19 11 2018

Փորձ է արվել բանկոմատներից խոշոր գումար հափշտակել

Փորձ է արվել բանկոմատներից խոշոր գումար հափշտակել

Բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ էլեկտրոնային սարքավորման միջոցով փորձ է կատարվել Երևանում գործող տարբեր բանկոմատներից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Քննչական կոմիտեից:

Նախնական քննության տվյալներով ՀՀ քաղաքացին արտագնա աշխատանքի ընթացքում ծանոթացել է ՌԴ քաղաքացի հանդիսացող տղամարդու հետ, ընկերացել։ Վերջիններս, տեղեկանալով էլեկտրոնային սարքավորման միջոցով բանկոմատներից հափշտակություն կատարելու հնարավորության մասին, 2018թ. հունվարի 26-ին Ռուսաստանից ժամանել են Երևան, որից մի քանի օր անց ինքնաշեն էլեկտրոնային սարքավորման միջոցով բանկոմատի թղթադրամների տրամադրման մեխանիզմի տպասալի (պլատայի) կառավարման մալուխին հասանելիություն ստանալու եղանակով, փորձել են հափշտակել երեք տարբեր բանկոմատում առկա կանխիկ գումարը։

ՀՀ քաղաքացի հանդիսացող տղամարդը կանգնել է բանկոմատի առաջ և փակել այլ անձանց տեսադաշտը, իսկ ՌԴ քաղաքացի հանդիսացողը՝ կպչուն ժապավենով փակել է բանկոմատի տեսախցիկը, զոդիչ գործիքով վնասել բանկոմատի դիմային դետալը, հասանելիություն ստացել բանկոմատի թղթադրամների տրամադրման մեխանիզմի կառավարման մալուխին ու փորձել, ինքնաշեն էլեկտրոնային սարքավորումը դրան միացնելով, շրջանցել բանկոմատի աշխատանքային ռեժիմն ու հափշտակել բանկոմատում առկա գումարը։

Մի դեպքում առերևույթ հանցագործություն կատարած անձանց չի հաջողվել գործարկել սարքավորումը, և նրանք հեռացել են դեպքի վայրից։ Նույն մեխանիզմով մեկ այլ բանկոմատից հաջողվել է դուրս բերել միայն որոշ մասը՝ 1 մլն 440 հազար դրամը, իսկ երրորդ փորձի ժամանակ՝ բանկոմատի դիմային դետալը վնասելուց հետո, հայտնաբերվել են բանկոմատների անվտանգությունն ապահովող աշխատակիցների կողմից, և հանցագործությունն ավարտին չեն հասցրել իրենց կամքից անկախ հանգամանքներով:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ մեղադրանք է առաջադրվել 2-ին էլ։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ