06 12 2018

Կառավարություն 6-ամսյա ժամկետում հնարավորություն տրվեց աջ ղեկով մեքենաներ ներմուծել

Կառավարություն 6-ամսյա ժամկետում հնարավորություն տրվեց աջ ղեկով մեքենաներ ներմուծել

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Բագրատ  Բադալյանը դեկտեմբերի 6-ին, կառավարության նիստում ներկայացրեց «ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1359-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին»  որոշման նախագիծը՝ ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները «Վերամշակում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ՀՀ տարածք ներմուծելու համար:

Նա նշեց, որ նշված մաքսային ընթացակարգը հնարավորություն կտա աջակողմյան ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցներն առանց վերասարքավորման ներմուծելու  ՀՀ տարածք, մինչև 6-ամսյա ժամկետում իրականացնել ձախակողմյան ղեկային համակարգի փոխարինում, այնուհետև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսազերծելուց հետո դրանք հաշվառել ՀՀ ոստիկանությունում և ազատ շահագործել: Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ թեթև մարդատար տրանսպորտային միջոցները ՀՀ տարածք ներմուծելու վերջնաժամկետը 2019 թվականի մարտի 1-ն է:

Արարատ Միրզոյանը հստակեցրեց, որ այն մեքենաները, որոնք կուտակված են մաքսակետում և այն մեքենաները, որոնք մինչև մարտի մեկը կհայտնվեն մաքսակետում, հնարավորություն կունենան այս մեխանիզմով փոխելու ղեկը և շահագործելու:

Նա հետաքրքրվեց, թե արդյոք «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները հիմնականում այս մոտեցմանը կո՞ղմ են և ստացավ դրական պատասխան:

«Այն ներմուծողները, որոնք մաքսակետում են, պարտավորություն են ստանձնել, որ սա վերջին խմբաքանակն է, որ հնարավորություն են ստանում մաքսազերծելու»,-ասաց փոխնախարարը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ