22 11 2018

Ոստիկանը մոտենա վարորդին, թե՞ վարորդը՝ ոստիկանին. կորոշի կառավարությունը

Ոստիկանը մոտենա վարորդին, թե՞ վարորդը՝ ոստիկանին. կորոշի կառավարությունը

Նոյեմբերի 22-ի Կառավարության նիստում ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ներկայացրեց նախագիծ, ըստ որի առաջարկվում է լրացում կատարել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքի» 24-րդ հոդվածում, Ճանապարհային երթևեկությունը կարգավորող ծառայողի կողմից օրենքով սահմանված կարգով տրանսպորտային միջոցի կանգնեցնելուց հետո տրանսպորտային միջոցի խցիկից կամ սրահից դուրս չգալու, ինչպես նաև ոստիկանության ծառայողի պահանջով տրանսպորտային միջոցի խցիկում նստելու պարտականությունը նախատեսելով վարորդների համար: «Լրացվող պարտականությունը նախատեսվում է ինչպես հասարարական կարգի, այնպես էլ վարորդ-ոստիկան շփման ընթացքում կոռուպցիոն ռիսկերը նվազագույնին հասնելու նպատակով», - ասաց Օսիպյանն:

Նիկոլ Փաշինյանը հարցրեց. «Ճի՞շտ հասկացանք, որ երբ ՃՈ աշխատակիցը կանգնեցնում է, վարորդը պետք է մնա մեքենայի մեջ նստած»:

«Այո, պետք է մնա, սակայն եթե իր ցանկությամբ իջնում է, ելնելով ստեղծված իրավիճակից, ոստիկանը կարող է ստիպել, որպեսզի նա վերադառնա սրահ: Չվերադառալու դեպքում վրա է հասնում ոստիկանության աշխատակցի օրինական պահանջը չկատարելը: Ոստիկանը կմոտենա, կներկայացնի խախտումը»,- արձագանքեց Օսիպյանը:

Փաշինյանը նկատեց, որ հիմա էլ է այպես, Օսիպյանն էլ արձագանքեց, որ մինչ այս չի եղել ոստիկանի միջամտության հարցը: Նա ասաց, որ այս կարգավորումը նրա համար է, որ հետագայում, եթե վարորդը դուրս է գալիս խցիկից, դա չորակվի որպես դիմադրություն: Օսիպյանի խոսքով, հնարավոր է լինեն դեպքեր, երբ անհրաժեշտություն լինի, որ վարորդը դուրս գա, օրինակ, երբ անհրաժեշտություն լինի բեռնախցիկը բացել և այլն: Փաշինյանն արձագանքեց, որ համաձայն է, որ ընդունված պրակտիկա է, որ վարորդի իջնելը կապվում է կոռուպցիոն գործընթացների հետ: «Բա՝ մի քիչ քայլենք, մտնենք կողքի անտառ ու դուրս գանք», - կատակեց Նիկոլ Փաշինյանը:

Նա առաջարկեց հարցի քննարկումը հանել օրակարգից, նախ սոցիալական գովազդ անել, հասկանալ մարդկանց արձագանքը, ապա ընդունել օրենքը:

«Կքննարկեք, ավելի կոնկրետ մեխանիզմ կառաջարկեք», - ասաց Փաշինյանը: Նա նկատեց, որ եթե օրենքը հստակ սահմանի, որ վարորդն իրավունք չունի դուրս գալ մեքենայից, դա կնվազեցնի կոռուպցիոն ռիսկը, բայց եթե ասում են՝ կարող է դուրս գալ, կարող է դուրս չգալ, կարող է ոստիկանը պահանջի, կարող է չպահանջի, բա էդ դեպքում՝ օրենքի իմաստը ո՞րն է:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ