Հանրահայտ շանսոնյե Շառլ Ազնավուրի գլուխգործոցները դեռ երկար կապրեն։ Այս մասին իր ուղերձում հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, գրում է РИА Новости-ն։
«Լինելով իրական ֆրանսիացի և անշեղորեն կապված լինելով իր հայկական արմատներին` աշխարհահռչակ Շառլ Ազնավուրը երեք սերնդի ուրախության և տխրության ուղեկիցն է եղել», - գրել է Մակրոնը թվիթերյան իր էջում՝ նշելով, որ նրա գլուխգործոցները, նրա ձայնը, փայլն իրենից շատ ավելի երկար կապրեն:
Մակրոնը նաև նշել է, որ Շառլ Ազնավուրին հրավիրել էր Երևան` մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, որի շրջանակներում նա պետք է երգեր:
Profondément français, attaché viscéralement à ses racines arméniennes, reconnu dans le monde entier, Charles Aznavour aura accompagné les joies et les peines de trois générations. Ses chefs-d’œuvre, son timbre, son rayonnement unique lui survivront longtemps.
— Emmanuel Macron (@EmmanuelMacron) 1 октября 2018 г.
Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցավակցական ուղերձում նշվում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, խոր ցավով ստացա Շառլ Ազնավուրի մահվան բոթը. կյանքի 94-րդ տարում մեզանից հեռացել է հայ ժողովրդի մեծագույն զավակներից մեկը:
Դժվար է հավատալ, որ մահացել է մի անձնավորություն, ով կերտել է մի ողջ դարաշրջան, կերտել է պատմություն, կերտել է սեր, և անմնացորդ ծառայել սեփական ժողովրդին, սեփական ժողովուրդներին, որովհետև Շառլ Ազնավուրն ասում էր՝ ես 100 տոկոսով ֆրանսիացի եմ և 100 տոկոսով հայ: Նա 80 տարի իր բեմական գործունեությամբ հիացրել, ջերմացրել և ոգեշնչել է տասնյակ, հարյուր միլիոնավոր մարդկանց՝ բոլոր մայրցամաքներում:
Սա ցավալի, սգալի օր է մեր ժողովրդի և մեր երկրի պատմության համար: Մահացել է Հայաստանի Ազգային հերոսը: Անուրանալի է Շառլ Ազնավուրի ավանդն Անկախ Հայաստանի կայացման ու հզորացման գործում:
Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի անունից իմ խորին վշտակցությունն եմ հայտնում Ֆրանսիայի ժողովրդին, Շառլ Ազնավուրի հարյուր միլիոնավոր երկրպագումներին՝ աշխարհի տարբեր մասերում: Ցավակցում եմ մեզ բոլորիս՝ ամբողջ հայ ժողովրդին:
Սա իսկապես մեծ համամարդկային կորուստ է, որովհետև Ազնավուրը մարդ է, ով ստեղծել է ոչ միայն ազգային, այլև համամարդկային արժեքներ, որոնք երկար տարիներ մարդկությանը կուղեկցեն դեպի սեր ու համերաշխություն՝ այդ արժեքների հիման վրա մարդկանց մղելով դեպի առաքինություն»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը