Նախարարությունից, պատասխանելով «Ազատությանը» հարցմանը, հայտնել են, որ նշված դեպքերի կապակցությամբ նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ խնդրելով համապատասխան տեղեկատվությունը ստանալու համար դիմել քննչական մարմնին:
«Ազատությունը» դեռ մեկ ամիս առաջ էր հարցում ուղարկել նախարարությանը, որտեղից էլ խնդրել էին 30-օրյա ժամկետ՝ տեղեկությունները հավաքելու համար։
Առողջապահության նախարարն էլ հունիսի 26-ին նոր հրաման է արձակել՝ կարգավորելով մինչև այս արգելված «Զարյա 3» տեսակի լուսաձայնային նռնակների կիրառման կանոնները հավաքների ժամանակ, նախարարությունը դեռ չի բացատրում, թե ինչո՞ւ: Իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը կասկածներ ունի, որ սա կապ ունի հունիսի 12-ին ընդդիմության հանրահավաքի հետ։ Ըստ իրավապաշտպան կազմակերպության ուսումնասիրության, հունիսի 12-ին կիրառվել է «Զարյա 3» տեսակի լուսաձայնային նռնակ։
«Կիրառել են «Զարյա 3»-ներ, որոնց կարգավորումը Առողջապահության նախարարի հրամանում կիրառման պահին չի եղել։ Հետո հասկացել են, որ սխալ են արել, որոշել են գոնե հետո շտկեն սխալը, հետո նոր ներառել են դրանք առողջապահության նախարարի հրամանում», - «Ազատության» հետ զրույցում նշել է իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը։
«Ազատությունը» Առողջապահության նախարարությանը ևս հարցում է ուղարկել, խնդրել պարզաբանել, թե ինչո՞ւ է նախարար Անահիտ Ավանեսյանը որոշել փոփոխություն անել 2012 թվականից գործող հրամանի մեջ, որտեղ «Զարյա 3» տեսակի նռնակը հիշատակված չէ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը