30 11 2018

Հայաստան տեղափոխվելու որոշումը կայացրել եմ այս տարի. Նիկոլյա Ազնավուր

Հայաստան տեղափոխվելու որոշումը կայացրել եմ այս տարի. Նիկոլյա Ազնավուր

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլյա Ազնավուրը, օրերս Մոսկվա է ժամանել, որտեղ մասնակցել է «Գթասրտության ժամանակագրություն» խորագրով միջոցառմանը: Նա rusarminfo.ru-ին տված հարցազրույցում պատմել է այն մասին՝ ինչպես է որոշել Հայաստան տեղափոխվել, և ինչպես է զգում իրեն իր նախնիների հայրենիքում:

Շվեյցարիայում մեծացած Նիկոլյան Հայաստանում է եղել բազմիցս, սակայն մեր երկիր տեղափոխվելու վերջնական որոշումը կայացրել է այս տարի:

«Ես սիրում եմ Երևանը, այն ինձ շատ է դուր գալիս: Այնտեղ հարմարավետ է: Այժմ ես ակտիվ հայերեն եմ սովորում: Այն շատ բարդ է, սակայն կամաց-կամաց ստացվում է խոսել»,- ասել է շանսոնյեի որդին:

Նա պատմել է, որ Հայաստանում իր եվրոպական արտաքինի պատճառով, քանի որ մայրը շվեդուհի է, հաճախ չեն ընկալում իրեն որպես հայ, և նա ստիպված է լինում ամեն անգամ ապացուցել, որ «իսկական հայ» է:

«Ես հայ եմ, և դա չի քննարկվում: Հնարավոր է՝ հայի արտաքին չունեմ: Սակայն ֆրանսերենում կա լավ արտահայտություն՝ «Հագուստը, որ կրում ես, քեզ չի դարձնում այն, ինչ կաս»: Դա իսկապես այդպես է»,- ասել է նա:

 Նիկոլյա Ազնավուրը նաև խոստովանել է, որ հաճախ է Հայաստանում շուկաներ այցելում, մարդիկ սկսում են իր հետ ռուսերեն խոսել, իսկ նա հայերեն է պատասխանում՝ ասելով, որ ռուսերեն չի խոսում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ