02 10 2018

«Ավրորա»-ն Ազնավուրի անվան նոր կրթաթոշակ կտրամադրի

«Ավրորա»-ն Ազնավուրի անվան նոր կրթաթոշակ կտրամադրի

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը, Ռուբեն Վարդանյանը և Վարդան Գրեգորյանը հաղորդագրություն են տարածել՝ տեղեկացնելով, որ ի հիշատակ աշխարհահռչակ շանսոնյե, ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնավուրի՝  նրան անունով ամենամյա կրթաթոշակ կստեղծվի:

Հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Շառլ Ազնավուրը ներկայացնում էր հայ մարդու պատմությունը: Լինելով փախստականների զավակ՝ նա դարձավ համաշխարհային կուռք, որն իրերաժշտությամբ եւ բնույթով մարդկայնության եւ մարդասիրության ուղերձներ էր հղում համայն աշխարհին: Նրա հմայքը, մարդու նկատմամբ անկեղծ սերը նրան հայտնի դարձրին ողջ աշխարհով մեկ: Մենք կհիշենք նրան այն ամեն համար, ինչ տվեց մեզ՝ սեր, եռանդ, ինքներս մեր եւ մեր մերձավորների նկատմամբ հավատ:Նա տարածեց այս ամենը՝ իբրև դերասան եւ երգիչ, իբրեւ մարդասեր եւբարերար: Նա երբեք չի մոռացվի՝ առհավետ մնալով մեր սրտերում: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության առաջին իսկ օրվանից Ազնավուրը մեր կողքին էր՝ դառնալով «Ավրորա» մրցանակի շնորհման 2016թ.եւ 2017թ.արարողությունների ամենակարեւոր մասնակիցներից մեկը:

Ի հիշատակ Ազնավուրի, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ամենամյա նոր կրթաթոշակ կտրամադրի՝ որպես Երախտագիտության կրթաթոշակ: Այս կրթաթոշակները տրվում են ի երախտիք ավելի քան հարյուր տարի առաջ Հայոց ցեղասպանության տարիներին հայերին ապաստան ու սնունդ տված երկրների ժողովուրդներին: Ազնավուրն այն մարդկանցից էր, որը Ֆրանսիայում ստացավ ապաստան և փառքի հասավ:

Շառլ Ազնավուրի անվան ամենամյա կրթաթոշակը Ֆրանսիայից կամ ֆրանսախոս երկրներից ուսանողներին հնարավորություն կտա սովորելու UWC Դիլիջան միջազգային դպրոցում: Այս կրթաթոշակը կմիավորի Ազնավուրի երկու հայրենիքները՝ Հայաստանն ու Ֆրանսիան, և մեզ էլ կտա հնարավորություն փառավորելու այդ կապերը և շարունակելու երախտապարտ լինել Ազնավուրին սերունդներ շարունակ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ