Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է ահազանգեր այն մասին, որ սեպտեմբերի 13-15-ի ընթացքում ադրբեջանական զինուժերի կողմից դարձյալ գնդակոծվել են Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը: Համապատասխան հրապարակումներ են առկա նաև ԶԼՄ-ներում:
Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տրամադրված տվյալները վկայում են, որ Բաղանիս գյուղում կրակոցներն արձակվել են գյուղի դպրոցի, քաղաքացիական տների ու գյուղ տանող ավտոճանապարհի ուղղությամբ: Ըստ Չինար գյուղին վերաբերող տեղեկությունների՝ վաղ առավոտյան տեղի ունեցած կրակոցների հետևանքով վնասվել է գյուղի մանկապարտեզը, այն պաշտպանող պատը, ինչպես նաև քաղաքացիական բնակիչների տներ:
Կրակոցների պատճառած վնասները գյուղի վարչակազմի իրավասու ներկայացուցչին և բնակիչներին հիմք է տվել եզրակացնելու, որ դրանք արվել են խոշոր տրամաչափի գնդացիրներից և դիպուկահարներից: ՄԻՊ-ի կողմից առաջիկայում կամփոփվի սեպտեմբերի 2-ից սկսած ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի սահմանամերձ գյուղերի գնդակոծությունների առնչությամբ փաստահավաք աշխատանքները: Դրանք արդեն իսկ վկայում են, որ կրակոցներն արվում են գյուղի խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների կյանքի և առողջության համար վտանգավոր եղանակով: Առաջիկայում կհրապարակվի արտահերթ զեկույց, որը կուղարկվի մարդու իրավունքների ոլորտի միջազգային կառույցներին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը