Ամառն աչքի ընկավ տեղական ու միջազգային ընկերություններում աղմկահարույց խուզարկումներով ու ստուգումներով: Այդ շարքում պետք է նշել նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում կատարված խուզարկությունը, որը կատարվել էր օգոստոսի 15-ին։
Խուզարկության արդյունքում Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներն առգրավել էին փաստաթղթեր և ստուգել աշխատակիցների անձնական իրերը: Պետք է նաև նշել, որ խուզարկությունը իրականացվել էր գիշերը, մասնակցել էին ՊԵԿ հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները՝ դիմակավորված:
Հետագայում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշել էր, որ դիմակավորված աշխատակիցները սպասել են մեքենայում, վերջում օգնել են փաստաթղթեր տեղափոխելու հարցում: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու է ստուգումը գիշերն անցկացվել, Անանյանն ասել էր՝ որովհետև դատարանից սանկցիան ուշ են ստացել:
Աղմկոտ խուզարկության հաջորդող ամիսները մեղմ ասած բավականին լուռ էին: Ի վերջո ի՞նչ խուզարկություն էր, ի՞նչ պարզվեց արդյունքում, ո՞րն է ընկերության դիրքորոշումը, փորձեցինք ճշտել «Հարավկովկասյան երկաթուղի» մամուլի քարտուղար Ռուբեն Գրդզելյանից:
«Որևէ նորություն այս ընթացքում չի եղել, փաստաթղթերը դեռ մեզ չեն վերադարձվել, այդ խուզարկությունից հետո ՊԵԿ-ի կողմից եղել են ևս մի քանի ստուգումներ, այցեր, թե կոնկրետ ինչ նապատակ էին կրում, չեմ կարող հստակ ասել: Ընկերությունն այս պահին որևէ կերպ չի ցանկանում մեկնաբանել կատարվածը: Սպասենք, թե երբ իրավապահ մարմինները հանդես կգան պաշտոնական հայտարարությամբ»- ասաց նա:
Ընկերությունը «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է, որը ՀՀ խոշորագույն հարկատուներից է: Այս խուզարկությունը դիտվեց հայ-ռուսական հարաբերությունները ստվերող գործոն, մանավանդ որ որևէ կոնկրետ հայտարարություն չարվեց արդյունքների մասին։
Հավելենք միայն, որ սա միակ դեպքը չէ, որ ստուգումներից, խուզարկումներից հետո պաշտոնական հայտարարություն այդպես էլ չի արվում: «Վեոլիա ջուր» ընկերությունը, «Հարավկովկասյան երկաթուղիներ», «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս» ընկերությունները սպասում են իրավապահների արձագանքին, ի դեպ, հասարակությունը՝ նույնպես: Նոյեմբերի 7-ին նույնը պատասխանեցին «Վեոլիա ջուր» ընկերությունից։
Թեմայի շուրջ տես նաև՝
Իրավապահ մարմինները «Վեոլիա ջրից» ամռանը առգրաված փաստաթղթերը դեռ ուսումնասիրում են
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը