16 11 2018

Շինթույլտվություն՝ առավելագույնը 15 օրում

Շինթույլտվություն՝ առավելագույնը 15 օրում

Երևանում շինարարական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ է ստանալ համապատասխան թույլտվություն: Գործընթացի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը, փաստաթղթերի ցանկը, ձևաթղթերը, դիմումի օրինակները հասանելի են Երևանի քաղաքապետարանի www.yerevan.am պաշտոնական կայքի «Մեկ պատուհան» բաժնում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Ռուբեն Խոջայանը նշում է. «Քաղաքացիներն առաջին փուլով պետք է ներկայացնեն էսքիզային տարբերակ, թե ինչ շինարարական աշխատանքն են պատրաստվում իրականացնել, որի հիման վրա տրամադրվում է ճարտարապետահատակագծային առաջադրանք: Անհրաժեշտ այլ փաստաթղթերի հետ այն ներկայացնելով քաղաքապետարան՝ քաղաքացիները սահմանված ժամկետում կստանան շինարարության թույլտվություն»:

Եթե բնակելի տունը կամ այգետնակը քաղաքաշինական գոտուց դուրս է, ապա օրինակ՝ պատշգամբի, տանիքի կառուցման կամ վերակառուցման համար թույլտվությունները կարելի է ստանալ նաև վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից: Կախված շինարարության տեսակից՝ թույլտվությունը տրամադրվում է մինչև 15-օրում:

Վիճակագրության համաձայն՝ այս տարվա նոյեմբերի 1-15-ը քաղաքացիների կողմից ստացվել է հողազավթման և ապօրինի շինարարության 91 ահազանգ, որոնցից 36 դեպքերում շինարարությունն անօրինական է ճանաչվել:  30-ի նկատմամբ նշանակվել է վարչական տույժ, 11-ի հետևանքներն էլ վերացված են:

Երևանի քաղաքապետարանը մեկ անգամ ևս տեղեկացնում է՝  մայրաքաղաքում առանց թույլտվության այլևս որևէ շինարարություն չի իրականացվելու:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ