04 02 2022

Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջը կկրի Շառլ Ազնավուրի անունը

Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջը կկրի Շառլ Ազնավուրի անունը

pastinfo.am-ը գրում է․

2018 թվականին Երևանի մշակույթի պետական քոլեջը դիմել էր «Ազնավուր» հիմնադրամին և Ազնավուր ընտանիքի անդամներին` քոլեջը Շառլ Ազնավուրի անվամբ կոչելու խնդրանքով։ Տևական գործընթացի արդյունքում անվանափոխության մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության կողմից: Քոլեջի զարգացման և արդիականացման նպատակով կնքվել է նաև հուշագիր ՀՀ ԿԳՄՍՆ-ի և «Ազնավուր» հիմնադրամի միջև: Այս մասին հայտնում են քոլեջից։ 

Քոլեջի ղեկավարությունը հավատացած է, որ այսուհետ քոլեջը միայն վերելք է ապրելու ոչ միայն գիտական, կրթական, այլև մշակութային ու ստեղծագործական ոլորտում:

«Որպես այս ուսումնական հաստատության ղեկավար՝ իմ գործունեությամբ հնարավորինս կնպաստեմ, որ ուսումնական հաստատությունն ունենա առաջընթաց և ավելի ներկայանալի դառնա։ Բնականաբար, շատ անելիքներ ունենք, որոնք մենք բազմիցս քննարկել ենք և՛ նախարարության, և՛ հիմնադրամի հետ, բայց չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել։ Միայն կարող եմ ասել՝ այդ անելիքների կծիկն արդեն մեր ձեռքում է, որի թելի ծայրից բռնել ենք միասին։ Ոգևորիչ է այն փաստը, որ «Ազնավուր» հիմնադրամն իր ողջ ներուժով և հնարավորություններով պատրաստակամ է աջակից լինելու այս ուսումնական հաստատության վերակազմակերպման և նոր ակադեմիական հարթակ ստեղծելու գործին։ Շնորհավորում եմ բոլորին»,- նշել է Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը։

«Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրը շնորհավորում է բոլորին այս անվանակոչության առթիվ և մաղթել քոլեջին բարգավաճում։

«Շառլ Ազնավուրի կյանքն ու կարիերան բազում երիտասարդների են ոգեշնչել ողջ աշխարհում: Նրա անցած ուղին բարդ էր և լի փորձություններով, որոնք նա կարողացավ հաղթահարել իր աշխատասիրության շնորհիվ: Մենք լիահույս ենք, որ Շառլ Ազնավուրի անունը կրող քոլեջում իրենց մասնագիտական ուղին կսկսեն ապագա աշխարհահռչակ արտիստներ, ռեժիսորներ, դերասաններ»,- ասել է նա։ 

Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջը ստեղծվել է Երևանի մշակույթի պետական քոլեջի և ջազային արվեստի պետական քոլեջի միավորման արդյունքում: Քոլեջում միջին մասնագիտական կրթություն է ստանում շուրջ 650 ուսանող` տասից ավելի մասնագիտական ուղղություններով:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ