ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն նախաձեռնել է անօդաչու համակարգերի (դրոն) անվտանգ շահագործման և գրանցման նոր կանոնակարգի մշակման աշխատանքները: Այս մասին է տեղեկացնում է կոմիտեի մամուլի ծառայությունը:
«Կանոնակարգում չեն ներառվելու մինչև 250 գրամ քաշով անօդաչու համակարգերով կատարվող թռիչքները, խաղալիք անօդաչու թռչող համակարգերով կատարվող թռիչքները (երեխաների համար), ինչպես նաև մասնավոր սեփականություն հանդիսացող փակ տարածքներում շահագործվող անօդաչու թռչող համակարգերը:
14 տարեկանից ցածր անձինք իրավունք ունեն օգտվել անօդաչու թռչող համակարգերից միայն չափահաս անձանց հսկողության ներքո:
Կանոնակարգը շուտով հասանելի կլինի: Մինչ այդ, խնդրում ենք հետևել ընդհանուր պահանջներին.
ՉՊԵՏՔ Է
• Չպետք է կատարել որևէ փոփոխություն անօդաչու թռչող սարքի հետ՝ առանց արտադրողի հաստատման:
• Չպետք է գործածել անօդաչու թռչող համակարգը 50 մ-ից առավել բարձրություն ունեցող տեղանքի կամ ջրային մակերեսի վրա՝ առանց հատուկ թույլտվության: Չպետք է գործարկել անօդաչու թռչող համակարգը քաղաքների, փողոցների, այգիների եւ այնպիսի օդային տարածքների վրա, որտեղ անօդաչու սարքի գործողությունը նախապես սահմանափակում է: Մի օգտագործեք անօդաչու թռչող սարքերը խիտ բնակեցված ու բազմամարդ վայրերում:
• Չպետք է շահագործել անօդաչու թռչող համակարգը երեկոյան, գիշերը՝ մութ ժամանակ։
• Չպետք է շահագործել անօդաչու թռչող համակարգը շենքի և խաղադաշտի վրա, երթևեկությանը մոտ տարածքներում, բարձր լարվածության գծերի եւ լարերի շրջակայքում:
• Չօգտագործել անօդաչու թռչող համակարգը օդանավերի և օդանավակայանների հարևանությամբ: Օդանավակայանի հսկվող սահմանափակ տարածքի հորիզոնական հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս, քան 7 կմ:
• Անօդաչու թռչող համակարգը չպետք է գործածվի անօրինական նպատակներով: Հանրային կամ սեփական տարածքներում լուսանկարելու նպատակով անօդաչու թռչող համակարգերը կարող են օգտագործվել միմիայն սեփականատիրոջ կոմից թուլյտվության առկայության պարագայում: Հարկ է հիշել, որ մասնավոր սեփականության գաղտնիությունը և անձեռնամխելիությունը երաշխավորված և պաշտպանված են ՀՀ օրենքով:
• Նաև պետք է նշել, որ անօդաչու թռչող սարք շահագործողներն իրենք են պատասխանատու ապահով գործարկման համար: Անօդաչու թռչող սարքի սխալ գործարկումը կարող է վտանգել ավիացիան և հանրային ապահովությունը:
ՊԵՏՔ Է
• Խստագույնս հետևել ՔԱԳՎ-ի 2007 թվականի 56N հրամանի պահանջներին (թարմացվել է 2016 թվականին):
• Համոզվել, որ պատշաճ կերպով ապահովագրված եք:
• Ստուգել անօդաչու թռչող համակարգը յուրաքանչյուր թռիչքից առաջ. համոզվել, որ ձեր անօդաչու թռչող սարքի էլեկտրոնային նույնականացման և աշխարհագրական դիրքի համակարգը արդիական է (առկայության դեպքում):
• Գործարկել անօդաչու թռչող համակարգը պահպանելով արտադրողի կողմից սահմանված տեխնիկական նորմերը և սահմանափակումները: Նախքան անօդաչու սարքի գործարկումը, պետք է համոզվել, որ դրա բոլոր տարրերը պատշաճ կերպով աշխատում են:
• Թռիչքները պետք է իրականացնել բացարձակապես պարզ և վիզուալ օդերևութաբանական պայմաններում։ Շարունակաբար պահպանել տեսողական կապը անօդաչու թռչող սարքի հետ `առանց որեւէ օժանդակ սարքերի օգտագործման (աստղադիտակ, հեռադիտակ, էլեկտրական օպտիկական պատկերի ուժեղացուցիչ):
Անթույլատրելի է գործածել անօդաչու թռչող համակարգը 50 մ-ից առավել բարձրություն ունեցող տեղանքի կամ ջրային մակերեսի վրա՝ առանց հատուկ թույլտվության:
• Ծանոթանալ այն տարածքի հետ, որտեղ դուք ցանկանում եք գործարկել անօդաչու թռչող համակարգը, պլանավորել թռիչքը:
• Ստուգել եղանակային պայմանները: Անօդաչու թռչող սարքի գործարկումը անբարենպաստ եղանակային պայմաններում կարող է վտանգավոր լինել ինչպես ձեզ, այնպես էլ շրջապատող մարդկանց համար և կարող է կործանարար լինել սարքի համար:
• Տեղեկացնել Քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեին, եթե ձեր անօդաչու թռչող սարքի հետ պատահար է տեղի ունենում, ինչը հանգեցնում է անձի լուրջ կամ մահացու վնասվածքի, կամ ազդում է օդանավի վրա»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը