27 10 2018

Տղամարդը փորձել է նռնակով ներխուժել Կառավարության շենք

Տղամարդը փորձել է նռնակով ներխուժել Կառավարության շենք

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը մանրամասներ է ներկայացրել կառավարության շենքում գրանցված միջադեպի վերաբերյալ: Ինչպես փոխանցեցին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից 1975թ. ծնված տղամարդը ձեռքի նռնակով մուտք է գործել կառավարության շենք՝ ինքնապայթեցման նպատակով, սակայն վնասազերծվել է կառավարության շենքում պահպանություն իրականացնող ԱԱԾ աշխատակիցների կողմից: Քաղաքացին բերման է ենթարկվել ԱԱԾ:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի առաջին մասով: Հանգամանքները պարզվում են:

***

Միջադեպն ուղղված չի եղել վարչապետի դեմ։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանը՝ անդրադառնալով ժամեր առաջ Կառավարության շենք նռնակով մուտք գործելու փորձին։  «ՀՀ կառավարության շենքն անվտանգ է, միջադեպն ուղղված չի եղել վարչապետի դեմ, որևէ մեկին վտանգ չի սպառնացել և շնորհակալ եմ անվտանգության աշխատողներին ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար»,– գրել է Բաղդասարյանը։

***

Միջին տարիքի (մոտ 40 տարեկան) մի տղամարդ քիչ առաջ փորձել է մտնել ՀՀ կառավարության շենք։ Նրա մոտ նռնակ է եղել։ Ոստիկանության աշխատակիցները զինված քաղաքացուն մեկուսացրել են: Նախնական տվյալների համաձայն՝ նրան բերման են ենթարկել Ազգային անվտանգության ծառայություն: 

Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։

Կառավարության շենքի հարակից տարածքում նկատվում են ոստիկանության և շտապօգնության ավտոմեքենաներ։ Տեղում աշխատել է նաև մեկ մարտական հաշվարկ  ՀՀ ԱԻՆ-ից, որն արդեն հեռացել է:

Ոստիկանությունը և ԱԱԾ-ն այս մասին ոչինչ դեռևս չեն հաղորդում: Ըստ որոշ տեղեկությունների` միջադեպի վայրում է եղել նաև ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ 

Ըստ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի՝ տղամարդն ունեցել է սոցիալական խնդիրներ։ Դեպքի վայրում է եղել նաև ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը, ով նշել է, որ տեսել է՝ ինչպես են ոստիկանները մեկուսացնում տղամարդուն։

ԱԻՆ մամուլի խոսնակ Սաթենիկ Ասիլյան հայտնել է, որ հոկտեմբերի 27-ի երեկոյան ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ռումբ տեղադրել Կառավարության շենքում։

ԱԻՆ-ից մեկ մարտական հաշվարկ և արձագանքման խումբ է մեկնել դեպքի վայր՝ Կառավարության շենք:

«Զանգը նաև փոխանցվել է Ոստիկանությանը և Ազգային անվտանգության ծառայությանը: Սակայն հետո Կառավարությունում աշխատող մեր գործընկերները փոխանցել են, որ ԱԻՆ-ի կարիքը այլևս չկա, քանի որ իրենք արդեն քաղաքացու հետ խոսում են»,- նշել է խոսնակը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ