02 11 2018

Լրագրողը պետք է համոզված լինի, որ իր աշխատանքը պաշտպանված է․ ՄԻՊ

Լրագրողը պետք է համոզված լինի, որ իր աշխատանքը պաշտպանված է․ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը  լրագրողների դեմ հանցագործությունների անպատժելիության դադարեցման միջազգային օրվա կապակցությամբ ուղերձ է հղել, որում նշվում է․

«Սիրելի՛ լրագրողներ

Նոյեմբերի 2-ը լրագրողների դեմ հանցագործությունների անպատժելիության դադարեցման միջազգային օրն է: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի հիմնարար ուղղություններից է լրագրողի մասնագիտության նկատմամբ հարգանքի ու մասնագիտական անխոչընդոտ աշխատանքի երաշխավորումը: Խոսքի և լրագրողական գործունեության ազատությունը երկրում ժողովրդավարության զարգացման հիմնարար ցուցիչներից է:

Պատասխանատու լրագրությամբ առաջնորդվելու ձեր բարձր կոչումով ու ամենօրյա բարդ աշխատանքով նպաստում եք երկրում ժողովրդավարության զարգացմանը: Գլխավորապես ձեր աշխատանքի շնորhիվ է քաղաքացին պատկերացում կազմում հանրային մարմինների ու այդ մարմինները ներկայացնող պաշտոնատար անձանց աշխատանքի մասին: Այդ կերպ է երաշխավորվում քաղաքացիական վերահսկողությունը պետության նկատմամբ:

Մեծ է լրագրողի դերը նաև այլակարծության խթանման ու երկրում համերաշխության մթնոլորտի ապահովման գործում: Սրանք երկրի առջև ծառացած մարտահրավերները պատվով հաղթահարելու ու փոփոխությունների սահուն անցումներ ապահովելու կարևոր գրավականներ են: Լրագրողի մասնագիտական աշխատանքի նկատմամբ ցանկացած ոտնձգություն պետք է արժանանա պետության խիստ արձագանքին, իսկ իրավախախտում թույլ տված անձը պետք է ենթարկվի պատասխանատվության անխուսափելի միջոցների:

Լրագրողն ինքը պետք է համոզված լինի, որ իր մասնագիտական աշխատանքը պաշտպանված է պետության կողմից: Մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակի առավելագույն հնարավորություններով շարունակելու եմ գործադրել ջանքեր՝ նպաստելու համար լրագրողական պաշտպանված աշխատանքի երաշխավորմանը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ