Ուկրաինայի Վինիցկի շրջանում տեղի ունեցած Սու-27-ի ավիավթարի հետևանքով ամերիկացի օդաչու է մահացել։ Տեղեկությունը հաստատել է Ուկրաինայի ռազմական դատախազությունը, գրում է РИА Новости-ն։
Երկու օդաչուն էլ, որոնցից մեկն Ուկրաինայի ռազմաօդային ուժերի սպա է, երկրորդը՝ ԱՄՆ Ազգային գվարդիայի օդուժի զինծառայող, մահացել են: Ավելի ուշ դատախազության հաղորդագրությունից օդաչուների քաղաքացիության վերաբերյալ տեղեկությունը ջնջվել է:
Ուկրաինական Սու-27 կործանիչը վթարվել է «Մաքուր երկինք 2018» զորավարժությունների շրջանակում թռիչք իրականացնելիս: Ուկրաինական հեռուստատեսությունը հաղորդել է, որ օրեր առաջ զորավարժությունների շրջանակում ուսումնական մարտ է տեղի ունեցել Սու-27-ի և F-15-ի միջև, որում հաղթող է ճանաչվել Սու-27-ը՝ ավելի լավ հնարքներ կատարելու շնորհիվ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը