սփյուռքյան դպրոցների կամ այլ հաստատությունների ստեղծման, ընդլայնման, կամ փակման, սահմանափակման և օտարման որոշումներին;
ժե) որ պատրաստ կլինի նախարարի, փոխնախարարների, համապատասխան վարչությունների ու բաժինների մակարդակով արձագանքել սփյուռքի տարբեր կառույցների (կուսակցությունների, եկեղեցիների, բարեգործական, երիտասարդական, մշակութային կամ այլ կազմակերպությունների) կողմից ստացված դիմումներին, և համապատասխան խնդրանքի դեպքում նաև մասնակցել ու միջնորդել սփյուռքի տարբեր համայնքներում առկա խնդիրների լուծմանը (հարկ եղած դեպքում նաև՝ պետական-դիվանագիտական միջնորդությամբ);
ժզ) որ համապաստասխան վարչությունների ու բաժինների պատասխանատուների միջոցով սփյուռքյան տարբեր կառույցների հետ համատեղ կմշակի և կիրականացնի տեղական կոնտեքստներին համապատասխան արևմտահայ կամ արևելահայ լեզուների ուսուցման, տեղական հայկական կրթության ու մշակույթի զագացմանը միտված ծրագրեր;
ժէ) ուր ցանկացած սփյուռքահայ Հայաստան գալուն պես կստանա տեղեկատվություն իր մասնագիտական կամ այլ մասնակցության ու ներդրումների, Հայաստանում հաստատվելու, ուսանելու, զինվորական ծառայություն անցնելու և մի շարք այլ հարցերի շուրջ;
ժը) որ կօգնի սփյուռքահայ հայրենադարձներին հաստատվել Հայաստանում և կնպաստի հայրենադարձների՝ սփյուռքահայից-հայաստանցի անցմանը՝ խորհրդատվության և այլ ծրագրերի միջոցով, ինչպես նաև Հայաստանում հաստատված սփյուռքահայերի հետ ժամանակ առ ժամանակ հարցումների և հարցազրույցների միջոցով ստացված խնդրիներին արձագանքելով և այդ խնդիրները լուծելով։
Իհարկե, այսքանով չեն սահմանափակվում մեր պատկերացրած վերափոխված սփյուռքի նախարարության անելիքները։ Ռամզավարական ուղղությունների այս շարքը կարելի է ընդլայնել փորձագետների և շահագրգիռ ավելի լայն շրջանակների հետ քննարկումների արդյունքում։ Սփյուռքի հետ նման բազմամակարդակ հարաբերություններ ձևավորելու համար անհրաժեշտ է ունենալ առանձին գերատեսչություն, որ ներկայացված կլինի կառավարությունում, հաշվետու կլինի կառավարությանը, որ այլ գերատեսչությունների հետ համագործակցությամբ՝ կմշակի ու կիրագործի սփյուռքի կրթական, մշակութային, քաղաքական, արտաքին քաղաքական ներուժի հարստացմանը նպաստող և այդ ներուժը արդյունավետորեն հավաքագրող բազմազան ծրագրեր։
Սփյուռքի քաղաքականության միջազգային փորձը
Սփյուռքի նորարարական քաղաքականությունների միջազգային փորձ կա։ 2015թ.-ին Իռլանդիայի կառավարության մշակած սփյուռքի քաղաքականությունը, օրինակ, ունի հետևյալ նպատակները.
ա) աջակցել իռլանդացի արտագաղթողներին, որպեսզի լավագույն հնարավոր կենսապայմաններ ստեղծեն իրենց բնակության երկրներում;
բ) օգնել արտագաղթածներին և նրանց սերունդներին զարգացնել և պահպանել իրենց իռլանդական ինքնությունը և կապը Իռլանդիայի հետ;
գ) սփյուռքի անդամների հետ համատեղ աշխատել ի նպաստ Իռլանդիա կղզում շարունակական խաղաղության ու բարեկեցության:
«Գլոբալ իռլանդացի» խորագրով սփյուռքի քաղաքականության այս նպատակները հիմնված են իռլանդական սփյուռքի իրատեսական ըմբռնման վրա, որն ընդգրկում է թե՛ Իռլանդիայից վերջին տարիներին արտագաղթածներին, և թե՛ իռլանդական ծագումով անձանց, որոնք ապրում են Իռլանդիայից դուրս, բայց այս կամ այն կերպ կապված են իռլանդական մշակույթին ու ժառանգությանը։ Կարելի է, իհարկե, ուսումնասիրել, թե ինչպես է իռլանդական կառավարությունն իրագործում այս նպատակները, սակայն կարևոր էլ չէ, որ Հայաստանի քաղաքականությունը ընդօրինակի իռլանդական, հրեական, հնդկական, լիբանանյան կամ այլ սփյուռքների քաղաքականությունները։
Ամփոփում
Սփյուռքի համեմատական ուսումնասիրությունները հայ սփյուռքի էմպիրիկ հետազոտություններին զուգահեռ՝ հիմքեր կապահովեն ավելի արդյունավետ և ճկուն սփյուռքի քաղաքականություններ մշակելու համար։ Ավելին, սփյուռքի նորացված նախարարությամբ և քաղաքականությամբ հետհեղափոխական Հայաստանը կարող է նաև հանդիսանալ պետություն-սփյուռք(ներ) հարաբերությունների ու նորարարական քաղաքականությունների արտահանողն ու մոդելը։ Վերը շարադրված հեռանկարներն ունենալու տեսանկյունից սփյուռքի հետ նորարարական քաղաքականություների մշակման այս պատմական հնարավորությունների փուլում սփյուռքի հետ հարաբերությունների անկախ գերատեսչություն ունենալն առավել քան կարևոր է։ Սակայն սփյուռքի նախարարության ռազմավարության, ծրագրային ու կադրային վերանայումն ու օպտիմալացումն անհրաժեշտություն է:
Մեր համոզմամբ, սփյուռքը աշխարհաքաղաքական առումով Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի և կարող է ունենալ, ինչպես այլ երկրների համար իրենց բնական պաշարները։ Եթե ռազմավարական առումով, երկարաժամկետ հեռանկարում, սփյուռքի ներուժի հզորացումն ու հավաքագրումը Հայաստանի համար նույնքան կարևոր է, որքան գիտության, բժշկության, տնտեսության զարգացումը, ապա սփյուռքի հետ հարաբերությունները նույնպես պետք է ընդգրկված լինեն Հայաստանի ներքին քաղաքական կարևորագույն ոլորտների շարքում։ Սփյուռքի նախարարության գործունեությունը ժամանակի ընթացքում գերարդյունավետ դարձնելով՝ հնարավոր կլինի սփյուռքի բազմազան համայնքների, կազմակերպությունների և սփյուռքի ամենահեռացած և օտարված շրջանակների հետ ուղղակի կապեր ստեղծել, և ժամանակի ընթացքում նպաստել սփյուռքի հզորացմանն ու Հայաստանի ռազմավարական խնդիրների լուծման նպատակով սփյուռքի ներուժի հավաքագրմանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը